Հայաստան

Իսկ Մենք Կարո՞ղ Ենք

Որեւէ հակադարձում չհետեւեց, ոչ մի բացահայտում չարվեց: Ոչ ոք չհիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ տարածքներից վեցը հայկական վերահսկողության է անցել Հեյդար Ալիեւի իշխանության օրոք:

Վահրամ Աթանեսյան

ASNA վերլուծական կենտրոնի ղեկավար Մեհման Ալիեւը կանխատեսում է, որ արտահերթ ընտրությունների հետ կամ մի փոքր ուշ, բայց ավելի վաղ, քան հայտնի կդառնա, թե ով է Սպիտակ տան հաջորդ տերը, Ադրբեջանում նաեւ սահմանադրական հանրաքվե կանցկացվի: 2025-ը խորհրդարանական ընտրությունների տարի է, եւ ադրբեջանցի փորձագետների մեծ մասի կարծիքով Ալիեւը խնդիր ունի, պատկերավոր ասած, ձեւավորել «պառլամենտական միապետություն»:

Ադրբեջանում փաստացի ալիեւյան իշխանություն է 1969 թվականից, երբ ՊԱԿ-ի հանրապետական կոմիտեի նախագահ Հեյդար Ալիեւն ընտրվել է կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար: Ի՞նչ արեց 1993թ. հունիսի 15-ին ֆորմալ իշխանության վերադարձած Հեյդար Ալիեւը: Ստորագրեց ԱՊՀ Հռչակագիրը, պետական անկախության վերականգնման մասին սահմանադրական ակտի նախաբանից ջնջեց «Ադրբեջանը երկու անգամ՝ 1828 եւ 1920թվականին Ռուսաստանի կողմից օկուպացվել է» ձեւակերպումը, 1990թ. հունվարի 20-ի գիշերը Բաքվում խորհրդային զորքերի գործողությունների առթիվ հարուցված քրեական գործով հետախուզվողների ցուցակից հանեց Եվգենի Պրիմակովի անունը:

Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարին ընդունելուց, արտահերթ նախագահական ընտրությունների մասին հայտարարելուց հետո, Սերբիա ուղեւորվելուց առաջ Իլհամ Ալիեւը շատ խորհրդանշական քայլ արեց. Ռազմական հարցերով իր օգնական, աշխատակազմի բաժնի պետ գեներալ Մահեռամ Ալիեւին ազատեց պաշտոնից եւ նշանակեց Բելառուսում արտակարգ եւ լիազոր դեսպան: Մինսկը ոչ պաշտոնապես համարվում է ԱՊՀ մայրքաղաքը, եւ հետխորհրդային ԱՊՀ-ական երկրները Բելառուսում իրենց դեսպաններին լիազորում են նաեւ ԱՊՀ կանոնադրական եւ այլ կառույցներում դիվանագիտական ներկայացուցչություն իրականացնել:

Բարձրաստիճան զինվորականին Մինսկ դիվանագիտական ծառայության գործուղելու մեջ խորհրդանշական ազդակ կա՞: Ամենայն հավանականությամբ՝ այո: «Մենք չենք ձգտում դեպի Եվրամիություն» – դեկտեմբերի 6-ի բոլոր առումներով ծրագրային ելույթում հայտարարել է Իլհամ Ալիեւը: Սերբիայում նա կարեւորել է Եվրամիության էներգետիկ անվտանգության ապահովման ծրագրին Ադրբեջանի ներդրումը: ASNA-ի տնօրենը, որ, ի դեպ, ընդդիմադիր համարվող «Մուսավաթ» կուսակցության հովանավորյալն է, համոզված է, որ Ալիեւի վերընտրության կամ Ադրբեջանում դինաստիական իշխանափոխության պարագայում Արեւմուտքը մի փոքր կաղմկի, բայց կատարված փաստը կընդունի:

Հոկտեմբերի 8-ի ստեփանակերտյան մենախոսության մի զգալի հատված Իլհամ Ալիեւը նվիրել էր 90-ականների սկզբներին ,,Մուսավաթ,, եւ Ժողովրդական ճակատ կուսակցությունների «ազգային դավաճանությանը» եւ առաջին պատերազմում Ադրբեջանի պարտության պատասխանատվությունը բարդել նրանց վրա: Որեւէ հակադարձում չհետեւեց, ոչ մի բացահայտում չարվեց: Ոչ ոք չհիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ տարածքներից վեցը հայկական վերահսկողության է անցել Հեյդար Ալիեւի իշխանության օրոք:

Իսկ մենք կարո՞ղ ենք լռել, եթե ազգային-պետական շահն է պահանջում: Ոչ միայն չենք կարող եւ չենք կարողանում, այլեւ մեզ թույլ ենք տալիս մամուլում քննարկել, թե 2020թ. հոկտեմբերի 4-ին ո՞վ է տվել «Գյանջան ռմբակոծելու հրամանը»: Մինչդեռ եթե դա անգամ եղել է, ապա խոսքը Գյանջայի ռազմական օդանավակայանի մասին էր: Այդ Ադրբեջանի գլխավոր դատախազության պաշտոնական վարկածով է, որ «Գյանջան հրթիռակոծվել է, ինչի հետեւանքով տասնյակ քաղաքացիական անձինք են սպանվել»…

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *