Պետականության ընթացքը հայտարարելով ըստ էության անիմաստ, ըստ էության ձեւավորվում է մի ահռելի մտածողական, հոգեբանական վակուում, որովհետեւ նախորդը հայտարարելով անիմաստ, անհրաժեշտ է հայտարարել նոր իմաստի մասին: Իսկ նոր իմաստ չկա, որովհետեւ տնտեսական բարեկեցությունը չի կարող լինել պետականության իմաստ:
Հակոբ Բադալյան
Հայաստանի անկախ պետականության երեք տասնամյակի ընթացքը ուղղված է եղել մի անլուծելի խնդրի, ՔՊ անդամների հետ հանդիպմանը հերթական անգամ ասել է Նիկոլ Փաշինյանը, խոսելով արցախյան խնդրի, Արցախի լուծարման անխուսափելիության մասին, որն ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կանխորոշված ընթացքում է հայտնվել առնվազն 2016 թվականից: Մի կողմ թողնենք Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ հերթական գնահատականը, որի ընդհանուր տրամաբանությունն այն է, ինչ Հայաստանի վարչապետը եւ նրա թիմը պարբերաբար կրկնում է 2020 թվականից հետո՝ էապես հակոտնյա դիրքորոշումներ արտահայտելով 44-օրյա պատերազմից առաջ իր ունեցած ելույթների հանդեպ:
Իսկ տրամաբանությունը, որ պատերազմից հետո առաջ է մղվում, այն է, որ Արցախի հարցում տեղի ունեցածը այն ծանր ժառանգությունն էր, որ մնացել էր նախկին իշխանությունից: Հերթական անգամ չմտնենք նախկինների եւ ներկաների փոխադարձ մեղադրանքի դաշտ, երբ ամենկողմ մյուսին է մեղադրում Արցախը հանձնելու համար: Անդրաղառնանք հայտարարություններին, որոնք ըստ էության «խաչ» են քաշում, անիմաստ են գնահատում Հայաստանի երրորդ հանրապետության ընթացքը, այն համատեքստով, որ դրա հիմնական ջանքը եղել է Արցախի պաշտպանությունը, իսկ դա եղել է անհեռանկար գործ եւ միայն հանգեցրել է նրան, որ հանուն այդ խնդրի Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի գերազդեցության ներքո: Իհարկե չի ասվում բառացի այդպես, սակայն խոսվում է շատ թափանցիկ ձեւով: Մի բան պարզ է, որ անկախ պետականության ընթացքը եղել է չափազանց բարդ, այդ պետականությունն իր ձեւավորման եւ հիմնադրման օրից գործել է ծանր պատերազմական, աշխարհաքաղաքական պայմաններում, ստիպված է եղել հաշվի առնել իրողություններ ու հանգամանքներ, որոնք գուցե ցանկալի է, որ չլինեին, սակայն եղել են եւ հետեւաբար պահանջել են անհրաժեշտ մոտեցումներ:
Այդ ընթացքում հաղթահարվել են ծանր խնդիրներ, լուծվել են գրեե անլուծալեի թվացող ռազմական, տնտեսական, դիվանագիտական, սոցիալական հաարցեր: Այժմ, ընդամենը ներքաղաքական նկատառումներից ելնելով այդ ամենի վրա գիծ քաշելն ու այդ ամենը ըստ էության անիմաստ ընթացք հայտարարելը մեղմ ասած առնվազն պարկեշտ չէ այն ռազմական, քաղաքական, տնտեսական, դիվանագիտական գործիչների հանդեպ, որոնցից շատերը անգամ կյանքն են ներդրել Հայաստանի հանրապետության՝ առկա իրողություններով հանդերձ հիմնադրման, ձեւավորման, կայացման, ընթացքի ապահովման համար: Այո, դրան զուգահեռ եղել է նաեւ այդ ամենը քայքայող երեւույթը՝ կոռուպցիան, իր թե ֆիզիկական, թե հոգեբանական ծանրագույն հետեւանքով: Բայց, այդտեղ է եղել բուն խնդիրը, եւ ոչ թե հայկական պետականության բնույթը, տրամաբանությունն ու ընթացքը, ձեւավորված նպատակներն ու դրանց սպասարկմանն ուղղված ջանքերը: Դա ոչ միայն պարկեշտ չէ տասնյակ եւ նույնիսկ հարյուրավոր գործիչների, նրանցից շատերի հիշատակի հանդեպ, այլ վտանգավոր է ներկայումս հանրային հոգեբանության տեսանկյունից:
Պետականության ընթացքը հայտարարելով ըստ էության անիմաստ, ըստ էության ձեւավորվում է մի ահռելի մտածողական, հոգեբանական վակուում, որովհետեւ նախորդը հայտարարելով անիմաստ, անհրաժեշտ է հայտարարել նոր իմաստի մասին: Իսկ նոր իմաստ չկա, որովհետեւ տնտեական բարեկեցությունը չի կարող լինել պետականության իմաստ: Տնտեսական բարեկեցությունը կարող է լինել միջոց՝ պետականության իմաստը պահպանելու, սպասարկելու, պաշտպանելու համար: Սա փոքր ինչ պարզունակացված բնորոշում է, սակայն ամբողջ հարցն էլ այն է, որ պետականության գոյությունն ու իմաստը շատ ավելի բարդ երեւույթ է, պետության ղեկավարի դիրքերից, բայց ներքաղաքական մղումներից ելնելով՝ ներկուսակցական հավաքների ընթացքում պարզունակ եզրահանգումներով նկարագրելու եւ ունայնացնելու համար:
