Ռուսաստանը հենց նույն կերպ պատժում է հայ ժողովրդին, որովհետև հայերն ի վերջո մի կողմ դրին ռուսական հրամանները և սեփական ընտրությունն արեցին: Այստեղ խոսքը չի կարող վերաբերվել Քոչարյանին կամմ Փաշինյանին, այլ ընտրելու ազատության սկզբունքին: Ընդ որում Ռուսաստանը մեզ պատժում է մի բանով, սպառնում է մի բանով, որը մենք վաղուց ենք տեսել ու դիմացել դրան՝ տնտեսական բարդություններ:
Ռուբեն Բաբայան
Factor.TV-ը զրուցել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ: Զրույցն ընթացել է անկախության, պետականության գաղափարի, ազատության, այն ընկալելու և պաշտպանելու մասին:
Ռ. Բաբայանը նշեց, որ Հայաստանի խորհրդայնացումը ոչ բոլորի կողմից է ընդունվել որպես օկուպացիա, հակառակ դեպքում Խորհրդային Հայաստանը չէր կոչվի երկրորդ հանրապետություն, այլ համարժեք գնահատականի կարժանանար: Բայց քանի որ տեղի ունեցածը նորմալ չարժևորվեց, չարժևորվեց նաև անկախությունը: Ի տարբերություն խորհրդային ճամբարի մի շարք երկրների, որոնք մինչև խորհրդայնացումը ունեին անկախություն՝ մեկը հինգ տարի, մյուսը տասը տարի և այլն, նրանք խորհրդային շրջանի ավարտից հետո հայտարարեցին իրենց մինչխորհրդային իրականության վերականգնում, իսկ մենք, բացի մեկ երկու ատրիբուտային գործողություններից, ուրիշ բան չարեցինք: Մենք վերցրինք առաջին հանրապետության դրոշը, զինանշանը, օրհներգ և վերջ: Սահմանափակվեցինք դրանով և անկախացման գործընթացը հենց տեղում կանգնեց:
Ռ. Բաբայանը նշեց, որ հենց այդ պատճառով էլ մենք մինչև հիմա լիարժեք չհասկացանք անկախության ու պետության արժեքն ու նշանակությունը: Հայ ժողովուրդը, ով հերոսաբար դիմացավ անկախացման բարդ իրադրությանը, տնտեսական ծայրահեղ վատ պայմաններին, հետո մոռացավ, թե հանուն ինչի էր ինքը պայքարում, մինչդեռ հենց այդ գիտակցումն էր լինելու այն մեկնարկային կետը, որը թույլ էր տալու կայացնել ու պաշտպանել պետությունը:
Ռեժիսորի կարծիքով ոչ թե անկախ պետությունն է կերտում ազատ քաղաքացու, այլ ազատ քաղաքացին է կերտում անկախ պետություն: Ուրիշի լծի տակ ապրելու սովոր մարդը չի կարող ազատ ու անկախ պետություն ունենալ, որովհետև իր գաղափարում դա չկա:
Խոսելով ազատության և պետության մասին, Ռ. Բաբայանը նաև անդրադարձավ Ռուսաստանին: Այդ երկիրը հարյուրավոր տարիներ ունի անկախություն, բայց չունի ազատ քաղաքացի, ազատ հասարակություն: Ռուսաստանի իշխանությունները երբեք չէին կարողանա անել այն, ինչ հիմա անում են, եթե հանրային լայն աջակցություն կամ գոնե լուռ հավանություն չստանային ժողովրդի մեծ մասից: Ու հենց այս ազատության մերժումն է Ռուսաստանին դրդում հարձակվել իր եղբայր ժողովուրդ ուկրաինացիների վրա, ճնշել հայերին կամ մյուսներին: Ռուսաստանը Զելենսկուն կամ Փաշինյանին չի պատժում, այլ ժողովրդին: Եթե համեմատության համար վերցնենք Հայաստանը և Ուկրաինան, կարող ենք տեսնել, որ 2013թ. եվրաասոցացման շեմին կանգնած Հայաստանը մեկ օրում փոխեց իր ուղղությունն ու անդամակցեց ԵԱՏՄ-ին և հանրային լայն դժգոհություն կամ դիմադրություն չսկսվեց, մինչդեռ Ուկրաինայում երիտասարդությունը դեմ ելավ իշխող վարչակարգին, չցանկացավ նորից համալրել մեկուսացած ուրվական պետությունների շարքը, ինչպիսին Ռուսաստանն է: Եվ Ռուսաստանը հենց դրա համար է պատժում ուկրաինացի ժողովրդին: Այն բանի համար, որ նա իր ընտրությունն է փորձում կատարել, չի ուզում ռուսական ազդեցության տակ մնալ: Ռուսաստանը հենց նույն կերպ պատժում է հայ ժողովրդին, որովհետև հայերն ի վերջո մի կողմ դրին ռուսական հրամանները և սեփական ընտրությունն արեցին: Այստեղ խոսքը չի կարող վերաբերվել Քոչարյանին կամմ Փաշինյանին, այլ ընտրելու ազատության սկզբունքին: Ընդ որում Ռուսաստանը մեզ պատժում է մի բանով, սպառնում է մի բանով, որը մենք վաղուց ենք տեսել ու դիմացել դրան՝ տնտեսական բարդություններ: Տնտեսական այդ դժվարությունները, լոլիկի կամ կարտոֆիլի արտահանման-ներկրման խոչընդոտները…մենք այդ ամենը շատ ենք տեսել, դա մեզ համար նորություն չէ: Եվ եթե մենք ցանկանում են ի վերջո կայացնել սեփական պետությունը, պետք է կարողանանք հասկանալ ազատության անփոխարինելի կարևորությունը: Ոչ միայն պետական մասշտաբով, այլև անձնական մակարդակով, որովհետև ազատ պետություն ստեղծում է այն հասարակությունը, որը բաղկացած է ազատ մտածող մարդկացից:
Ռ. Բաբայանը նաև օրինակ բերեց Վրաստանին: Որքան էլ այդ երկիրը ղեկավարում են ոռւսամետ ուժեր, Վրաստանը չի կարող մերժել դեպի արևմուտք գնացող իր ճանապարհը, որովհետև ժողովուրդն է պահանջում դա, իսկ երբ ժողովուրդն իրոք հասկանում է ինչ է ուզում, ինչու է ուզում, որն է իր նպատակը, որևէ իշխանություն չի կարող դեմ կանգնել դրան: Իսկ Ռուսաստանը պատժում է հենց ու միայն ժողովրդին:
Ամբողջական հարցազրույցը՝