ՄԵՐ ՈՒՂԻՆ

Նոր Տարում՝ Նոր Հայաստան

Մեր ժողովրդի առաջ դրված պարտականությունները և մարտահրավերները ոչ միայն չեն անհետացել, այլև ավելի են շատացել ու խտացել, այնպես, որ մենք բոլորս շատ շատ բան ունենք անելու: Շուտով կավարտվի 2023-ը և 2024-ը մեզ 365 նոր հնարավորություն կտա ինչ որ բան անելու, փոխելու, կանխելու, կառուցելու համար: Թանկ գնահատենք ու իմաստալից օգտագործենք մեր ժամանակը՝ հանուն Հայաստանի Հանրապետության:

Մեր Ուղին

Անցնող տարին հակասությունների տարի էր: Ընդ որում ամեն ինչով: Մենք գրանցեցինք նոր հաջողություններ, ունեցանք անհավատալի դժբախտություններ: 2020-ից սկսված լարվածությունն ու աղետների փունջը դեռևս չի ավարտվել և մտահոգիչ է, որ հաջորդ տարին ևս լի է լինելու անակնկալներով, քանի որ, աշխարհում կատարվող ամենօրյա իրադարձություններն են աղաղակում այն մասին, որ խաղաղության ու հանգստության հույսը միամիտ մի բան է:

«Մեր Ուղին-ը, որ իր ուշադրությունը պահեց ամենակարևոր իրադարձությունների հենց զարկերակին, մշակեց ու ներկայացրեց տասնյակ վերլուծություններ, հոդվածներ, հարցազրույցներ, անդրադարձ կատարեց հայ և համաշխարհային իրողություններին՝ փորձելով տալ սեփական մեկնաբանությունները և հնարավորություն ընձեռեց ընթերցողին անմիջապես տեղյակ լինել Հայաստանում և աշխարհում կատարվող ամենակարևոր իրադարձություններին: Մենք, լինելով ազատ, միաժամանակ անաչառ խոսքի կողմնակիցներ, անցնող տարում փորձեցինք ևս մեկ քար ավելացնել հայաստանյան մամուլի երերուն պատերին և ամրապնդել այն, փորձեցինք լայն հանրությանը ծանոթացնել նույն երևույթի շուրջ գործող տարբեր մոտեցումներին ու կարծիքներին՝ հնարվորություն տալով սեփական տեսակետը զարգացնել, սեփական համոզմունքը կայացնել: Եվ որ ամենակարևորն է, մեր բոլոր նյութերում՝ կարմիր թելի նման դրված է ամենակարևորը՝ պետության գաղափարն ու դրան նպաստող ոգևորությունը: Մենք այս տարի կենտրոնացանք առավելապես Հայաստանի արտաքին ճակատում, փորձելով լայն հանրությանը տեղյակ պահել կատարվող իրադարձությունների մասին, միաժամանակ չանտեսելով նաև ներհայաստանյան գործընթացներն ու դրանց կարևորությունը:

Քաղաքացիական հասարակության կայացումն ու պետականամետ սկզբունքները եղան այն հիմնական թեմաները, որոնց առանցքի շուրջ կենտրոնացավ մեր 2023թ. գործունեության հիմնական նպատակը և դրանք եղան «Մեր Ուղին»-ի կողմից պաշտպանվող հիմնական ուղղությունները: 

Ցավով պիտի նշենք, որ այս տարի հայ ժողովուրդը չկարողացավ մի շարք կարևորագույն հարցերի լուծումները գտնել: Մեզ պատած դժբախտություններից ամենածանրն իհարկե Արցախի վերջնական կորուստն էր՝ իր երկօրյա մարտերով ու ծանր զոհերով, 100 հազարից ավել հայերի բռնի տեղահանությունը, բենզինի պահեստի չաբաստիկ պայթունը, որին զոհ գնացին երկու հարյուրից ավել մարդ: 

Միաժամանակ տարին լի էր մանր ու մեծ այլ փորձանքներով ևս՝ ինչպես օրինակ սահմանային միջադեպերը, որոնք ուղեկցվում էին ցավալի կորուստներով, հայ-ռուսական հարաբերությունների կտրուկ, բայց տրամաբանական վատացումն ու ճահճացումը, քաղաքական դաշտի վերջնական ձևախեղումը, հասարակության անտարբերությունը և օրենսդիր մարմնի բացառիկ անպատասխանատու պահվածքը:

Տարին զարմանալիորեն աշխույժ էր քաղաքական-դիվանագիտական առումով: Այն կարելի է պատմական համարել ՀՀ-Արևմուտք հարաբերությունների տեսակետից: Տասնամյակներով Արևմուտքի հետ զգույշ հեռավորություն պահպանած ՀՀ-ը այս տարի ոչ միայն սերտացրեց կապը Արևմուտքի հետ, այլև հասավ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ հետ ռազմական հարաբերությունների մակարդակ, ինչը էական նշանակություն ունի, եթե ոչ այդ պահին մատակարարվող ռազմամթերքի ու զենքի, ապա գոնե երկխոսության գոյության ու զարգացման առումով, ինչը հնարավորություն է տալիս, որ Հայաստանը կարողանա շփվել ոչ միայն նախկին ԽՍՀՄ ճամբարի, այլև դրանից դուրս գտնվող աշխարհի հետ: Այդ հարաբերությունները Արմուտքի հետ գրգռեցին ռուսական զայրույթը, որի հետևանքով Մոսկվան ոչ մեկ անգամ անդրադարձավ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին՝ հայտարարելով, որ դրանք ենթարկվում են փորձության և մեղավորը Արևմուտքն է: Միաժամանակ Ռուսաստանն այդպես էլ չընդունեց իր հանցավոր անտարբերությունն ու համագործակցությունը ադրբեջանա-թուրքական գործոնների հետ, որին զոհ գնաց նաև հայոց Արցախը:

Ինչ վերաբերում է բանակին, ապա, կարող ենք ասել, որ տարին բավական հաջող կարող ենք համարել: Հայաստանը ոչ միայն մեծացրեց Հնդկաստանից մատակակարվող սպառազինության քանակը, այլև սկսեց ներմուծել նաև ֆրանսիական զենք: Հուսանք, որ այդ միտումը կշարունակվի և Հայաստանը ոչ միայն զենք կներմուծի, այլև կկարողանա բանակի արմատական-գաղափարական հայեցակարգի փոփոխումներ և նորամուծություններ կատարել, որով հայկական բանակը իր էությամբ կսկսի անջատվել խորհրդային հնացած բարոյամեթոդական վիճակից և անցում կկատարի ավելի նոր ու կարևոր մակարդակի, և մենք մոտ ապագայում կունենանք այն բանակը, որտեղ ոչ թե կիշխեն անտերությունը, իմիտացիան և քրեական մտածելակերպը, այլ գաղափարով ու տեխնիկայով զինված պետական կարևորագույն ինստիտուտի կայացման քայլերը կկատարվեն:

Այս տարվա, համաշխարհային մակարդակով անակնկալը արաբա-իսրայելական՝ մինչև օրս շարունակվող պատերազմն է: Այն սպանդը, որ տեղի է ունենում Գազայում, ցույց է տալիս, որ խաղաղ ու լուսավոր ապագա ասվածը դեռևս շարունակում է մնալ երազանք: Գոնե հայերը, պիտի որ ամենից լավ իմանան խաղաղության գինը: Ռուս-ուկրաինական պատերազմը ևս դեռ ավարտված չէ ու շարունակվում է՝ քամելով երկու երկրներին էլ ու շարունակելով տառապանք պատճառել պատերազմի մշտական զոհին՝ սովորական մարդուն:

Մենք ավարտում ենք աշխատանքային տարին և կվերադառնանք 2024թ. հունվարի 5-ին:

Մնում է առողջություն և խաղաղություն մաղթել աշխարհին՝ ցանկանալով, որ գալիք 2024թ. մարդիկ ավելի շատ հիշեն հիմնական արժեքների ու մարդկության մասին, քանի որ աշխարհը, առանց այն էլ շատ է տառապել մինչև օրս: Լիահույս ենք, որ 2024թ. հայ քաղաքական ու հասարակական միտքն ավելի սթափ կլինի, անտարբերությունը կնահանջի՝ իր տեղը զիջելով ողջամիտ պահանջկոտությանը, ռացիոնալիզմին: Հիշենք, որ մեր ժողովրդի առաջ դրված պարտականությունները և մարտահրավերները ոչ միայն չեն անհետացել, այլև ավելի են շատացել ու խտացել, այնպես, որ մենք բոլորս շատ շատ բան ունենք անելու: Շուտով կավարտվի 2023-ը և 2024-ը մեզ 365 նոր հնարավորություն կտա ինչ որ բան անելու, փոխելու, կանխելու, կառուցելու համար: Թանկ գնահատենք ու իմաստալից օգտագործենք մեր ժամանակը՝ հանուն Հայաստանի Հանրապետության:

«Մեր Ուղին»-ը շնորհավորում է համայն հայության ԱՄանորն ու Սուրբ ծնունդը: Բարին ընդ ձեզ:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *