Հայաստան

Երբ Գալիս Է …Ահազանգը

Տարածաշրջանում լարվածությունն աճում է: Փետրվարի 7 –ին Ադրբեջանում՝ արտահերթ, մարտի 17-ին՝ Ռուսաստանում նախագահի հերթական, մարտի 31-ին Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:

Վահրամ Աթանեսյան

Արցախի դեմ պատերազմից մեկ տարի առաջ՝ 2019թ. հոկտեմբերի 11-ին ԱՊՀ Աշգաբադի գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Պուտինի բացման խոսքից հետո առաջին ձայնի իրավունքը տրվեց Իլհամ Ալիեւին, որի ելույթն ամբողջապես կառուցված էր ֆաշիզմի դեմ ԽՍՀՄ պայքարին Ադրբեջանի «մատուցած բացառաիկ ծառայությունների» շեշտադրման վրա, ինչից հետո նա ափսոսանք հայտնեց, որ ԱՊՀ-ում կան երկրներ, որ «հերոսացնում են ֆաշիզմի գործակալներին» եւ կոնկրետացավ, որ Հայաստանի նախկին իշխանությունները Երեւանի կենտրոնում կանգնեցրել են Գարեգին Տեր-Հարությունյանի արձանը, որ «Գերեգին Նժդեհ ծածկանվան տակ ֆաշիստական գեներալ էր»: Ալիեւը շեշտեց, որ Հայաստանի նոր իշխանություններն այդ «արձանն ապամոնտաժելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն անում»:

Հետեւեց Հայաստանի վարչապետի պատասխանը: Նա ասաց, որ Հայաստանում Նժդեհը հերոսացվում է որպես թուրքերի դեմ պատերազմի մասնակից, Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում, որտեղ պատիժ են կրել շատ այլախոհներ, ռուս գրող Սոլժենիցինը ԳՈՒԼԱԳ է տեսել, եւ մենք չենք կարող խորհրդային իշխանությունների կողմից բռնադատվածներին «ժողովրդի թշնամի» անվանել: Մինչ այդ Ալիեւը Ադրբեջանի պետական համալսարանի հարյուրամյակի միջոցառմանը ելույթում խոսել էր Երեւանում Նժդեհի արձանն ապամոնտաժելու «անհրաժեշտությունից»: ԱՊՀ գագաթնաժողովում հարցի վերարարծարծումն ակնհայտորեն համաձայնեցված էր Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ:

Այսօր Բաքվի «Թուրան» գործակալությունը կրկին անդրադարձել է Հայաստանում «ֆաշիզմի հերոսացման» թեմային: Առիթը Նժդեհի արձանի մոտ մի քանի երիտասարդների ակցիան է, ինչին, ըստ Բաքվի լրատվամիջոցի՝ չափազանց «կոշտ պատասխան է տվել Հայաստանում եւ Մոլդովայում Իսրայելի դեսպանը»: Ադրբեջանական լրատվամիջոցը մեջբերել է X սոցիալական ցանցում Իսրայելի դեսպանի գրառման այս տեքստը. «Հայաստանի իշխանությունները պետք է հստակ հանդես գան նացիզմի եւ հակասեմիտիզմի ցանկացած դրսեւորման դեմ»: Ընդսմին, հրապարակման հեղինակն իր կողմից նշում է, որ Իսրայելը «շատ փափուկ դիրք ընդունեց, երբ Երեւանում հրկիզվեց Հայաստանում միակ սինագոգը»:

Կարելի է չնկատելու տալ ադրբեջանական մամուլի հրապարակումը: Ինչպես 2019-ին ոչ ոք չտագնապեց, թե ԱՊՀ գագաթնաժողովում Ալիեւն ինչու՞ է բանավեճ հրահրում Նժդեհի շուրջ կամ ինչու՞ նա մեկուկես ամիս պաուզա պահեց եւ միայն Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո պատասխանեց Նիկոլ Փաշինյանին. «Ղարաբաղը Ադրբեջան է եւ՝ բացականչության նշան»,- բայց «Թուրանի» մեկնաբանը դիտարկումներն ամփոփում է այսպես. «Իսրայելն ինչու՞ էր լռում Հայաստանում ֆաշիզմի ակնհայտ դրսեւորումների դեմ՝ չնայած ադրբեջանական մամուլի բազմաթիվ հրապարումներին, որ աշխարհի աչքերը բացում էին հայկական ֆաշիզմի դիմաց: Հարցը հռետորական է, բայց լիովին կոնկրետ պատասխան տվեց Ադրբեջանը՝ Իսրայելին եւ քաղաքկիրթ մարդկությանը ապացուցելով հայկական ֆաշիզմի սանձման արդարացիությունը»:

Ակնարկն, անկասկած, սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմի մասին է, որի «անխուսափելիությունը» Բաքուն վերջին օրերին սկսել է «հիմնավորել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դեմ նոր ագրեսիան կանխելու անհրաժեշտությամբ»: Ո՞վ է կազմակերպել Նժդեհի արձանի մոտ ակցիան, ո՞վ է փորձել հրկիզել Երեւանում հրեական սինագոգը: Ի՞նչ կապ ունեն այդ ակցիաները Լեռնային Ղարաբաղի խնդրի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների հետ: Ո՞վ է ամանորյա կեսգիշերային Երեւանում «տագնապել» հնդիկների ներկայությունից: Այս «մանրուքներից» է հյուսվում քաղաքականությունը կամ, ավելի ճիշտ, դրանք մշակված ուղեգծի դրսեւորումներ են:

Տարածաշրջանում լարվածությունն աճում է: Փետրվարի 7 –ին Ադրբեջանում՝ արտահերթ, մարտի 17-ին՝ Ռուսաստանում նախագահի հերթական, մարտի 31-ին Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Մարտին նաեւ Իրանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Փորձագետների մեծ մասը դրանք «վճռորոշ նշանակության» է գնահատում: Հայաստանի շուրջ մթնոլորտը բացասական լիցքեր է կուտակում:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *