Հայաստան

Թբիլիսին Որպես Միջնորդ

Փաշինյանը հույս ունի, որ ընտրությունից հետո Ալիեւը կփոխի՞ վերաբերմունքը այդ հարթակների նկատմամբ, թե՞ վերաբերմունքը կփոխի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Փաշինյանի հայտարարությունների եւ ականապատ նոր քարտեզներ տալու որոշման ֆոնին, որոնք տեղի ունեցան Հայաստան՝ Կովկասի հարցերի գլխավոր բանակցող Լ Բոնոյի ու ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարի այցերից հետո:


Հակոբ Բադալյան

Փաշինյանի ակնկալիքը Թբիլիսիում եւ Ռուսաստանի առաջարկը Երեւանին

Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահի ընտրությունից հետո բանակցային գործընթացը կստանա լիարժեք ծավալ, Վրաստանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը աշխատանքային այց էր կատարել Թբիլիսի: Ընդ որում, ուշադրության առարկա է այն, որ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցի շեմին եղավ Հայաստանի ԱԱԾ հայտարարությունը՝ Բաքվին ականապատ 8 նոր քարտեզներ տրամադրելու մասին: Արդյո՞ք այդ ժամանակագրությունը պայմանավորված էր Վրաստան այցով, հաշվի առնելով այն, որ Թբիլիսին Երեւան-Բաքու հաղորդակցության օղակներից մեկն է, որն աշխատել է մի քանի անգամ:

Ի վերջո, հարկ է նկատել, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտնի հայտարարությունից առաջ էլ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարը այցելել էր Թբիլսիի եւ հանդիպել Վրաստանի վարչապետի հետ, որը դրանից մի քանի օր առաջ էլ եղել է Բաքվում: Հնարավո՞ր է, որ հենց Թբիլիսին լինի այն ականապատ քարտեզների փոխանցման խողովակը, որոնց տրամադրման մասին հայտարարեց Հայաստանի ԱԱԾ-ն: Թե՞ այդ խողովակը կլինի հունվարի վերջին սպասվող հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը սահմանին, իսկ Թբիլիսին կարող է լինել քաղաքական բնույթի «փոխանակումների» օղակ: Բոլոր դեպքերում, ժամանակագրությունը ուշադրության արժանի է, եւ թերեւս ոչ միայն այդ մասով:

Նիկոլ Փաշինյանի Թբիլիսի այցին զուգահեռ, ՌԴ ԱԳՆ խոսնակ հայտարարեց, որ Մոսկվան Երեւանին պարբերաբար է փոխանցում իր մոտ բանակցություն կազմակերպելու առաջարկ, եւ վերջինն արել են օրեր առաջ: Զախարովան չի նշել՝ Երեւանը պատասխանե՞լ է, թե՞ ոչ: Հայտնի չէ նաեւ, թե ի՞նչ ժամանակահատվածի համար է արվել «օրերս» փոխանցված առաջարկը՝ Ադրբեջանի նախագահի ընտրությունից առա՞ջ, թե՞ հետո: Ըստ ամենայնի խոսք կարող է լինել հետոի մասին, քանի որ Ադրբեջանի նախագահի ընտրության օրվան մնացել է քիչ՝ մոտ տասն օր ժամանակ, եւ հազիվ թե իրատեսական է մտածել, թե Բաքուն այդ տասն օրերին կմտածի Երեւանի հետ բանակցելու մասին:

Ըստ այդմ, խոսքը թերեւս հենց նախագահի ընտրությունից հետո ժամանակահատվածի մասին է: Իսկ այդ իմաստով, երբ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում բարձրաձայնել է ակնկալիք, որ Բաքվի ընտրությունից հետո կլինի բանակցության լիարժեք ընթացք, արդյո՞ք տարբերություն տեսնում է, թե որ հարթակում կլինի այդ ընթացքը, հատկապես հաշվի առնելով, որ Բաքուն չի գնում արեւմտյան հարթակներ: Փաշինյանը հույս ունի, որ ընտրությունից հետո Ալիեւը կփոխի՞ վերաբերմունքը այդ հարթակների նկատմամբ, թե՞ վերաբերմունքը կփոխի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Փաշինյանի հայտարարությունների եւ ականապատ նոր քարտեզներ տալու որոշման ֆոնին, որոնք տեղի ունեցան Հայաստան՝ Կովկասի հարցերի գլխավոր բանակցող Լ Բոնոյի ու ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարի այցերից հետո:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *