Հայաստան

Պատերազմի Ու Խաղաղության Բաց Խաղ

Կայքի համար`

Համաշխարհային պատերազմը ըստ ամենայնի հավաքում է նոր եւ ավելի մեծ պտույտների թափ: Ավելորդ է խոսել այն իրավիճակի մասին, որ առկա է Մերձավոր Արեւելքում:

Հակոբ Բադալյան

Չինաստանը չի հրաժարվի ուկրաինական հարցում Ռուսաստանին աջակցելուց, չնայած ԱՄՆ ճնշմանը, ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի հետ տեսակոնֆերանսի ընթացքում հայտարարել է Չինաստանի նորանշանակ պաշտպանության նախարար Դոնգ Ջունը: Չինաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը վկայում է, որ դիմակայությունն ուկրաինական ճակատում շարունակվելու է աճող միտումով, չնայած ուշադրոության անկման առերեւույթ դրսեւորումներին: Եվրամիությունը հայտարարել է, որ մինչեւ մարտ Ուկրաինային կփոխանցի խոստացված 1 միլիոն արկերից 600 հազարը, իսկ Եվրահանձնակատար Բորելը հայտարարել է, որ 2024 թվականին Կիեւը կստանա 24 միլիարդ եվրոյի օգնություն: 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը պատասխանելով հարցին, թե որտեղ պետք է անցնի ապառազմականացված գոտու գիծը, որպեսզի ՌԴ սահմանային բնակավայրերը լինեն ապահով, հայտարարել է, որ այդ գիծը պետք է լինի այնքան հեռու, որ ՌԴ բնակավայրերը հասանելի չլինեն հեռահար հրթիռների համար, որ Արեւմուտքը տրամադրում է Կիեւին եւ որոնցով Կիեւը թիրախավորում է բնակավայրերը: Պուտինի հայտարարությունը կարող է նշանակել, որ նախագահի ընտրությունից հետո կամ դրան զուգահեռ ռուսական կողմը կարող է ձեռնարկել ուկրաինական ճակատում հարձակման եւ նոր տարածքներ գրավելուն ուղղված գործողություններ: Օրեր առաջ ամերիկյան մամուլում հրապարակվում էր տեղեկկություն, որ Վաշինգտոնը Կիեւին խորհուրդ է տալիս անցնել խորը պաշտպանության, ինչը թերեւս նշանակում է, որ այս փուլում՝ ուկրաինական հակահարձակման ձախողումից հետո դրվում է խնդիր թույլ չտա տարածքային նոր կորուստներ: 

Միաժամանակ, այսօր հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին ԱՄՆ Ուկրաինային կփոխանցի 150 կմ հեռահարությամբ հրթիռներ: Միով բանիվ, համաշխարհային պատերազմը ըստ ամենայնի հավաքում է նոր եւ ավելի մեծ պտույտների թափ: Ավելորդ է խոսել այն իրավիճակի մասին, որ առկա է Մերձավոր Արեւելքում: Սրանք երկու առանցքային ուղղություններն են, որոնք ուղիղ իմաստով սեղմում են Կովկասի անվտանգության միջավայրը, եւ գործնականում բացառում խաղաղության պայմանագրի կնքման միտված որեւէ կայուն եւ իրական գործընթաց: 

Հայաստանը պետք է խոսի խաղաղությունից, ձեւակերպի խաղաղությունը որպես նպատակ, եւ միեւնույն ժամանակ հենց այդ նպատակը սպասարկելու համար պետք է առավել արագ ու դինամիկ քայլերով բազմապատկի ներքին կարողություններն ու դիմադրունակությունը, համալրի սպառազինության պաշարն ու կազմակերպական կարողությունները, ինչպես նաեւ ձեւավորել քաղաքական որոշումներ կայացնելու միջավայր, այդ ամենին զուգահեռ իհարկե բազմապատկելով դիվանագիտական բազմաշերտ աշխատանքը: Ընդ որում, տրամաբանությունը պետք է լինի այն, որ պաշտպանական կազմակերպական ներքին կարողությունները լինեն դիվանագիտական աշխույժ ջանքի հենք, թույլ չտալով իրավիճակը հասցնել մի կետի, երբ դիվանագիտությունը ստիպված կլինի դառնալ ռազմական գործողությունների թիկունք: 

Զուգահեռ, Հայաստանը թերեւս պետք է աստիճանաբար հրաժարվի իր խաղաղասիրությունն «ապացուցելու» անիմաստ փորձից: Առավել եւս, որ այդ հարցում Երեւանը վաղուց շոշափում է ասպեկտներ, որոնք թերեւս առնվազն ժամանակային վեկտորի իմաստով ավելի շուտ աշխատում են Հայաստանի դեմ, քան խաղաղության օգտին: Ի վերջո, ժամանակակից աշխարհում չկա այդօրինակ ապացույցների անհրաժեշտություն եւ կարիք, քանի որ չկան գերտերությունների համար գաղտնիքներ, խաղաքարտերը ըստ էության վաղուց դասավորված են եւ ընթանում է զգալիորեն բաց խաղ:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *