Հայաստան

Վաշինգտոն-Անկարա-Կիև Հետագիծ

Մոսկվան հրադադար հաստատելու ցանկություն չունի, քանի դեռ չի կարող Կիեւին թելադրել հաշտության իր պայմանները: Փետրվարի 12-ին Ռուսաստանի նախագահը մեկնում է Թուրքիա: Տպավորություն է, որ Միացյալ Նահանգները փորձում է խաթարել Պուտին-Էրդողան համագործակցությունը:

Վահրամ Աթանեսյան

Վաշինգտոն-Անկարա-Կիեւ. Ի՞նչ է «թելում» Նուլանդը

Ես պետք է ասեմ, որ հեռանում եմ միասնականությունից ավելի ոգեւորված եւ Ուկրաինայի համար այս տարվա ռազմավարական բացարձակ նշանակության վճռականությամբ: Ես հեռանում եմ վստահությամբ, որ թեեւ Ուկրաինան ամրապնդում է պաշտպանությունը, բայց պարոն Պուտինին մարտի դաշտում «հաճելի անակնկալներ» են սպաում, եւ Ուկրաինան այս տարի կհասնի շատ ուժող արդյունքների, Կիեւում Ուկրաինայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ բանակցություններից հետո հայտարարել է քաղաքական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը:

Անցյալ շաբաթ Նուլանդն այցելել է Անկարա, որտեղ բանակցություններ է վարել արտաքին գործերի նախարար Ֆիդանի եւ բարձրաստիճան այլ դիվանագետների հետ: Նուլանդը Կիեւ է գործուղվել, երբ մամուլը տեղեկություն տարածեց, որ նախագահ Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել զինված ուժերի գլխավոր հրամանատար Զալյուժնիին: Ունի՞ Զալյուժնին քաղաքական համակիրներ, որ ցանկանում են հասնել հրադադարի եւ բանակցությունների միջոցով կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ հայտնի չէ: Նուլանդի հայտարարությունից հետեւում է, որ նա Կիեւ է մեկնել, որպեսզի հասկանա, թե պատերազմը շարունակելու հարցում ուկրիանական վերնախավը որքանով է միասնական: Նրան, երեւում է, հավաստիացրել են, որ բավարար աջակցության դեպքում Ուկրաինան պատրաստ է ռազմական գործողությունները շարունակել եւ փորձել բեկում մտցնել:

Նուլանդի Կիեւում գտնվելու օրը հարցին, թե շփման ո՞ր գիծն է Ռուսաստանի համար անվտանգության երաշխիք, Վլադիմիր Պուտինը պատասխանել է, որ Ռուսաստանը պետք է ապահովագրված լինի հեռահար հրթիռների հասանելիությունից: Մոսկվան հրադադար հաստատելու ցանկություն չունի, քանի դեռ չի կարող Կիեւին թելադրել հաշտության իր պայմանները: Փետրվարի 12-ին Ռուսաստանի նախագահը մեկնում է Թուրքիա: Տպավորություն է, որ Միացյալ Նահանգները փորձում է խաթարել Պուտին-Էրդողան համագործակցությունը: «Մենք ուշադիր հետեւում ենք Կովկասի իրադարձություններին» -Նուլանդի Անկարա այցից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Միացյալ Նահանգները ձգտում են Թուրքիային լիովին ներգրավել Ուկրաինային աջակցող կոալիցիայի՞ն, թե ավելի բարդ «պարտիա են մշակել«՝ հասնելու ռուս-թուրքական դիմակայության Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում: Չափազանց ուշագրավ է, որ Հունգարիայի եւ Ռումինիայի աջ-ազգայնական ուժերը հրապարակային խոսում են Անդրկարպատների եւ Բուկովիանայի մասին, տարածքներ, որ նախկինում գտնվել են Հունգարիայի եւ Ռումանիայի կազմում: Եվրոպայի աջ-ազգայնական ուժերն ավանդաբար Ռուսաստանի հետ համագործակցության կողմնակից են:

Պուտին-Էրդողան առաջիկա բանակցություններն, ամենայն հավանականությամբ, բավական բարդ են լինելու: Թուրքիան տնտեսական լուրջ դժվարություններ ունի: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Միացյալ Նահանգները խոստանում են Էրդողանին 30 միլիարդ դոլար արտոնյալ վարկ տրամադրել՝ տնտեսության «ճեղքերը մասամբ փակելու« համար: Ռուսաստանը նման հնարավորություն չունի, բայց կարող է ավելի գրավիչ առաջարկություն անել: Եթե Էդողանը եւ Պուտինը համաձայնության չհասնեն, քաղաքական ի՞նչ վարք է դրսեւորելու Իլհամ Ալիեւը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *