Հայաստանը Թբիլիսիի համար մի կողմից չի ունեցել ռազմական գործակցությունը խորացնելու գրավչություն, մյուս կողմից՝ չի պարունակել այնպիսի ռեգիոնալ ուժ եւ աշխարհաքաղաքական ներուժ, որի մտահոգությունից ելնելով Թբիլիսին մտածեր Հայաստանի հետ այդպիսի հարաբերություն կառուցելու մասին:
Հակոբ Բադալյան
Նիկոլ Փաշինյանը հարցնում է, թե Վրաստանն ինչու՞ Հայաստանի հետ չունի այն ռազմական գործակցությունը, որն ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Եվ այստեղ նա «պատասխանը» փնտրում է Հայաստանի «ոչ լեգիտիմ» նպատակներով Անկախության հռչակագրի ու Սահմանադրության «տարածքում»: Եթե սա պարզապես տեղեկատվա-քարոզչական բնույթի գիտակցված նենգափոխում չէ, ապա կմնա եզրակացնել, որ իրավիճակի գնահատման քաղաքական անհամարժեքություն է:
Վրաստանի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանական հարաբերության «տարբերության» պատճառն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը Վրաստանի համար պարունակում են ռազմավարական եւ տակտիկական բնույթի մի շարք սպառնալիքներ ու ռիսկեր, որոնք կառավարելու խնդիրն էլ Թբիլիսիին մղել է նրանց հետ գործակցության, քանի որ հակառակը կարող էր լինել դիմակայությունը, հատկապես այն պայմաններում, երբ կար դիմակայությունը Ռուսաստանի հետ: Վրաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ռազմական գործակցությունը խորացրել է Սահակաշվիլու նախագահությունից հետո, որն ընտրեց Ռուսաստանի հետ առճակատման ուղին եւ այդ պայմաններում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ «խորացումը» երաշխիքն էր, որ նրանք Ռուսաստանի հետ «խորացված» չեն փորձի օգտվել ռուս-վրացական հակադրությունից: Թեեւ, Ադրբեջանն ու Թուրքիան դրանից օգտվել են փափուկ ուժի տեխնոլոգիայով:
Այսինքն, ռազմական խորացված գործակցությամբ կանխարգելելով ուժային տարբերակը, Վրաստանը բացվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջ փափուկ ուժի տարբերակի առումով: Այդ հանգամանքը վրացական ներքին կյանքում մեծապես բարձրացրել է Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցությունը: Հայաստանը Թբիլիսիի համար մի կողմից չի ունեցել ռազմական գործակցությունը խորացնելու գրավչություն, մյուս կողմից՝ չի պարունակել այնպիսի ռեգիոնալ ուժ եւ աշխարհաքաղաքական ներուժ, որի մտահոգությունից ելնելով Թբիլիսին մտածեր Հայաստանի հետ այդպիսի հարաբերություն կառուցելու մասին: Եվ առ այսօր Վրաստանը չունի այդ մոտիվը եւ «մոտիվները», չնայած ընդամենն օրեր առաջ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմանը: Դա է նաեւ պատճառը, որ հայ-վրացական հարցում առ այսօր կա բավականին հարուստ հռետորաբանություն, բայց մեծ հաշվով չկա պարզ, սակայն առարկայական բովանդակություն:
Այդ ամենով հանդերձ, թերեւս մեղմ ասած սխալ մոտեցում է վարչապետի այդօրինակ խոսույթով Վրաստանի հանդեպ Հայաստանի «մեղավորության» կամ «պարտքի» բարդույթ ձեւավորելը: Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունը հույժ կարեւոր ուղղություն է մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, բայց խորքային իմաստով Հայաստանի հետ հարաբերությունը պակաս կարեւոր չէ նաեւ Վրաստանի համար: Հետեւաբար միակողմանի կամ նույնիսկ փոխադարձ «բարդույթների» մասին մտածելու փոխարեն, պետք է միտքն ու ջանքը կենտրոնացնել հարաբերության առարկայական բովանդակություն ձեւավորելու ուղղությամբ:
Հոդվածը՝ 1in.am կայքից։