Արդյո՞ք Հայաստանում գոյություն ունեն կենսական նշանակության կարեւոր հարցերի պատասխանների փնտրտուքի եւ մշակման խորքային ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որոնք ենթակա են ոչ թե առերեւույթ իրողություններից բխող ժամանակակից սոցպահանջներին, այլ Հայաստանի հանրապետության կենսական շահերին:
Հակոբ Բադալյան
Կրկին սպառնալիք. Հայաստանի պատասխանի ծավալն ու ժամանակը
Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունը միմյանց նկատմամբ ունեն պարտավորություններ՝ ներառյալ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման ու անվտանգության ապահովման առումով։ Այդ միտքը փետրվարի 7-ի ճեպազրույցում արտահայտել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան, անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության վերաբերյալ հարցին: Ըստ Զախարովայի, «հույս ունեն, որ Հայաստանի իշխանությունն այդ ամենը հաշվի կառնի ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխության ֆոնին» եւ կկատարի ճիշտ ընտրություն:
Զախարովան նկատի է ունեցել նաեւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հանգամանքը: ՌԴ ԱԳՆ խոսնակի այդօրինակ շեշտադրումներով ճեպազրույցները պարբերական են, ու թվում է, որ այստեղ չկա նոր բան: Հարցն այդուհանդերձ ունի բավականին խորքային դիտարկման անհրաժեշտություն, քանի որ դրանից բխող խնդիրների եւ ռիսկերի հարցում «քաջարի» հայտարարություններն ու գրառումները պատասխան չեն,, առնվազն Հայաստանի խնդիրները լուծելու տեսանկյունից: Անկասկած է, որ Զախարովայի տոնայնության տողատակկում սպառնալիքն է՝ անվտանգության սպառնալիքը: Այստեղ բանաձեւը շատ պարզ է՝ ռուսները այդ սպառնալիքը իրագործելու են Ադրբեջանի ձեռքով՝ Թուրքիայի հետ պայմանավորվածությամբ: Ի՞նչպիսին է այդ ռիսկերը կառավարելու Հայաստանի հնարավորությունըԼ: Ընդ որում, հարցը ունի թե ծավալային, թե ժամանակային պատասխանի անհրաժեշտություն:
Ի՞նչ ծավալ ունենք այդ ռիսսկերին հակազդելու համար, եւ ի՞նչքան ժամանակ՝ թեկուզ անհրաժեշտ ծավալի հասնելու համար: Ինչ խոսք, այսօր զուտ հռետորաբանության դաշտում Ռուսաստանին խիստ պատասխաններ հասցեագրելը դարձել է բավականին տարածված զբաղմունք, իսկ որոշների պարագայում գուցե նաեւ եկամտաբեր, ընդ որում եկամուտ բերող ոչ միայն Ռուսաստանին հակառակորդ կամ մրցակից դաշտերից, այլ նաեւ թերեւս հենց նույն Ռուսաստանից: Բազմիցս ասել եմ, որ այդօրինակ իրավիճակը Մոսկվային տալիս է Հայաստանում հակառուսականության «փաստարկի», հետեւաբար քարոզչական դաշտում իր համար «ալիբիների» հնարավորություն:
Այդ ամենից դուրս սակայն, որքան էլ Ռուսաստանին հասցեագրվող պատասխանները լինեն արդարացված թե զգայական, թե քաղաքական, ռազմա-քաղաքական տեսանկյունից, հարցերի հարցը մնում է հենց դա՝ գոյություն ունեցող սպառնալիքների հակազդման ծավալային եւ ժամանակային հնարավորությունը: Եթե այդ հարցում Հայաստանի ապավենը լինելու է Իրանը, Արեւմուտքը՝ հավաքական, թե առանձին որեւէ երկրի տրամաբանությամբ, ապա դա թերեւս մեծ հավանականությամբ կլինի հայ ժողովրդի եւ Հայաստանի պատմության հերթական մոլորությունը, որն անշուշտ կտա տարատեսակ հռետորաբանության եւ ներքին ու արտաքին մեղադրանքների վերահասցեագրման կամ հասցեագրման նոր ու թարմ առիթ, բայց որեւէ կերպ հետ չի բերի այն կորուստները, որ կունենա Հայաստանը այդ մոլորության համար: Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանում գոյություն ունեն կենսական նշանակության կարեւոր հարցերի պատասխանների փնտրտուքի եւ մշակման խորքային ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որոնք ենթակա են ոչ թե առերեւույթ իրողություններից բխող ժամանակակից սոցպահանջներին, այլ Հայաստանի հանրապետության կենսական շահերին:
Հոդվածը՝ 1in.am կայքից։