Ալիեւի հետընտրական ուղերձը, գուցե, ունի նաեւ արտաքին քաղաքական թիրախ: Այդ կերպ նա, թերեւս, հասկացնում է, որ իր վերընտրությունը չպետք է կասկածի տակ դրվի: Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռախոսազանգը կարելի՞ է համարել համաեվրոպական գնահատականի դրսեւորում: Ըստ երեւույթին՝ այո: Ալիեւի նկատմամբ սկզբունքային ճնշումներ չեն գործադրվելու: Որոշումներ կայացնելիս պետք է ելնել իրողություններից:
Վահրամ Աթանեսյան
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է հատուկ նշանակության զորախմբի տակտիկական ուսումնավարժանքի մասին, որ անցկացվել է մի քանի փուլով: Հատուկ ընդգծվում է, որ այն անցել է «դժվարամատչելի տեղանքում եւ կլիմայական խստագույն պայմաններում»: Հասկացվում է, որ Ադրբեջանը հատուկ նշանակության զորախմբի պատրաստվածության ստուգարք է կազմակերպել Հայաստանի հետ սահմանի բարձրլեռնային հատվածներից մեկում:
Նախագահական արտահերթ ընտրությունները Բաքուն ուղեկցեց «հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր ահաբեկչությունների» ծավալուն քարոզչությամբ: Առանձնապես թիրախավորվեց Ֆրանսիան, որ, իբր, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության «անվան տակ ժանդարմերիայի բարձրաստիճան հրամանատարի միջոցով Ադրբեջանի դեմ լրտեսություն է իրականացրել Ջերմուկի ուղղությամբ»: Մինչ այդ Բաքուն հայտնել էր, որ հատուկ նշանակության զորախումբը «բնակայրի պայմաններում մարտ մղելու զորավարժություն է անցկացրել»:
Ավելի հաճախակի են տեղեկություններ տարածվում, որ օկուպացված Արցախի տարբեր բնակավայրերում «հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք»: Անցյալ աշնանը Բաքվից տեղեկատվական հնարք էր կիրառվել, որ Արցախի «անտառային տարածքներում զինված խմբեր են մնացել»: Մեկ անգամ նույնիսկ լուր հրապարակվեց, որ Ստեփանակերտում «ռուս-ադրբեջանական համատեղ պարեկախումբը ենթարկվել է դիպուկահարի հարձակման»:
Արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո վերստին շրջանառել հատուկ նշանակության զորախմբի «տակտիկական ուսումնավարժանքի» թեման, միայն մի ենթատեքստ ունի. Իլհամ Ալիեւը հասկացնում է, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքով շարունակելու գաղափարն անընդունելի է: Սահմանային սադրանքների հավանականությունն այսպիսով ոչ միայն չի նվազում, այլեւ ակնհայտորեն բարձրանում է:
Ալիեւը հայտարարել է Ադրբեջանի «պատմության նոր դարագլխի» մասին: Նա խոստացել էր, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում կներկայացնի «ազգային նոր գաղափարի» իր պատկերացումները, որ «կլինեն որոշիչ»: Տեղեկատվական հասանելի տիրույթում, սակայն, ոչ միայն բանավեճ չծավալվեց, այլեւ չհրապարակվեցին նաեւ նրա անձնական նկատառումները: Ըստ երեւույթին, աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակի ալիեւյան ընկալումն այն է, որ «երկաթե բռունցքի» խորհրդանշանը «համազգային միասնությանը» վերահասցեագրելու ժամանկը չէ:
Բաքվի իշխանամերձ մամուլի հրապարակումներում գերիշխում է Հայաստանից «սահմանադրական փոփոխությունների ակնկալիքների» նարատիվը: Այդ քարոզչությունը զուգորդվում է ներհայաստանյան բանավեճով, որտեղ գերիշխում է ընկալումը, որ իշխող քաղաքական ուժը «սահմանադրությունը եւ անկախության Հռչակագիրը փոխում է Էրդողան-Ալիեւ զույգի պահանջով»: Հայաստանի հետ սահմանին հատուկ նշանակության զորախմբի պարբերական «ուսումնավարժանքներն» ուժի ցուցադրման դրսեւորումներ են:
Ալիեւի հետընտրական ուղերձը, գուցե, ունի նաեւ արտաքին քաղաքական թիրախ: Այդ կերպ նա, թերեւս, հասկացնում է, որ իր վերընտրությունը չպետք է կասկածի տակ դրվի: Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռախոսազանգը կարելի՞ է համարել համաեվրոպական գնահատականի դրսեւորում: Ըստ երեւույթին՝ այո: Ալիեւի նկատմամբ սկզբունքային ճնշումներ չեն գործադրվելու: Որոշումներ կայացնելիս պետք է ելնել իրողություններից:
Հոդվածը՝ 1in.am կայքից։