Փոխվելու՞ է այդ նարատիվը, եթե Հայաստանը նոր սահմանադրություն ընդունի: Կարծում եմ՝ ոչ, ընդհակառակը: Ալիեւն ավելի է կոշտացնելու դիրքորոշումը, որովհետեւ եթե Հայաստանը ճանաչում է իր «մեղքը» եւ այդ մասին հայտարարում իշխանության մակարդակով, ապա հակառակ կողմը պահանջելու է ոչ միայն ֆորմալ, այլեւ փաստացի «ուղղում»:
Վահրամ Աթանեսյան
Հարց, որից Ալիեւը խուսափում է ինչպես սատանան՝ խունկից
ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը վերստին առաջարկել է հարթակ, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղության բանակցություններ վարեն: Նա ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատման համար Մոսկվան «բացառիկ նյութեր ունի»: Խոսքը, հավանաբար, քարտեզների մասին է, որ կազմվել են ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից: Ռուսաստանի նախագահ Պուտինը դրանք անվանում է «ամենաճիշտը»:
Բայց մի՞թե խնդիրը քարտեզն է: ԽՍՀՄ-ում գծված, միութենական հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված «անձնագրային քարտեզ» նույնիսկ կոլեկտիվ տնտեսություններն են ունեցել՝ քարութփի ճշտությամբ: Արխիվներում դրանք հաստատ պահպանվում են եւ քաղաքական կամքի առկայության դեպքում կողմերը կարող են սեղանին դնել կոլտնտեսությունների «կադաստրի թուղթն» ու սահմանել, թե որն է Հայաստանի Տեղ եւ Ադրբեջանի Զաբուխ համանյնքների տարածքը: Եւ այդպես՝ Նոյեմբերյանի Բարեկամավանից մինչեւ Զանգելանի Աղբենդ:
Խնդիրն իրավաքաղաքական է: Հայաստանի անկախության Հռչակագիրը պարզորոշ սահմանում է, որ «ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ՝ ՀՀ»: Այս իմաստով Հայաստանի տարածքն այն է, ինչ ԽՍՀՄ կազմում ուներ Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետությունը: Ադրբեջանը հռչակվել է որպես 1918-20 թվականներին գոյություն ունեցած Դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ: Ալիեւն ասում է, որ «բոլշեւիկները Զանգեզուրը նվիրել են Հայաստանին» – սահմանազատման միակ խոչընդոտն այս հայտարարությունն է:
Փոխվելու՞ է այդ նարատիվը, եթե Հայաստանը նոր սահմանադրություն ընդունի: Կարծում եմ՝ ոչ, ընդհակառակը: Ալիեւն ավելի է կոշտացնելու դիրքորոշումը, որովհետեւ եթե Հայաստանը ճանաչում է իր «մեղքը» եւ այդ մասին հայտարարում իշխանության մակարդակով, ապա հակառակ կողմը պահանջելու է ոչ միայն ֆորմալ, այլեւ փաստացի «ուղղում»: Բաքվի անընդհատ, անընդմեջ շեշտադրումը, որ Հայաստանը «երեսուն տարի օկուպացրել էր Ադրբեջանի տարածքները եւ հեռանալու մտադրություն չուներ»՝ տարածքային հավակնությունների դրսեւորումներ են:
Նախկին արտգործնախարար Զուլֆուգարովն, օրինակ, ընդունում է, որ եղել է հայ-ադրբեջանական սահման, բայց «այն դադարել է օրինական լինել, քանի որ Հայաստանը 1992թվականին խախտել է՝ օկուպացնելով Լաչինը»: Սա է Ադրբեջանի դիրքորոշումը, Զուլֆուգարովը հնչեցնում է այն, ինչ Ալիեւը դեռ իրեն թույլ չի տալիս: «Կույր» պետք է լինել՝ չտեսնելու համար, որ հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում Բաքվի մոտեցումների ամպլիտուդը կապված է ռուս-ուկրաինական պատերազմում իրավիճակի հետ: Այսօր «թամբի վրա» Պուտինն է եւ ռուսաստանյան մամուլն օգտագործում է «նախկին Ուկրաինա» ձեւակերպումը: Ալիեւի «Արեւմտյան Ադրբեջանը» Պուտինի «Նովոռուսիայի» հայելային պատկերն է:
Այս իմաստով Արեւմուտքի հետ Ալիեւի ,,դիմակայությունը,, Հայաստանի համար լուրջ ռեսուրս չէ: Ավելին, կարող է մարտահրավեր լինել, որովհետեւ Ալիեւն այդ դեպքում վերածվում է «գլոբալ պայմանավորվածության կողմի»: Ո՞րն է 1992թ. ՄԱԿ-ին անդամակցած Ադրբեջանը: Ադր.ԽՍՀ-ի տարա՞ծքն է նրա իրավազորության սահմանը: Ելակետայինն այս հարցի պատասխանն է, որից Ալիեւը խուսափում է: Ինչպես սատանան՝ խունկից:
Հոդվածը՝ 1in.am կայքից։