Հաշվի առնելով Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի մեղմ ասած զգուշավոր եւ խոնարհ քաղաքականությունը, ինչն արտահայտվեց օրինակ նաեւ նախորդ տարի սեպտեմբերին Արցախում ռուս խաղաղապահների գնդակահարության միջադեպով, բոլորովին զարմանալի չի լինի, եթե վայրագության հեղինակը պարզապես փոխանցվի Ադրբեջանին:
Հակոբ Բադալյան
Մոսկվան կհանձնի՞ ադրբեջանցի վայրագին Հայաստանին
Տեղեկություն է տարածվել, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի Գլխավոր դատախազության հարցմամբ ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Քյամալ Զեյնալովը (Զեյնալլի: Նա հայտնի է նրանով, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Ալլահ Աքբար» բղավոցներով Արցախում դանակով կտրել է հայ ծերունու կոկորդը: Ադրբեջանցիներն այդ սարսափելի կադրերը տարածել էին իրենց տելեգրամյան ալիքներով, արժանացնելով հազարավոր հավանումների:
Տարօրինակ է՝ իհարկե, որ Մոսկվայում ադրբեջանցու են ձերբակալում ՀՀ դատախազության հարցման հիման վրա: Եթե սա պարզապես իրավական «թյուրիմացություն» է, ապա ռուսական կողմը թերեւս շատ արագ ազատ կարձակի ձերբակալված ադրբեջանցուն, գտնելով որեւէ իրավական «բացատրություն»: Իհարկե դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր բացատրություն գտնել այն վայրագությանը, որ արտահայտված է անգամ հենց վայրագության հեղինակի տարածած տեսագրությամբ: Բայց, հաշվի առնելով Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի մեղմ ասած զգուշավոր եւ խոնարհ քաղաքականությունը, ինչն արտահայտվեց օրինակ նաեւ նախորդ տարի սեպտեմբերին Արցախում ռուս խաղաղապահների գնդակահարության միջադեպով, բոլորովին զարմանալի չի լինի, եթե վայրագության հեղինակը պարզապես փոխանցվի Ադրբեջանին:
Իսկ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, այդօրինակ վայրագներին դարձնում է «ազգային հերոս»: Ընդամենը օրեր առաջ լրացավ հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարման զարհուրելի ոճրագործության 20-րդ տարելիցը: Այդ սահմռկեցուցիչ ոճրագործության հեղինակ Սաֆարովին Ադրբեջանը դարձրեց հերոս: Այդպիսով, բացառված չէ, որ Մոսկվայում ձերբակալվելը Զեյնալովի համար էլ «հերոսության» ճանապարհի սկզբին է միայն: Առավել եւս, որ Ռուսաստանը հայտարարել է Ադրբեջանի հետ ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարաձգման հարցեր քննարկելու մասին: Ըստ ամենայնի, ադրբեջանցին ձերբակալվել է սակարկության համար: Իհարկե, հնարավոր է դիտարկել գուցե սցենար, երբ նա կհանձնվի Հայաստանին, քանի որ ձերբակալվել է ՀՀ գլխավոր դատախազության հարցման հիման վրա: Բայց, հաշվի առնելով մի շարք իրողություններ, այդօրինակ սցենարը թվում է չափազանց տեսական:
Հոդվածը՝ 1in.am կայքից։