Հայաստանը տարիներ շարունակ պաշտպանական մասնակցություն է ունեցել Եվրամիության անվտանգության հարցում նշանակություն ունեցող այդ գոտում խաղաղապահ առաքելությանը: Միեւնույն ժամանակ, Հայաստանն անվտանգության սպառող չէ անգամ առանց դրա էլ:
Հակոբ Բադալյան
Երեւանն ի՞նչ է առաջարկում Եվրամիությանը. Հայաստանը սպառող չէ
«Մենք չենք ցանկանում հանդիսանալ միայն անվտանգության սպառող և այդ կոնտեքստում ՀՀ-ն Բրյուսելին հայտնել է, որ պատրաստ է ներդրում ունենալ ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության քաղաքացիական առաքելություններում», հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը: Նկատի է առնվում թերեւս այն, որ Հայաստանը ոչ միայն դիմել է Եվրամիությանն իր անվտանգության ապահովմանն աջակցելու համար, այլ պատրաստ է մասնակցել համանման այլ առաքելությունների, որ կիրականացնի Եվրամիությունը այլ գոտիներում: Հարց է առաջանում՝ ԵՄ-ն ունի՞ այլ տեղերում այնպիսի առաքելություններ, ինչպիսին Հայաստանում: Համենայն դեպս, այդ մասին կարծես թե հայտնի չէ:
Հայտնի է, որ Եվրամիության դիտորդական առաքելություն կա Վրաստանում՝ վրաց-օսական պատերազմից ի վեր: Բայց, հազիվ թե Երեւանը դիտարկի դրանում ներգրավվելու հնարավորությունը: Մյուս կողմից, հնարավոր է նաեւ, որ Հայաստանի հայտը չունի կոնկրետ ուղղություն, այլ Երեւանը պարզապես փորձել է դրանով արտահայտել Եվրամիության հետ «առավելագույնս մերձենալու» այն մտադրությունը, որ բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանը: Այստեղ սակայն հարկ է թերեւս ուշադրության արժանացնել ձեւակերպումները:
Հայաստանը անվտանգության սպառող չէ, եթե խոսքը վերաբերում է Եվրամիության հետ հարաբերակցությանը: Մինչ Հայաստանում Եվրամիության առաքելությունը, Հայաստանը տարիներ շարունակ խաղաղապահ առաքելություն է իրականացրել Կոսովոյում՝ մասնակցելով ՆԱՏՕ կոնտինգետնի ծառայությանը: Իհարկե այդտեղ ԵՄ ձեւաչափը չէ, բայց՝ Եվրամիության անվտանգությունն է, եւ Հայաստանը տարիներ շարունակ պաշտպանական մասնակցություն է ունեցել Եվրամիության անվտանգության հարցում նշանակություն ունեցող այդ գոտում խաղաղապահ առաքելությանը: Միեւնույն ժամանակ, Հայաստանն անվտանգության սպառող չէ անգամ առանց դրա էլ:
Հայաստանը 2017 թվակկանին ԵՄ հետ ստորագրել է համապարփակ գործակցության համաձայնագիրը, որի միջոցով հռչակել է հավատարմությունը եվրոպական արժեհամակարգին, եվրոպական արդիականության գաղափարներին: Այդ հանգամանքը վավերացված է նաեւ ԵՄ ստորագրությամբ ու կնիքով՝ 28 անդամների հավանությամբ: Այլ կերպ ասած, ապահովելով իր անվտանգությունը զբաղվելով իր անվտանգության հարցով, Հայաստանը ըստ էության կամա, թե ակամա ներգրավված է եվրոպական անվտանգության աշխատանքին: Ավելին, Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանում է ելնելով հենց եվրոպական անվտանգության տրամաբանությունից, այլ ոչ թե բարեգործական մղումներով: Ահա այդ առումով, Հայաստանը սպառող չէ, հետեւաբար չունի «սպառողական պարտք» եւ չպետք է ունենա «սպառողի բարդույթ»:
Հոդվածը՝ 1in.am կայքից։