Հայաստան

Վտանգավոր Ակնարկներ

Պուտինը համաձայն է, թե ոչ, դա հարցի մյուս կողմն է: Հարցի կարեւոր կողմն այն է, թե ինչ է անելու, եթե համաձայն չէ: Այսինքն, կարո՞ղ է զսպել ապակայունացման վրա Թուրքիայի խաղադրույքը: Իսկ այստեղ պատասխանները մեղմ ասած բազմազան չեն:

Հակոբ Բադալյան


Պուտինը չի անի, իսկ Էրդողա՞նը. Մակրոնի առաջարկի «գաղտնիքը»

Մոսկովյան ահաբեկության առնչությամբ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունը արժանացավ քիչ ուշադրության: Բայց այն թերեւս առանցքային է անցնող օրերի, այսպես ասած հետահաբեկչական իրողությունների համատեքստում: Ըստ Էրդողանի գրասենյակի, ցավակցելով ու դատապարտելով, Թուրքիայի նախագահը Պուտինին ասել է, թե ահաբեկությունը ցույց է տալիս ռեգիոնում խնդիրները հնարավորինս արագ խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:

Ուշադրության է արժանի, որ Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ չկա այդպիսի շեշտադրում եւ խոսք: Այսինքն, ռուսական կողմը դա չի համարել կարեւոր, առնվազն շեշտադրման իմաստով: Ի՞նչ է նշանակում դա: Թերեւս նշանակում է, որ Մոսկվան չի ընդունել Թուրքիայի որեւէ առաջարկ, որը վերաբերում է ռեհիոնալ հակամարտություններին: Պետք է հասկանալ, թե հատկապես ո՞ր ռեգիոնին կարող էր վերաբերել առաջարկը, եթե հաշվի առնենք, որ դրանց թիվը բավականին շատ է՝ որտեղ Մոսկվան ու Անկարան ունեն հետաքրքրություններ եւ աշխատանքի դաշտ:

Մյուս կողմից, որ ռեգիոնին էլ դա վերաբերի, կասկածից վեր է, որ ազդեցությունը լինելու է նաեւ մյուս բոլոր ուղղություններով, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն շահեր, որոնք հաճախ համընկնում են, հաճախ՝ բախվում: Արդյո՞ք Մոսկվան չի կարողանում Անկարային ներել Շվեդիայի անդամությունն ու Ազովի հրամանատարներին Ուկրաինային հանձնելը: Թե՞ պարզապես «օբյեկտիվորեն սպառվել է ռուս-թուրքական համաձայնությունների հերթական շրջափուլի լիմիտն ու կողմերի միջեւ առաջացած լարվածությունն ու սառնությունը ոչ թե ինչ որ անհամաձայնությունների կամ նեղացածությունների, անվստահությունների, այլ պարզապես այդ «լիմիտի» սպառման հետեւանք է, այսինքն՝ սկզբունքային համաձայնությունները եղել են, բայց այլեւս չկա առաջ գնալու տարբերակ եւ գալիս է ռուս-թուրքական հարաբերության տեղատվության փուլը:

Իսկ դա թերեւս պակաս վտանգավոր չէ, քան մակընթացությունը: Ըստ ամենայնի, նաեւ դրա զգացումն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունական Kathimerini օրաթերին հարցազրույցի հնարավորությունն օգտագործել է Թուրքիայի հետ հարաբերության թեմայի վերաբերյալ որոշակի ազդակներ փոխանցելու համար: Բանն այն է, որ տեղատվության պայմաններում, Անկարան Ռուսաստանին նոր համաձայնությունների դաշտ բերելու համար կարող է խաղալ այսպես ասած ապակայունացման վրա, հատկապես, որ Էրդողանի ակնարկը Պուտինին ակնհայտորեն ունի այդ տողատակը:

Պուտինը համաձայն է, թե ոչ, դա հարցի մյուս կողմն է: Հարցի կարեւոր կողմն այն է, թե ինչ է անելու, եթե համաձայն չէ: Այսինքն, կարո՞ղ է զսպել ապակայունացման վրա Թուրքիայի խաղադրույքը: Իսկ այստեղ պատասխանները մեղմ ասած բազմազան չեն: Ռուսաստանը ակնհայտորեն չունի ներկայիս դիմակայության ռեժիմը էապես ավելացնելու մտադրություն, ինչի վկայությունն էր այն ուղերձը, որ Պուտինն ունեցավ ահաբեկությունից հետո: Դա ըստ էության ուղերձ էր այն մասին, որ չնայած սասափելի հարվածին, նա չի պատրստվում անել առկա իրողություններից տարբերվող կտրուկ շարժումներ: Եվ սա է հարց սրում, թե արդյո՞ք կտրուկ շարժումներ կանի Թուրքիան՝ Ռուսաստանին նոր համաձայնություններ պարտադրելու համար: Դրա՞ համար է Ռուսասանին հակաահաբեկչական պայքարի հարցում գործակցությունը ամրապնդելու կոչ անում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3402731.html

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *