Հայաստան

Բաքվի Էկոլոգիական Ռումբը

Ադրբեջանը հսկայածավալ «ջրային ագրեսիա» իրականացնելու համար սեփական միջոցներ չունի: Ամենայն հավանականությամբ, այդ հարցում էլ օրակարգ է բերվելու «օկուպացիայից տուժած երկրի» թեման, որպեսզի գտնվեն դոնորներ: Կա՞ն նման քննարկումներ՝ պատկան մարմինները, միջազգային կառույցներում Հայաստանի ներկայացուցիչները պետք է փորձեն պարզել։

Վահրամ Աթանեսյան

Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում

Ադրբեջանում խմելու ջրի խնդիրը չափազանց սուր է: Իլհամ Ալիեւի կարգադրությամբ հանձնարարված է Ապշերոնի թերակղզում կառուցել Կասպից ծովից ջրազտման գործարան, որ պետք է ապահովի, ենթադրաբար, Սումգայիթ քաղաքի եւ Բաքվի ավանների խմելու ջրի կարիքները: Մասնագետների հաշվարկով՝ Ադրբեջանի ամենախոշոր՝ Մինգեչաուրի արհեստական ջրամբարից կլիմայի փոփոխության պատճառով տարեկան մոտ երկու միլիարդ խորանարդ մետր քաղցրահամ ջուր է գոլորշիանում: Որոշ աղբյուրներ ակնարկում են իսրայելական փորձն ընդօրինակելու եւ արհեստական տեղումների միջոցով ջրային պաշարները համալրելու մասին, բայց դա պահանջում է ահռելի ներդրումներ:

Խնդիրը կարելի էր համարել բացառապես այդ երկրի ներքին գործ, եթե մի քանի ամիս առաջ Բաքվում ստեղծված չլիներ Կուր-Արաքսի ավազանի ջրային պաշարների ուսումնասիրության եւ բնապահպանական համալիր միջոցառումների մշակման աշխատանքային խումբ: Ընդ որում, այդ նախագիծն իրականացվում է Թուրքիայի հետ համագործակցությամբ: Բաքվի մամուլը գրում է ջրամբարների կառուցման ծրագրի մասին, որ կառավարությունը դեռեւս քննարկում է: Ուշադրություն է գրավում «մասնագետների» այն տեսակետը, որ «երեսնամյա օկուպացիայի հետեւանքով բնությանը մեծ վնաս է հասցվել, Թարթառի, Խաչենի եւ Հակարիի ջրային պաշարները կրճատվել են ավելի քան տասնհինգ տոկոսով»:

Ըստ իշխող տեսակետի, սխալ է, երբ արհեստական ջրամբարներ են կառուցվում հարթավայրերում: Ադրբեջանցի «մասնագետները» խորհուրդ են տալիս «ազատագրված տարածքների նախալեռնային գոտիներում ջարմբարների փոխկապակցված ցանց ստեղծել»: Ինչի՞ մասին է խոսքը՝ կարելի է միայն ենթադրել: Արցախի օկուպացված բնակավայրերը հատկապես Մարտակերտի շրջանում գտնվում են Թարթառ եւ Խաչեն գետերի հովիտներում: Եթե Բաքվում որոշեն նախալեռնային գոտիներում ջրամբարների փոխկապակցված ցանց կառուցել, ապա տասնյակ հայկական գյուղեր պարզապես կմնան ջրի տակ՝ իրենց ենթակառուցվածքներով եւ պատմա-մշակութային հուշարձաններով:

Ամենեւին էլ պատահական չէ, որ Բաքվի ,,մասնագետներն,, առաջին հերթին նշում են Թարթառ եւ Խաչեն գետերի ջրային պաշարներն օգտագործելու կարեւորությունը: Ադրբեջանն արդեն իսկ տասը փոք հէկ է կառուցել Թարթառի վրա: Դեռեւս խորհրդային շրջանում է ծրագրված եղել Թարթառի հաշվին ապահովել Կիրավաբադի (Գանձակ-Գյանջայի) խմելու ջրի կարիքները: Ենթադրվում է, որ Բաքուն ծրագրում է յուրացնել Արցախի բոլոր քաղցրահամ ջրերը՝ կառուցելով արհեստական ջրամբարներ: Դրանք կարող են նաեւ զբոսաշրջային նշանակություն ունենալ: Խորհրդային վերջին շրջանում Բաքուն ծրագրել էր Սարսանգի ջրամբարի հարակից բոլոր տարածքները վերածել արգելոցի:

Ըստ երեւույթին, ջրային պաշարների սղության թեման մամուլ է բերվել Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովի նախապատրաստման շրջանակներում: Ադրբեջանը փորձելու է Արցախի քաղցրահամ ջրերի յուրացման իր ծրագրին միջազգային լեգիտիմություն տալ այդ խորհրդաժողովի ամփոփիչ փաստաթղթում: Գերխնդիր է գործի դնել դիվանագիտական ողջ գործիքակազմը, որպեսզի Բաքվի «ջրային ագրեսիան» միջազգային աջակցություն չգտնի: Կլիմայի հարցերով խորհրդաժողովում, որքան հասկացվում է, պետք է ստեղծվի հիմնադրամ՝ շուրջ 100 միլիարդ դոլար գումարով:

Բաքվի մամուլի հրապարակումներից, փորձագետների հնչեցրած ենթատեքստային ակնարկներից հասկացվում է, որ Ադրբեջանը հսկայածավալ «ջրային ագրեսիա» իրականացնելու համար սեփական միջոցներ չունի: Ամենայն հավանականությամբ, այդ հարցում էլ օրակարգ է բերվելու «օկուպացիայից տուժած երկրի» թեման, որպեսզի գտնվեն դոնորներ: Կա՞ն նման քննարկումներ՝ պատկան մարմինները, միջազգային կառույցներում Հայաստանի ներկայացուցիչները պետք է փորձեն պարզել: Ըստ երեւույթին, հարկ է, որ թեման բարձրացնեն Արցախից բռնատեղահանված բնակչության ներկայացուցիչները: Ջրային պաշարների յուրացումը նշանակում է վերադարձի համար անտանելի պայմանների ստեղծում:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3403178.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *