Հասկանալի է, որ Ռուսաստանն իր կայսերական մասշտաբով իրականացնում է ժամանակի ու տարածության բոլորովին այլ չափում, ըստ այդմ խնդիրների ու նպատակների առաջնահերթության այլ համակարգ, որը մեխ դիտանկյունից կարող է պատկերանալ մի կերպ, Կրեմլի որոշումների կայացման կենտրոնից՝ բոլորովին այլ, բայց դրանից իհարկե որեւէ կերպ չի փոխվում կովկասյան քաղաքականության տապալումը։
Հակոբ Բադալյան
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերրգեյ Լավրովն իր հերթական հարցազրույցում հերթական հայտարարություններն է արել Հայաստանի, Արցախի առնչությամբ, որում կրկնել է արդեն ըստ էության բավականաչափ կրկնված եւ հայտնի մտքերը: Դրանք մի կողմից իհարկե կարեւոր են դիտարկման եւ հասկանալու համար, թե ինչ է կատարվել Հայաստանի շուրջ, ինչ քաղաքականություն է վարել Հայաստանը, որտեղ են հարցերը, որտեղ՝ պատասխանները, մյյուս կողմից սակայն այդ քննարկումներն իհարկե պետք է պարունակեն այլ, ավելի խորքային ելակետեր, քան Լավրովի հայտարարություններն ու հարցազրույցները:
Որովհետեւ դրանք ըստ էության արդեն պարզապես վկայում են Սերգեյ Լավրովի եւ նրա «գրասենյակի» անփառունակ տապալումը Հայաստանում եւ Կովկասում: Սերգեյ Լավրովն անկասկած բազմափորձ դիվանագետ է, անշուշտ հաջողությունների եւ վրիպումների մեծ «քեյսով»՝ իր նախարարական գործունեության 20 տարիների ընթացքում, բայց Կովկասի առնչությամբ նրա գործունեությունը ոչ թե հաջողությունների եւ անհաջողությունների, այլ պարզապես ձախողման պատմություն է, ինչի հետեւանքն է նաեւ այն, որ Ռուսաստանը Կովկասում եւ Հայաստանում այսօր լուծում է որեւէ կերպ, եւ հիմնականում Թուրքիայի ու Ադրբեջանի պայմանները կատարելով մնալու խնդիրներ եւ հարցեր:
Ընդ որում, դրանք լուծում է իր՝ առնվազն փաստաթղթային դաշնակից Հայաստանի շահերի ու անվտանգության հաշվին, դրանք լուծում է ըստ այդմ իր պետական եւ անգամ մեծապետական արժանապատվության հաշվին: Հասկանալի է, որ Ռուսաստանն իր կայսերական մասշտաբով իրականացնում է ժամանակի ու տարածության բոլորովին այլ չափում, ըստ այդմ խնդիրների ու նպատակների առաջնահերթության այլ համակարգ, որը մեխ դիտանկյունից կարող է պատկերանալ մի կերպ, Կրեմլի որոշումների կայացման կենտրոնից՝ բոլորովին այլ, բայց դրանից իհարկե որեւէ կերպ չի փոխվում կովկասյան քաղաքականության տապալումը, որի առաջնային պատասխանատուներից մեկը Սերգեյ Լավրովն է իր գրասենյակով: Իսկ այդ տապալման բուն պատճառը Հայաստանի հանրապետության հանդեպ քաղաքականության ձախողումն է, այն քաղաքականության, որի «փիլիսոփայությունը» արտահայտել է Լուկաշենկոն՝ «դե ուր պետք է գնան նրանք»:
Եվ հարցը բոլորովին այն չէ՝ Հայաստանը «գնալու» տեղ ունի, թե ոչ: Դրանք բարդ հարցեր են: Բայց, հարցը, բուն խնդիրն այն է, թե ո՞վ ունի «գալու» տեղ՝ Կովկաս գալու տեղ: Հիմա պարզապես ռուսական կողմը, եւ այդ շարքում ամենից ակտիվը հենց Սերգեյ Լավրովը, փորձում է սեփական քաղաքականության ձախողումը վերագրել Հայաստանին, բարդել Հայաստանի վրա, եւ որքան ակտիվ են այդ փորձերը, այնքան տեսանելի է ոչ թե այդ փորձի հաջողությունը, այլ իրենց խորքային եւ համակարգային ձախողումն ու տապալումը: Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունից հետո սպասվում է ներիշխանական վերադասավորումների շարք: Լավրովը լինելու՞ է այդ շարքում, թե՞ ոչ: Բայց այստեղ անշուշտ հարցը Լավրովը չէ արդեն, այլ այն, թե Ռուսաստանն ի՞նչ ունի «Լավրովից բացի»:
Հոդվածը՝ 1in.am կայքից։