Ֆրանսիան տագնապնե՞ր ունի Սյունիքի առնչությամբ, չնայած հանգամանքին, որ ուշադրության ահռելի մասը այսօր կենտրոնացած է Տավուշի ուղղությամբ։
Հակոբ Բադալյան
Իրա՞նն էր Ֆրանսիայի դեսպանին «տարել» Սյունիք
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին նախօրեին այցելել է Սյունիքի մարզ: Այցից առաջ դեսպանը գրառում էր արել եւ անսովոր «բաց» գնահատական տվել Սյունիքին, որակելով Հայաստանի ռազմավարական նշանակության եւ «խոցելի» մարզ: Մարզում դեսպանը առնչվել է տարբեր ծրագրերի, որ իրականացվում են ֆրանսիական աջակցությամբ կամ մասնակցությամբ: Ուշադրոության է արժանի նաեւ հանգամանքը, որ դեսպանը այցից առաջ արված գրառման մեջ այսպես ասած նպատակների շարքում արձանագրել էր Հայաստանի տարածքային ամբողջությունը:
Ֆրանսիան տագնապնե՞ր ունի Սյունիքի առնչությամբ, չնայած հանգամանքին, որ ուշադրության ահռելի մասը այսօր կենտրոնացած է Տավուշի ուղղությամբ: Համենայն դեպս, Հայաստանի հասարակական-քաղաքական դիսկուրսի ծանրության կենտրոնն այսօր Տավուշն է, նաեւ Հայաստանի հանդեպ միջազգային ուշադրության կենտրոնը: Այդ ֆոնին, Ֆրանսիայի դեսպանը «հանկարծ» որոշում է ուշադրություն կենտրոնացնել Սյունիքի ուղղությամբ, մարզը որակելով «խոցելի»: Փարիզն ինչ որ բան է սպասում կամ հուշու՞մ Երեւանին: Տարածքային ամբողջության հանգամանքի շեշտադրումը տալիս է նույն դեսպանի՝ շաբաթներ առաջ տված մի հարցազրույց, որտեղ նա խոսում է Հայաստանի տարածքային ամբողջության հարցոււմ Ֆրանսիայի եւ Իրանի մոտեցումների ընդհանրության մասին:
Իրանն այսօր համաշխարհային ուշադրոության առանցքում է՝ Դամասկոսում իրանական դեսպանատանը հասցրած Իսրայելի հարվածի, ինչպես նաեւ դրանից հետո սպասվող պատասխանի շրջանակում: Իսկ այդ հարցերի համատեքստում խոսվում է նաեւ Կովկասի մասին, մասնավորապես, որպես Իրանի թիկունք: Որեւէ գաղտնիք չէ, որ այն դիտարկվում է Իրանի դեմ հարվածային առանցքային պլացդարմ, իսկ առիթը՝ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը: Արդյո՞ք այդ հարցն էր տարել Ֆրանսիայի դեսպանին Սյունիք, ի դեպ, նկատենք՝ Նորքին Խնձորեսկում տեղի ունեցած միջադեպից հետո:
Հոդվածը՝ 1in.am կայքից։