Հայաստան

Մոսկվան Ու Թեհրանը Կդնե՞ն Ադրբեջանի Հարցը

Նշանակու՞մ է դա, որ Իրանն ու Ռուսաստանը՝ Թեհրանի մերձենալու հետ մեկտեղ դնելու են նաեւ Ադրբեջանի մերձեցման առավել հարց, կամ այդ հարցը առավել առաջ են բերելու եվրասիական օրակարգում:

Հակոբ Բադալյան

Իրանը ձգտում է մերձենալ ԵԱՏՄ հետ եւ ստանալ դիտորդ երկրի կարգավիճակ, միջազգային համաժողովում հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Ղասեմ Ջալալին: Նա ասել է, որ ավելի երկար հեռանկարում Իրանը շարժվելու է ԵԱՏՄ հետ հարաբերությունը ավելի խորացնելու ուղղությամբ, ինչը թերեւս նշանակում է անդամության ձգտում: Իրանի դեսպանի այդ հայտարությունը հնչում է մայիսին կայանալիք ԵԱՏՄ Վեհաժողովին ընդառաջ, որը նվիրված կլինի կազմակերպության տասնամյակին:

ԵԱՏՄ-ում նախագահում է Երեւանը, սակայն հոբելյանական առիթը հաշվի առնելով, դեռեւս նախորդ տարի Երեւանը որպես նախագահող տվել է վեհաժողովը Մոսկվայում անցկացնելու համաձայնություն: Հայաստանի վարչչապետն օրերս հայտարարեց, որ քննարկվում է դրան վարչապետի մակարդակով մասնակցելու հարցը եւ որոշման մասին հանրությունը կիրազեկվի կայացնելուց հետո: Այդուհանդերձ, եթե չլինի որեւէ արտառոց բան, Երեւանը թերեւս կմասնակցի մոսկովյան վեհաժողովին, քանի որ ըստ էության չկա չմասնակցելու որեւէ ծանրակշիռ պատճառ: Մտածել, թե մոսկովյան վեհաժողովում կքննարկվի Իրանի կարգավիճակի հարցը, թերեւս վաղաժամ է, սակայն այն, որ մայիսյան վեհաժողովից առաջ Իրանի դեսպանը բարձրաձայնում է դիտորդի կարգավիճակ ստանալու Թեհրանի մտադրությունը, հնարավոր է խոսում է այն մասին, որ հարցն արդեն քննարկվում է «կուլիսներում»:

Հազիվ թե առանց այսպես ասած նախնական մշակման, Իրանը իր ձգտման մասին հայտարարեր դեսպանի մակարդակով: Այստեղ հատկանշական է այն, որ Իրանը ԵԱՏՄ աշխատանքում ըստ էության առաջին հրապարակային ներգրավվածությունն ունեցել է Երեւանում, 2019 թվականին, երբ ԵԱՏՄ երեւանյան վեհաժողովին մասնակցեց նաեւ Իրանի նախագահ Ռոհանին՝ Նիկոլ Փաշինյանի հրավերով: Թերեւս անկասկած է, որ այդ հրավերը եղել է Ռուսաստանի ու անդամ մյուս երկրների ղեկավարների հետ նախապես համաձայնեցված: Նույն վեհաժողովին, Երեւանը հրավիրել էր նաեւ Սինգապուրի վարչապետին: Իրանի պարագայն սակայն առանձնահատուկ է, հաշվի առնելով ռեգիոնալ քաղաքական իրողությունները, աշխարհաքաղաքականությունը, առանց որի իհարկե հնարավոր չէ կառուցել աշխարհտնտեսական բնույթի առանձին համայնապատկեր:

Եվ այդ համատեքստում, ձեւավորվում է նաեւ հարցը, թե ԵԱՏՄ հետ հարաբերությունը խորացնելու Իրանի ձգտման կառուցակկարգում ինչ դեր կարող է ունենալ Ադրբեջանը: Բանն այն է, որ հարաբերությունը խորացնել ձգտող Իրանը ձգտելու է նաեւ Ռուսաստանի հետ ցամաքային առավել կարճ կապի: Իսկ ցամաքային առավել կարճ եւ արդյունավետ կապն Ադրբեջանն է: Նշանակու՞մ է դա, որ Իրանն ու Ռուսաստանը՝ Թեհրանի մերձենալու հետ մեկտեղ դնելու են նաեւ Ադրբեջանի մերձեցման առավել հարց, կամ այդ հարցը առավել առաջ են բերելու եվրասիական օրակարգում:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *