Դա որեւէ կերպ չի նվազեցնում այն պատասխանատվությունը, որ ունեցել է Ռուսաստանը պատմականորեն, եւ հանել վաճառքի ստորաբար: Ընդ որում, այդ թվում նաեւ ռուս զինվորների արյունը, որոնց առանձնակի ցինիզմով գնդակահարել են ադրբեջանցիները՝ իրենց վայրագությունների ականատես լինելու համար
Հակոբ Բադալյան
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Աղդամում «հանդիսավորապես» փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը՝ Արցախի էթնիկ զտումը բարեհաջող մոնիտորինգ անելուց հետո: Փակման արարողությանը ելույթ ունեցողների թվում է եղել նաեւ Ռուսաստանի զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը, որի ելույթը այլ բան որակելը, քան ամոթալի ինքնախոստովանություն՝ դժվար է: «Կենտրոնի գործունեության ընթացքում ռուս և թուրք խաղաղապահները ձևավորել են հրադադարի պահպանման մշտադիտարկման հուսալի համակարգ: Ռուս և թուրք խաղաղապահները ամուր հիմքեր են դրել բազմաչարչար այս հողերում խաղաղության համար:
Դրված բոլոր խնդիրները լուծվել են Ռուսաստանից և Թուրքիայից գործընկերների կողմից գործնական և բարեկամական մթնոլորտում», -ասել է Իստրակովն իր ելույթում: Այսպես կոչված մոնիտորինգի կենտրոնի դրված խնդիրը այն էր, որ հետեւեր հրադադարի պահպանմանը, արձանագրեր խախտումները: Բայց, իրականում, մոնիտորինգի կենտրոնը պարզապես ծածկել է խախտումները, ուղեկցել դրանք իր հանցավոր լռությամբ, մինչեւ Արցախի «բարեհաջող» էթնիկ զտում, հետեւելով, թե ինչպես է Ադրբեջանը քայլ առ քայլ ավելացնում արցախահայության հանդեպ ագրեսիայի աստիճանն ու ի վերջո իրականացնում սեպտեմբերի 19-20-ի օպերացիան:
Ռուս գեներալը խոստովանում է, որ ռուսական զինուժը խաղաղապահի անվան տակ Արցախում է եղել ոչ թե այդպիսի զարգացում թույլ չտալու, այլ հակառակը՝ թուրքերի ու ադրբեջանցիների հետ «գործնականում ու բարեկամական» մթնոլորտում այդ զարգացումը ապահովելու համար: Իհարկե, ռուս գեներալը կանգնած է իր ռազմա-քաղաքական ղեկավարության գործունեության հետեւանքի առաջ, անկախ, թե ինչպես կորակվի այդ գործունեությունը՝ ստորություն, սրկայություն, հիմարություն, թե որեւէ այլ բան:
Բայց, դրա համար պատասխանատու է նաեւ գեներալը, որովհետեւ նա ոչ միայն ոչինչ չի արել այդ ամենը թույլ չտալու, ռուսական զինուժի արժանապատվությունը քաղաքական հիմարությունների կամ ստորությունների «ոտքի տակ» չգցելու համար, այլ նույնիսկ անկարող է եղել հրաժարվել Աղդամում ամոթալի եւ նվաստացուցիչ ինքնախոստովանական ելույթից: Եվ միայն նվաստացման շարունակությունն է, երբ այդ ամենով հանդերձ, Մոսկվան փորձում է պատասխանատվությունը գցել Հայաստանի իշխանության վրա:
Այն, որ Հայաստանի իշխանությունը Արցախի ճակատագրի թիվ մեկ պատասխանատուն է եւ այդ պատասխանատվության հարցը պետք է հանգամանալից քննվի, կասկածից վեր է, բայց դա որեւէ կերպ չի նվազեցնում այն պատռասխանատվությունը, որ ունեցել է Ռուսաստանը պատմականորեն, եւ հանել վաճառքի ստորաբար: Ընդ որում, այդ թվում նաեւ ռուս զինվորների արյունը, որոնց առանձնակի ցինիզմով գնդակահարել են ադրբեջանցիները՝ իրենց վայրագությունների ականատես լինելու համար, իսկ հետո Ալիեւի մակարդակով խոստացել փոխհատուցում եւ փակել թեման:
Հոդվածը՝ 1in.am կայքից։