ՔՊ-ը ճիշտ կանի, եթե մի քանի պատգամավորով միանա անվստահություն հայտնելու գործընթացին, որովհետև դրանից հետո ընդդիմությունը չի կարողանալու իմփիչմենթի հասնել ու մի քանի օր էլ փողոցում ցույցերը մաշեցնելուց հետո հայտարարելու է, որ վերադառնում են խորհրդարան՝ «սեփական օրակարգով»։ Մենք այս ֆիլմն արդեն մի քանի անգամ տեսել ենք։
Արամ Սարգսյան
Լրագրող Նարեկ Կիրակոսյանը տեսակապով զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հետ։
Արամ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ սահմանազատման աշխատանքները այսպես, թե այնպես կատարվելու են, դրանից հնարավոր չէ խոսւափել և պետք էլ չէ, քանի որ դա միակ միջոցն է առանց պատերազմի հարաբերությունները կարգավորելու և խաղաղ կյանք սկսելու համար։ Ընդհանուր առմամաբ, գոնե այս պահի դրությամբ չկա առանձնահատուկ ծանր կամ սարսափելի վիճակ, որը կարելի է աղետ կոչել։ Ոսկեպարի և Բաղանիսի պահով այս պահին որևէ խնդիր չկա։ Արտահայտված խնդիր կա միայն Կիրանցի պարագայում և գյուղացիները լրիվ հասկանալի մտահոգություններ ունեն։ Մտահոգությունները մի քանիսն են՝ ճանապարհը, դպրոցը, և մի քանի շինություններ, որոնք անցնելու են Ադրբեջանին, քանի որ սահմանազատվող 1976թ․ քարտեզով Կիրանց գյուղում գտնվող չորս շինություններ անցնում են Ադրբեջանին։ Դրանցից մեկը տուն է, մյուսը՝ չաշխատող վագոն-վաճառասրահ և ևս երկու՝ գյուղատնտեսական նշանակություն ունեցող շինություններ։ Կառավարությունն ամբողջապես և բարձր մակարդակով փոխհատուցելու է այդ չորս շինությունների համար։ Մյուս հարցը ճանապարհի մի հատվածն է և ներկայումս Աչաջուր գնացող ճանապարհով կսպասարկվի Կիրանցը, որի ընթացքում՝, մեկ-երկու ամսվա ընթացքում պատրաստ կլինի այլընտրանքայինը։ Ինչ վերաբերում է դպրոցին, որը բավական մոտ է ընկնում Ադրբեջանին, այդ հարցով վարչապետը առաջարկել է գյուղացիներին, որ եթե նրանք կցանկանան օգտագործել արդեն վերանորոգված շենքը, դա կլինի դպրոց, եթե ոչ՝ ապա շենքը կհատկացվի այնտեղ տեղակայվող սահմանապահ ջոկատին, իսկ դպրոցի համար ավելի հեռու վայրում շենք կհատկացվի։ Այս պահին սա է սահմանազատման իրաավիճակը։ Ինչպես նշեց Արամ Սարգսյանը, սահմանազատումն ինքն իրենով խնդրահարույց երևույթ է և այնպես չէ, որ կողմերից որևէ մեկը լիովին շահած է դուրս գալու դրանից։ Երբ մենք ասում ենք, որ մեր գյուղերի համար բարդ է լինելու ադրբեջանցիներին այդքան մոտ լինելը, հարկավոր է հասկանալ, որ ադրբեջանցիները ևս ունեն այդ մտահոգությունները, քանի որ նրանք էլ հայ սահմանապահների ուշադրության կենտրոնում են լինելու։ Հիմա պետք է այնպես անենք, այնպիսի երկիր փորձենք կառուցել, որ ադրբեջանցիները զգուշանան մեզնից, այլ ոչ թե մենք իրենցից։ Այս սահմանազատումը խաղաղությունն ավելի կայուն է դարձնելու։
Արամ Սարգսյանը նաև անդրադարձավ Երևանում ընթացող զրույցերին և ասաց, որ դրանք տավուշյան մտահոգություններ չունեն, այլ նպատակը խմբային է ու քաղաքական։ Ինքը տեղյակ չէ, թե արդյո՞ք Բագրատ սրբազանը գիտակցում է, որ իր միջոցով փորձում են քաղաքական ակտ իրականացնել, թե իրեն ինչ որ բան են խոսք տվել, բայց ակնհայտ է, որ ցույցերի թիկունքում կանգնած են երկրորդ և երրորդ նախագահներն իրենց ռեսուրսներով։ Բայց ընդդիմության դժբախտությունն այն է, որ նրանք չկարողացան գոնե մեկ քաղաքական դեմք գտնել, ում հասարակությունն ընդունի և ստիպված են Բագրատ սրբազանով պաշտպանվել։ Բայց սա շատ վատ տենդենց է, որովհետև այն, ինչ հիմա իրականացվում է, դա Քոչարյանի ասած «մինչև քոքը մաշեցնելու» իրավիճակն է, բայց մաշեցնում և քանդում են եկեղեցին։ Այստեղ, ոչ թե Տավուշի հարցն է, Տավուշի մասին մտահոգություններ, այլ քաղաքակրթական ընտրության հարց: Ընտրություն՝ դեպի Եվրոպա, թե դեպի Ռուսաստան՝ մի պետություն, որը ինքն իր ձեռքով դատարկեց Արցախը, հանձնեց Ադրբեջանին, վերջում էլ շնորհակալություն հայտնեց ու գնաց։ Ու ի՞նչ անես նրանց հետ։ Հասարակությունն էլ հասկանում է, թե ինչ է կատարվում, դրա համար էլ իր մասնակցությունը չի բերում այնտեղ։ Հիմա եթե Բագրատ սրբազանին փոխարինեն որևէ մեկ մարդով, ապա ցույցին ներկա մարդկանց մի մեծ մասը ևս կթողնի ու կգնա։
Բագրատ սրբազանի՝ վարչապետ դառնալու հեռանկարը Արամ Սարգսյանը լուրջ չհամարեց։ Նա ասաց, որ դրա համար սահմանադրական փոփոխություններ պիտի կատարվեն, որը չի լինի, բացի դրանից էլ աշխարհը մեզ անլուրջ կհամարի։ Բագրատ սրբազանը որպես Կանադայի քաղաքացի՝ երդում է տվել Կանադային, որպես հոգևորական՝ Աստծուն ու միաժամանակ էլ ենթակա է եկեղեցական խորհրդին։ Ինչպե՞ս կարող է նման կարգավիճակը դիտարկվել որպես վարչապետի թեկնածուին հարմար կարգավիճակ։ ՔՊ-ը ճիշտ կանի, եթե մի քանի պատգամավորով միանա անվստահություն հայտնելու գործընթացին, որովհետև դրանից հետո ընդդիմությունը չի կարողանալու իմփիչմենթի հասնել ու մի քանի օր էլ փողոցում ցույցերը մաշեցնելուց հետո հայտարարելու է, որ վերադառնում են խորհրդարան՝ «սեփական օրակարգով»։ Մենք այս ֆիլմն արդեն մի քանի անգամ տեսել ենք։
Արամ Սարգսյանը նաև հավելեց, որ լավ կլիներ, եթե Հայաստանում քվեարկություն անցկացվեր ԵՄ անդամության դիմելու հարցով, որպեսզի բոլորի համար էլ պարզ լինի, որ ժողովրդի մեծամասնությունը Եվրոպայի կողմն է։
Հարցրազրույցն ամբողջությամբ՝