Ղազախստանցի քաղաքագետը Կրեմլին վերագրում է «ի դեմս Ղազախստանի, Մոլդովայի եւ Հայաստանի թշնամիներ ստեղծելու քարոզչական նախապատրաստությւոն, ինչպես արվում էր Ուկրաինա ներխուժման նախօրեին»: Սաթպարովը ոչ մի խոսք չի ասում ղազախա-ադրբեջանական բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին, իսկ Ղազախստանի «թիկունք» անվանում է նախ Չինաստանին, ապա՝ Թուրքիային:
Վահրամ Աթանեսյան
Բաքուն «զգաստանում է» Պուտինից
Ռուսաստանի նախագահի Տաշքենդ պետական այցից մի քանի օր անց պետդումայի փոխխոսնակ Տոլստոյը քաղաքական չափազանց կոշտ «վրաերթի է ենթարկել» Ղազախստանին: Նրա ձեւակերպմամբ՝ Ղազախստանում «միֆական պատմություն են ստեղծում ինքնիշխան պետականության մասին, մինչդեռ Ալմաթին մինչեւ 1921 թվականը կոչվել է Վերնիյ, դա ռուսական, կազակական ամրոց է»: Որքան էլ Ղազախստանը հողեր վաճառի Չինաստանին, իսկ ընդերքը՝ բրիտանացիներին, միեւնույն է՝ Աստանան Ռուսաստանից չպետք է հեռանա: Հարեւանների հետ պետք է հաշտ ապրել,- բազմանշանակ ամփոփել է ՌԴ պեդումայի խոսնակը:
Բաքվի իշխանական կայքը ղազախստանցի քաղաքագետ Սաթպարովի հետ հարցազրույց է կազմակերպել: Նա համարում է, որ Ղազախստանի «դեմ հարձակումը» պետդումայի փոխոխոսնակի անձնական նախաձեռնությունը չէ, Տոլստոյը «կրկնում է ղազախական պետության չգոյության մասին նախագահ Պուտինի մի քանի տարի առաջ հնչեցրած տեսակետը: Սաթպարովը համոզված է, որ «հրահանգն իջեցված է Կրեմլից»: Այս փուլում նա Ղազախստանի դեմ «գործողություններ» չի կանխատեսում, բայց շատ հավանական է համարում, որ երկու-երեք տարի անց «Ղազախստանի տարածքում հայտնվեն «ԴԺՀ» եւ «ԼԺՀ»:
Խոսքը Ղազախստանի հյուսիսային շրջանների մասին է, որտեղ բնակչության մեծամասնությունը ռուս կամ ռուսախոս է: Այս առումով ուշագրավ է, որ ղազախստանցի քաղաքագետը Կրեմլին վերագրում է «ի դեմս Ղազախստանի, Մոլդովայի եւ Հայաստանի թշնամիներ ստեղծելու քարոզչական նախապատրաստությւոն, ինչպես արվում էր Ուկրաինա ներխուժման նախօրեին»: Սաթպարովը ոչ մի խոսք չի ասում ղազախա-ադրբեջանական բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին, իսկ Ղազախստանի «թիկունք» անվանում է նախ Չինաստանին, ապա՝ Թուրքիային:
Նա պաշտոնական Աստանային կշտամբում է «ինքնիշխանությանը սպառնացող վտանգն անտեսելու» եւ Ղազախստանում ռուսաստանյան բիզնեսն ընդլայնելու քաղաքականության համար եւ արդարացի գնահատում Ուկրաինայի նախագահի զգուշացումը, որ հետխորհրդային ոչ մի երկիր «Ռուսաստանի ագրեսիայից ապահովագրված չէ»: Այս առումով, կարծես, հասկացվում է, որ Մոսկվան «խանդով է վերեբերվել» Ղազախստանի նախագահի Երեւան այցին: Եւ, գուցե, դեմ է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների Ալմաթիում հետագա հանդիպումներին:
Ըստ երեւույթին, Բաքվում զգուշանում են, որ Պուտինը կարող է անցնել «փափուկ ուժի կիրառման»: Խորհրդարանի պատգամավոր Հասանգուլիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոծման իրավունքը բռնաճնշելու մասին Կոնստանտին Զատուլինի հայտարարության առթիվ Ադրբեջանը «պետք է բողոքի նոտա հղի եւ պահանջի, որ իշխանությունները կարգի հրավիրեն սեպարատիզմի քարոզիչներին»: Իր հերթին «Թուրան» գործակալությունը խիստ դժգոհություն է հայտնել, որ ԱԳՆ-ն չի մեկնաբանել Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն բացելու Մոսկվայի մտադրության վերաբերյալ գրավոր հարցումը:
Ռուս-ադրբեջանական հարաբերություններն այս փուլում վերընթաց են, բայց դինամիկ փոփոխվող աշխարհում ոչինչ բացառելի չէ: Ադրբեջանցի պատմաբան Ջամիլ Հասանլին տարիներ առաջ Մոսվայի կուսակցական արխիվներում հայտնաբերել է 1923 թվականին Ստալինի եւ Նարիմանովի հեռախոսազրույցի սղագրությունը: Նարիմանովը կտրուկ դեմ էր, որ Ադրբեջանի Կենտգործկոմը հռչակի Ինքնավար Լեռնային Ղարաբաղ եւ տեղի է տվել միայն այն բանից հետո, երբ Ստալինն ասել է. «Իսկ դուք, ընկր Նարիմանով, մի մոռացեք, որ Բաքուն ռուսական քաղաք է»: Պետդումայի փոխխոսնակ Տոլստոյն ռուսական է անվանել Ալմաթին: Ի՞նչ երաշխիք, որ իրավիճակի փոփոխության դեպքում նա կամ ռուսաստանցի մեկ այլ պաշտոնյա չի կրկնի Բաքվի մասին Ստալինի ասածը: Ռուս-ղազախական «փոխհրաձգությամբ» ալիեւյան քարոզչության առաջատար լրատվամիջոցի սեւեռուն ուշադրությունը զգուշավորության դրսեւորւմ է:
Հոդվածը՝ 1in.am կայքից։