Մոսկվան Բագրատ Գալստանյանին վերջնականապես «ոչ» է ասում, բայց ոչ թե նրա համար, որ դեմ է Հայաստանում առնվազն «նավակ ճոճելուն» եւ Նիկոլ Փաշինյանին իշխանությունը կորցնելու իրական սպառնալիքի դեմ կանգնեցնելուն, այլ այն պատճառով, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քննություն չի բռնել:
Վահրամ Աթանեսյան
Շարժումը մարեց, բայց «հանգած հրաբուխն» ավելի վտանգավոր է
Գալստանյանը եւ թիմն իրենք են իրենց համար իսկական բարդություններ ստեղծում: Մինչ այժմ չեն կարողացել բացատրել, թե ինչ պիտի անեն, եթե հայտնվեն Փաշինյանի տեղում: Ընդ որում, շրջապատն օրեցօր ավելի հետեւողական է պահանջում այդ հարցի պատասխանը: Բացառություն չէր նաեւ Գալստանյանի մամուլի ասուլիսը, որ նա կազմակերպել էր հանրահավաքի նախօրեին: Գործնականում բոլոր հարցերը հանգում էին երկու թեմայի. ինչպե՞ս է արքեպիսկոպոսը վարչապետ ընտրվելու, եթե ունի Կանադայի քաղաքացիություն եւ ինչպես է պայմանավորվելու Բաքվի հետ,- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երեկեվա հանրահավաքի մասին գրում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» եւ ավելացնում, որ Գալստանյանի «դիրքերն ավելի թույլ են Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հարցում, նա խոսում է, որ Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունները խարխլված են, բայց չի ասում՝ ինչու՞, ինչպես նաեւ անտեսում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները»:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Մոսկվան Բագրատ Գալստանյանին վերջնականապես «ոչ» է ասում, բայց ոչ թե նրա համար, որ դեմ է Հայաստանում առնվազն «նավակ ճոճելուն» եւ Նիկոլ Փաշինյանին իշխանությունը կորցնելու իրական սպառնալիքի դեմ կանգնեցնելուն, այլ այն պատճառով, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քննություն չի բռնել: Օրինակ, հանրահավաքներում չի կարողացել գեներացնել, որ քառասունչորսօրա պատերազմի, Լեռնային Ղարաբաղի պետականության լուծարման, հայ բնակչության բռնատեղահանության, Հայաստանի սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժումների պատասխանատուն միայն Նիկոլ Փաշինյանն է:
Բայց ավելի «սատանայական» է Բագրատ Գալստանյանի երկրորդ թերացման շեշտադրումը. նա չի խոսում Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններից, անտեսում է: Այսինքն, հայ ժողովրդին, Հայաստանի հանրությանը չի կարողանում համոզել, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշնակցությունը ոչ թե իրավաիճակային է, այլ՝ աշխարհաքաղաքական-կոնցեպտուալ, եւ Հայաստանը պարզապես «գնալու ոչ մի տեղ չունի»:
Սա արդեն Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի պաշտոնական քաղաքականության «կոդի բացահայտում է»: Եւ խնդրի դելիկատությունը նրանում է, որ, ինչպես ավելի վաղ էինք նպատել, Մոսկվայի համար «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ոչ թե նպատակային, այլ, այսպես ասած՝ զոնդաժային կամ պիլոտային էր, փորձ՝ հասկանալու համար, թե Հայաստանում որքանո՞վ է հնարավոր ներդնել «պատմականորեն դատապարտվածի» կամ «անելանելիության սինդրոմ»:
Մոսկվան արձանագրում է, որ Գալաստանյանը ձախողվել կամ ձախողել է այդ քաղտեխնոլոգիական ծրագիրը: Այս իրավիճակում գրեթե էքզիստենցիալ նշանակություն ունի մի հարց. Ռուսաստանի հատուկ ծառայությունները, քաղաքագետները, վերլուծաբաններն ի՞նչ հետեւության կհանգեն եւ իշխանություններին ի՞նչ կառաջարկեն: Նրանք կընդունեն, որ Բագրատ Գալստանյանը ցանկացել, բայց չի՞ կարողացել հայ ժողովրդին համոզել, որ «արտաքին կառավարումն անխուսափելի է»: Թե կնարեկայացնեն, որ Բագրատ Գալստանյանին ավելի խարիզմատիկ, քաղաքականապես գրագետ եւ ճկուն մեկով փոխարինելու դեպքում Երեւանը «կհանձնվի՞»:
Հրապարակումը հուշում է, որ Մոսկվայի ուշադրությունից չի վրիպել ամենակարեւորը. Բագրատ Գալստանյանին չի հաջողվել ապահովել «պայթուցիկ զանգված»: Թերթն արձանագրում է, որ հանարահավաքներին մասնակցում են «մեծամասմբ ծերեր, կանայք եւ երեխաներ»: Պետք է հասկանալ, որ «նման բանակով ամրոց չես գրավի»: Ըստ երեւույթին, խնդիր է դրվելու ոչ միայն Գալստանյանին, այլեւ հանրահավաքների մասնակիցների փոխարինող գտնել կամ ստեղծել: Կառավարական ամառանոցների գիշերային պաշարումը, ոստիկանության հետ Բագրատ Գալստանյանի ագրեսիվ հռետորաբանությունը, երեւի, հետագա «կտրուկ զարգացումների ռեպետիացիա էր»: Շարժումն, այո, առերեւույթ մարեց: Բայց «հանգած հրաբուխը» կարող է ավելի վտանգավոր լինել: Ոչ միայն իշխանության, այլ՝ Հայաստանի, նրա ինքնիշխանության եւ առհասարակ պետականության համար:
Լուսանկարը՝ panorama.am-ի
Հոդվածը՝ 1in.am կայքից։