Հայաստան

Ալիեւի Երդումն Իրանին

Հետաքրքիր է, իսկ Թեհրանը Բաքվից որեւէ բացատրություն ուզե՞լ է նախագահ Ռեյիսիի ուղղաթիռի անկման առնչությամբ, թե՞ համատեղ զորավարժությունն Ալիեւի «երդումն» է, որ ինքն անմասն է հանգուցյալ նախագահի եւ արտգործնախարարի «արյունից»:

Հակոբ Բադալյան

Իրանն ու Ադրբեջանը հունիսի 12-ին անցկացնում են համատեղ տակտիկական զորավարժություն, համաձայն ձեռք բերած պայմանավորվածության: Նշվում է, որ զորավարժությանը մասնակցելու են Նախիջեւանում գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները, իսկ վարժանքները իրականացվելու են Իրանի տարածքում: Զորավարժության պլանի համաձայն, ադրբեջանա-իրանական վարժանքի մասնակից ուժերը մշակելու են ռազմավարական օբյեկտների եւ կապի գծերի՝ դիվերսիաներից պաշտպանության գործողություններ: Ի՞նչ օբյեկտների նկատմամբ եւ ինչ դիվերսիաներ են սպասում Ադրբեջանն ու Իրանը, որ փորձում են մշակել համատեղ պաշտպանական գործողություններ:

Գրեթե մեկ ամիս առաջ՝ մայիսի 19-ին, Ադրբեջանն ու Իրանը բարձր մակարդակով բացեցին ռազմավարական նշանակության մի օբյեկտ, բայց Նախիջեւանից հեռու՝ Խուդափերինի ՀԷԿ-ը, որը ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 44-օրյա պատերազմի հետեւանքով: Ի դեպ, այդ առիթով սահմանին տեղի ունեցած Ալիեւ-Ռեյիսի հանդիպումից ժամեր անց տեղի ունեցավ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ողբերգությունը, որի հետեւանքով զոհվեցին նախագահ Ռեյիսին, Իրանի արտգործնախարարն ու այլ պաշտոնյաներ: Ընդ որում, առ այսօր քննարկումների մի ահռելի մաս հակված է այն մտքին, որ տեղի ունեցածը դիվերսիա էր Իրանի պետականության դեմ: Այդ մասին ոչ ոք թերեւս չի իմանա, իսկ Թեհրանը անգամ այդպիսի վարկածի հաստատման դեպքում թերեւս չի բարձրաձայնի այն:

Միաժամանակ հանրահայտ իրողությունէ, որ Ադրբեջանի այդ սահմանամերձ տարածքներում տեղակայված են իսրայելական մի քանի հենակետեր, տարբեր տեխնոլոգիական նշանակության քողարկումների ներքո: Այդ հենակետերի առաջին թիրախը բնականաբար Իրանն է: Ադրբեջանի հետ համատեղ զորավարժությամբ Թեհրանը թերեւս փորձում է ձեւավորել այդ ռիսկերը այսպես ասած ներսից վերահսկելու մեխանիզմներ, ինչը ըստ էության նշանակում է, որ Թեհրանը չի վստահում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը՝ կամ վերահսկելու ցանկության, կամ կարողության բացակայության պատճառով:

Ըստ ամենայնի, Նախիջեւանում տեղակայված ստորաբաժանումների ներգրավումը պայմանավորված է նրանով, որ հակառակ դեպքում չափազանց ակնառու կլիներ ադրբեջանա-իրանյան զորավարժության այսպես ասած «հակաիսրայելական» բնույթը: Ալիեւն ըստ ամենայնի այդպես փորձում է Իսրայելին «բացատրելու» բան ունենալ: Հետաքրքիր է, իսկ Թեհրանը Բաքվից որեւէ բացատրություն ուզե՞լ է նախագահ Ռեյիսիի ուղղաթիռի անկման առնչությամբ, թե՞ համատեղ զորավարժությունն Ալիեւի «երդումն» է, որ ինքն անմասն է հանգուցյալ նախագահի եւ արտգործնախարարի «արյունից»:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *