Հայաստան

Պաղեստինի Ճանաչումը Կարևոր Է

Պետք է հասկանանք՝ արդյո՞ք կան հայ-իսրայելական հարաբերություններ, այո, մենք ունենք դեսպան, բայց հարաբերություններ որպես այդպիսին չկան, մանավանդ՝ Իսրայելը Հայաստանում շատ վատ է ընկալվում՝ հաշվի առնելով, որ Իսրայելը նույնիսկ պատերազմի ժամանակ շարունակում էր Ադրբեջանին զինել:

Դավիթ Ստեփանյան

Պաղեստինի ճանաչումը տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխությանն ուղղված քայլերից մեկն է․ Դավիթ Ստեփանյան

«Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը»,- այս մասին հունիսի 21-ին հայտարարություն տարածեց ՀՀ ԱԳՆ-ն շեշտելով՝ Երևանը վերահաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին։

«Այս քայլն աշխարհաքաղաքական շղթայի մի մաս է, աշխարհաքաղաքական շղթայի, որը ծավալվում է Հայաստանի մասնակցությամբ, Հայաստանի շուրջ և որի հիմնական ջատագովն ԱՄՆ-ն է, կա նաև Ֆրանսիայի և ԵՄ-ի գործուն մասնակցությունը: Պաղեստինի ճանաչումն այն քայլերից էր, որոնք թույլ են տալիս, որպեսզի ՀՀ-ն դառնա եվրոպական, ամերիկյան ընտանիքի մաս: Եթե մենք հիշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իրար հետևից երեք-չորս եվրոպական շատ կարևոր պետություններ ճանաչեցին Պաղեստինը, և եթե մենք հիշենք, որ այսօրվա դրությամբ ամերիկյան մոդելն էր սա, որ պետք է այդ տարածաշրջանում լինի երկու պետություն՝ Իսրայել և Պաղեստին, նշանակում է, որ Հայաստանը դառնում է այդ տեսլականի մաս:

Այս ամենի շրջանակներում Հայաստան են գալիս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալները, ՀՀ-ում բավականին լուրջ ռազմատեխնիկական համագործակցություն է գնում Ֆրանսիայի և արդեն իսկ ԱՄՆ-ի միջև, ընդհանուր առմամբ սա տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխությանն ուղղված քայլերից մեկն է, այն ստատուս քվոյի, որը խեղաթյուրվել և վերջնականապես ոչնչացվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, որի հետևանքով Ռուսաստանն այլևս այս տարածաշրջանում անվտանգություն ապահովող երկիր չէ: Այս ամենը բերել է մի իրավիճակի, երբ այդ անվտանգային երաշխավորի տեղը մնացել է դատարկ, այնպես որ հիմա գնում են այդ փոփոխությունները, ես Պաղեստինի ճանաչումը դիտարկում եմ այս համատեքստում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Ստեփանյանն ընդգծեց, որ միանշանակ այս քայլը բացասական կազդի հայ-իսրայելական հարաբերությունների վրա. «Միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք՝ արդյո՞ք կան հայ-իսրայելական հարաբերություններ, այո, մենք ունենք դեսպան, բայց հարաբերություններ որպես այդպիսին չկան, մանավանդ՝ Իսրայելը Հայաստանում շատ վատ է ընկալվում՝ հաշվի առնելով, որ Իսրայելը նույնիսկ պատերազմի ժամանակ շարունակում էր Ադրբեջանին զինել: Հարաբերությունները չեն կարող վատթարանալ, որովհետև այդ հարաբերություններն առանց այդ էլ վատ են, բայց մենք պարտավոր ենք և պետք է Իսրայելի հետ աշխատենք: Մեր աշխատանքն Իսրայելի հետ պիտի լինի առաջին հերթին ԱՄՆ-ում, այլ ոչ թե Իսրայելում: Մենք պետք է փորձենք ընդհանուր շահեր գտնել, ինչու ոչ, եթե Իսրայելը պատրաստ է մեզ մատակարարել զինտեխնիկա, մենք կարող ենք նրանց հետ էլ պայմանագիր կնքել: Եթե սա կբերի Իսրայելի հետ հարաբերությունների լավացման, ապա պետք է դա օգտագործենք, որովհետև Իսրայելի պես թշնամի ունենալը մեր շահերից չի բխում: Սակայն, արդյո՞ք սա նշանակում է, որ մենք չպետք է Պաղեստինը ճանաչեինք, իհարկե ոչ. Պաղեստինի ճանաչումը բխում է Հայաստանի շահերից»:

Քաղաքագետն ընդգծեց, որ այս իրադարձությունն առնչվում է նաև արցախյան խնդրին. «Մենք վաղուց պարտավոր էինք ճանաչել և՛ Կոսովոն, և՛ Պաղեստինը, որովհետև հենց սա ունի նախադեպային նշանակություն Արցախի խնդրի լուծման համար: Մեր ԱԳՆ-ի հայտարարության մեջ տողատակերով տող առ տող կա Արցախի հայության ճակատագիրը, այն բոլոր հիմնադրույթները, որոնք դրված են այդ ճանաչման տեքստում, տողատակերով նշում են Արցախի խնդիրը և այո, մենք հետագայում կարող ենք դա օգտագործել՝ որպես նախադեպ, եթե դու պահանջում ես, որպեսզի արցախահայերի իրավունքները ճանաչեն, եթե դու այդ գիծն ունես, ուրեմն դու էլ պետք է ճանաչես ուրիշ այդպիսի երկրները, Կոսովոն և Պաղեստինն այդ երկրներից են»:

Անդրադառնալով նաև այս ամենին Թուրքիայի դրական արձագանքին՝ Դավիթ Ստեփանյանն ասաց. «Սա մեծ աշխարհաքաղաքական շղթայի մաս է, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն այդ շղթայի մեկ մասն է, առանց դրա այս տարծաշրջանում վերջնական խաղաղություն չի կարող լինել: Սա հասկանում են և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում, և՛ ԱՄՆ-ում: Եթե Թուրքիայի շահերից է բխում, որպեսզի ՀՀ-ն ճանաչի Պաղեստինը, եթե ՀՀ-ի շահերից է բխում, որպեսզի ճանաչի Պաղեստինը և, եթե այդ ամենում կա ԱՄՆ-ի մասնակցությունը, նշանակում է, որ այս պահին մեր շահերը նույնական են, սա է ամենակարևորը»:

Աննա Բզնունի

Հոդվածը՝ zarkerak.am կայքից։

https://zarkerak.am/show/102149?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR298SEz5tNud7pWkpMYfy8oTsJPqBLE8HL89HraRNMSIcSrewYxWDJXowk_aem_oVcTSDJJhlORdKyNn3Q17A
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *