Այստեղ պետք չէ փնտրել կամ ակնկալել միատարություն: Ավելին, միատարությունը՝ անգամ ամենագեղեցիկ եւ ականջահաճո փաթեթավորումներով, ըստ էության ենթադրում է սեղմում, այլ ոչ թե նոր տարածությունների բացում:
Հակոբ Բադալյան
Պատերազմը նեղացնում է տարածությունը. Հայաստանի հրատապ եւ չլուծված խնդիրը
Ռուսաստանում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի օպերատիվ նիստ, որտեղ քննարկվել է միջին եւ փոքր հեռահարության հրթիռների լիկվիդացիայի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Պուտինը կասկած է հայտնել, որ ԱՄՆ ավելացնում է իր այդ հրթիռային պոտենցիալը եւ տեղաբաշխումը տարբեր ռեգիոններում, ասելով, թե Ռուսաստանն էլ պետք է արձագանքի եւ սկսի արտադրություն ու տեղակայում:
Փաստացի, խոսքը վերաբերում է սպառազինությունների նոր մրցավազքի մասին, որը մի կողմից ներկայումս ընթացող այսպես ասած տաք համաշխարհային պատերազմի շղթայի օղակ է, մյուս կողմից նաեւ ուրվագծում է ապագա սառը պատերազմի պատկերը, երբ ավարտվի պատերազմի տաք փուլը: Անկասկած է մի բան, որ տարածությունները աշխարհում շարունակում են սեղմվել այն պետությունների համար, որոնք խոշոր հաշվով չունեն տեղի ունեցող մեծ վերաձեւման այսպես ասած առաջնային կամ վճռորոշ մասնակից լինելու հնարավորություն: Հայաստանն այդ երկրների շարքում է եւ դա որեւէ գաղտնիք չէ:
Ավելին, Հայաստանն այդ երկրների շարքում է իր համար բավականին խնդրահարույց «մեկնարկային պայմաններում», ինչը ենթադրում է ոչ միայն նեղ տարածություն, այլ նաեւ ըստ էության ռեսուրսային բավականին սահմանափակ բազ՝ այդ տարածության մեջ մանեւրի համար: Այստեղ Հայաստանի համար առաջանում է գերխնդիր՝ փոխհատուցել արտաքին նեղացող տարածությունը ներքին կյանքում հնարավորինս լայն տարածություններ բացելով: Խոսքը բնականաբար աշխարհագրական, ֆիզիկական տարաձությունների մասին չէ, այլ բովանդակային, գաղափարական, արժեհամակարգային, այդ ամենը ինստիտուցիոնալ սխեմաներով առաջ մղելու համար:
Այստեղ պետք չէ փնտրել կամ ակնկալել միատարություն: Ավելին, միատարությունը՝ անգամ ամենագեղեցիկ եւ ականջահաճո փաթեթավորումներով, ըստ էության ենթադրում է սեղմում, այլ ոչ թե նոր տարածությունների բացում: Որովհետեւ, հասարակությունները բնականորեն լինում են բազմազան, բազմակարծիք, հետեւաբար հաջողության բանաձեւն այդ ամենի կապիտալիզացիայի սխեմաներ մշակելն է, այլ ոչ թե այդ ամենը միատարության որեւէ տրամաբանության մեջ տեղավորելը, ըստ էության կաշկանդելով ու սահմանափակելով հանրային ներուժը: Խոշոր հաշվով, սա հայկական նորանկախ պետականության այդպես էլ չլուծված խնդիրն է, որը դարձել է մնացյալ տարբեր տրամաչափի խնդիրների ուղղակի, թե անուղղակի «օջախ»: Չլուծված խնդիր, որի լուծման ուղղությամբ համընդհանուր ջանքը սակայն այսօր դարձել է առավել քան երբեւէ կարեւոր ու հրատապ, թեեւ՝ առավել քան երբեւէ՝ բարդ:
Հոդվածը՝ 1in.am կայքից։