Լոնդոնում սպասվող չորորդ գագաթնաժողովի առնչությամբ չկա որեւէ խոսակցություն այն մասին, թե արդյո՞ք սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որեւէ մակարդակի շփում: Բրիտանիան իհարկե կովկասյան ռեգիոնում հիմնականում լատենտ խաղացող է, թեև ,իհարկե, առանցքային:
Հակոբ Բադալյան
Նիկոլ Փաշինյանի լոնդոնյան այցի ինտրիգը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից մեկնել է մեկամսյա արձակուրդ՝ մինչեւ օգոստոսի 12, ինչը գործնականում աննախադեպ երկար ժամանակ է ոչ միայն Հայաստանի որեւէ ղեկավարի պաշտոնավարման շրջանի համար՝ ներառյալ Փաշինյանի վարչապետության տարիները, այլ թերեւս որեւէ այլ երկրի: Որեւէ պետության առաջին դեմք կարծես թե չի գնում մեկամսյա արձակուրդի: Իհարկե Փաշինյանը դրա ընթացքում կունենա նաեւ այսպես ասած աշխատանքային օրեր, որոնցից մեկը կլինի հուլիսի 18-ին՝ Լոնդոնում, որտեղ կայանալու է Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության չորորդ գագաթնաժողովը:
Այս նախաձեռնության հեղինակը Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է, իսկ առաջին գագաթնաժողովը եղավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում: Հայ ժողովրդի հիշողության մեջ այն կմնա նրանով, որ այդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված քառակողմ՝ Միշել-Մակրոն-Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ է Հայաստանը ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս: Նույն հանդիպման արդյունքում խոսվել է նաեւ Ալմա Աթիի հռչակագրով փոխադարձ ճանաչման մասին, սակայն Ադրբեջանն առ այսօր խուսափում է անել դա, եւ չկա որեւէ ձեռք, որը պատասխանատվության կենթարկի Բաքվին: ԵՔՀ նախաձեռնության երկրորդ գագաթնաժողովը տեղի ունեցավ Քիշնեւում՝ 2023 թվականի հունիսին, որտեղ դարձյալ կայացավ քառակողմ հանդիպում՝ նույն մասնակիցներով:
Իհարկե դրանից առաջ Վաշինգտոնում եղել էր քառօրյա ընթացքով բանակցություն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ: Դրանից հետո էլ՝ հունիսի վերջին եղավ այդպիսի բանակցություն, արդեն եռօրյա: Քիշնեւի հանդիպումը տեղի էր ունենում արդեն մի քանի ամիս Արցախի շրջափակման պայմաններում: Քառակողմ հանդիպումը որեւէ բան չփոխեց այդ առումով եւ Արցախը շարունակեց մնալ շրջափակված: Իսկ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին Արցախն արդեն հայաթափված էր: Երրորդ գագաթնաժողովը կայացավ 2023-ի հոկտեմբերին Գրանադայում, որտեղ սպասվում էր Մակրոն-Շոլց-Փաշինյան-Ալիեւ հանդիպում, սակայն Ալիեւը հրաժարվեց Գրանադա մեկնելուց, որովհետեւ ըստ էության ստացել էր այդ հարթակից ինչ ուզում էր, եւ Գրանադայում մեկ սեղանի շուրջ նստեցին պարզապես Մակրոնը, Շոլցը, Փաշինյանն ու ԵԽ նախագահող Միշելը: Լոնդոնում սպասվող չորորդ գագաթնաժողովի առնչությամբ չկա որեւէ խոսակցություն այն մասին, թե արդյո՞ք սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որեւէ մակարդակի շփում: Բրիտանիան իհարկե կովկասյան ռեգիոնում հիմնականում լատենտ խաղացող է, թեեւ իհարկե առանցքային:
Լոնդոնյան օրակարգում Հայաստանի եւ Ադրբեջանի հարցի առկայության մասին թերեւս կասկածել պետք չէ: Բրիտանիայի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի նախարարը դեռ նախորդ տարի է հայտարարել, որ իրենց համար առաջնահերթություն է Կենտրոնական Ասիա- Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա միջին միջանցքի ձեւավորումը: Այլ հարց է, որ այդ ուղղությամբ աշխատանքը կիրականացվի բրիտանական քաղաքականությանը զգալիորեն բնորոշ թավշյա մեթոդաբանությամբ: Ի դեպ, Հայաստանի վարչապետ լոնդոնյան այցի թերեւս մեկ այլ ինտրիգ էլ կարող է լինել այն, թե արդյո՞ք կլինի հանդիպում բրիտանական հետախուզության ղեկավարի, Թուրքիայի նապագահի ընկեր Ռիչարդ Մուրի հետ: Նիկոլ Փաշինյանն ու Մուրը տարեսկզբին արդեն իսկ հանդիպել են՝ Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի շրջանակում: Իսկ 2022-ի դեկտեմբերին էլ Մուրը ժամանել էր Հայաստան, ի դեպ Լաչինի միջանցքի արգելափակումից չորս օր անց:
Հոդվածը՝ 1in.am կայքից։