Հայաստան

Կամ Ռուսական Գաղութ, Կամ Ազատ Ու Հասուն Երկիր

Իրանը ռուսներից պահանջում է սահմանների փոփոխության հարցի չեղարկում, որին Ռուսաստանը ստիպված համաձայնվում է։ 

Կայծ Մինասյան

1inTV-ը տեսակապով զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցն ընթացել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների, ընթացքի, տարածաշրջանային քաղաքականության մասին։
Կայծ Մինասյանը խոսեց ԵՄ European Peace Facility հիմնադրամի կողմից Հայաստանին տրված 10 մլն ԱՄՆ դոլար օժանդակության ու Ադրբեջանի արձագանքի մասին։ Հայտնի է, որ Ադրբեջանը բավական մեծ աղմուկ էր բարձրացրել այդ հարցով, թեև 10 մլն դոլարը չնչին գումար է ու Հայաստանի ռազմական հզորությունն ավելացնելու պահով ոչ մի ազդեցություն չունի։ Այդ գումարով ընդամենը վրաններ պիտի գնվեն։ Քաղաքագետը նշեց, որ ԵՄ կողմից այդ օգնության տրամադրումն ինքնին կարևոր է, ոչ թե վրան գնելու հարցով, այլ այն, որ ԵՄ-ը արդեն իսկ սկսել է գործընթացի մեջ մտցնել Հայաստանին ռազմական օգնության փաթեթներ հատկացնելը։ Միգուցե դեռևս ոչ ամբողջ պետությունների կազմով, բայց արդեն իսկ ԵՄ կողմից, իսկ դա նշանակում է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում կա որակական փոփոխություն ու լրջություն և այդ լրջությունը տանում է դեպի ռազմական օժանդակության։ Հունգարիան ամեն ինչ արեց, որ Ադրբեջանը նույնպես այդ չափի օգնություն ստանա ու երբ ԵՄ-ում Ադրբեջանին հարցրին, թե ի՞նչ են ուզում, Բաքվից պատասխանեցին, որ ինչ տվել են Հայաստանին, թող նույնից էլ Ադրբեջանին տան։ Կայծ Մինասյանն ասաց, որ Ադրբեջանի այդ ցինիկ և լկտի վերաբերմունքը հետևանք է նրա, որ Ադրբեջանը հանդես է գալիս որպես հաղթող երկիր, բայց միաժամանակ որպես հաղթող երկիր՝ անզգույշ է։ Ադրբեջանը մեծամտացել է և տարածաշրջանում մի շարք էական հարցեր չի տեսնում կամ բավարար չափով չի գնահատում։
Կայծ Մինասյանը անդրադարձավ նրան, որ տարածաշրջանային քաղաքականությունը այս պահին ինչ որ չափով ուրվագծված է, բայց այն մեծ չափով ենթակա է փոփոխության։ Այդ փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ ԵՄ-ը ցանկանում է այստեղ խաղաղություն հաստատել՝ ընդդեմ Ռուսաստանի։ Այդ է պատճառը, որ ԵՄ-ում Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը հաճախ կարող են նույն հարթության վրա դիտվել, որովհետև նպատակը նրանց վրա ազդեցություն ունենալով Ռուսաստանի դերի նվազեցումն է։ Իսկ Ռուսաստանն էլ փորձում է Իրանի միջոցով փոխհատուցել իր դեֆիցիտները, որի դիմաց Իրանը պահանջում է աշխարհաքաղաքական զիջումներ։ Ռուսաստանն ուկրաինական ճակատի համար մեծ չափով աթս-ների կարիք ունի և դա ստանում է Իրանից, որի դիմաց Իրանը ռուսներից պահանջում է սահմանների փոփոխության հարցի չեղարկում, որին Ռուսաստանը ստիպված համաձայնվում է։ Չնայած դրան՝ ռուսները ամեն դեպքում դեմ չեն Իրանին ասել, որ Զանգեզուրյան միջանցքի իրականացման դեպքում էլ նշում է, որ հսկողները ռուսական ԴԱԾ-ն է լինելու։
Կայծ Մինասյանն ասաց, որ այս ամենի ֆոնին էլ ավելի հրամայական է դառնում Հայաստանի ԵՄ ընթացքը։ Դեպի ԵՄ գնալը չպետք է դիտարկվի որպես կարճաժամկետ քաղաքական ուղղություն, այն ինքնությունը պահպանելու միջոց է, նոր աշխարհ դուրս գալու և փոփոխություններ ընդունելու մի մեծ հնարավորություն։ Մենք ինքներս մեզ պիտի հարցնենք, թե դեպի ԵՄ գնալով մենք պատրա՞ստ ենք փոփոխությունների՝ այսինքն հրաժարվել կոռուպցիայից, հրաժարվել տնտեսական սահմանափակումներից, հրաժարվել հովանավորչությունից։ Մեզնից ամեն մեկը պիտի դրա մասին հստակ մտածի և ինքն իրեն պատասխանի։ Հայաստանը կամ մնում է ռուսական գաղութ, մնում է երեխա, կամ մեծանում է ու դառնում ազատ մարդ։ Սա սկզբունքային ընտրություն է, որին Հայաստանը սկզբունքորեն պիտի պատասխանի, ոչ թե մակերեսայնորեն։
Երբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը խոսում է վիզաների ազատականացման մասին ու նշում, որ գնդակը հիմա Հայաստանի դաշտում է, մենք հենց սկզբունքային իմաստով պիտի հասկանանք՝ նույնիսկ պետական կառավարման համակարգի ու դրա մարմինների կայացման առումով։
Կայծ Մինասյանն ասաց, որ զարմանալի է, թե ինչպես են ՀՀ ղեկավարները՝ Լևոնից մինչև Սերժ՝ կարողացել են ապրել ու շարունակում են ապրել։ Քանդելով ու ավերելով ամեն ինչ, նրանք ի՞նչ են զգացել, ի՞նչ են մտածել։ Իհարկե Փաշինյանը սուրբ չէ և ունի իր բաժին սխալները, բայց Փաշինյանը չէ, որ պետք է երեսնամյա ողբերգոթյան համար պատասխան տա։ Հասարակությունն էլ ինքը պետք է պատասխան պահանջի նրանցից։
Ամբողջական հարցազրույցը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *