Հանիայի սպանությամբ Գազայում հրադադարի բանակցությունները ձախողվել են, իսկ Իրանը եւ Իսրայելը պատրաստվում են փոխադարձ հրթիռային հարվածների: Երկու երկրները ցամաքային սահման չունեն, բայց եթե Իրանն իրոք գործադրի սպառնալիքը, իսկ «Հեզբոլլահը» միանա, ապա չափազանց մեծ է հավանականությունը, որ Իսրայելը կգրոհի առնվազն Լիբանանի հարավը:
Վահրամ Աթանեսյան
«Նյու-Յորք թայմսը»՝ հղելով իրանցի երեք պաշտոնյայի, գրում է, որ հուլիսի 31-ին Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին գումարել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստ եւ կարգադրել Իսրայելին ուղղակի հարված հասցնել՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսնայիլ Հանիայի սպանության: Ըստ թերթի, իրանցի պաշտոնյաները խնդրել են իրենց անունները չբացահայտել, քանի որ այդ մասին հրապարակային խոսելու իրավունք չունեն:
ԱՄՆ-Իրան հարաբերությունների գրեթե չգոյության նկատառմամբ այս տեղեկատվությունը թողնում է ամերիկյան հետախուզական ծառայություններից կազմակերպված արտահոսքի տպավորություն, որի ճշմարտացիությունը, սակայն, կասկածի տեղ չի թողնում, երբ համադրվում է այլ հոսքերի հետ: «Նեզավիսիմայա գազետան» իր հերթին հղում է Քաթարի դիվանագիտական աղբյուրին, որ գրեթե զրոյական է գնահատել Իսրայել-ՀԱՄԱՍ հրադադարի մասին պայմանավորվածությունը եւ հայտնել բանակցությունների ընդհատման մասին:
Հուլիսի 31-ի ուշ երեկոյան Իսրայելի կառավարության պաշտոնական կայքը տարածել է վարչապետ Նաթանյահուի՝ իսրայելական ժողովրդին հղած ուղերձը: Նաթանյահուն ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի պատասխանատու է հայտարարել Իրանին, թվարկել վերջին մի քանի օրերին սպանված պաղեստինցի ռազմական գործիչներին, ինչից պարզորոշ հասկացվում է, որ Իսրայելն ստանձնում է նաեւ Հանիայի սպանության պատասխանատվությունը:
Մահ բոլորին, որ սպանում են մեր կանանց եւ երեխաներին, մահ բոլորին, որ տառապանք են պատճառում մեր քաղաքացիներին,-ասել է Իսրայելի վարչապետը եւ քաղաքացիներին նախազգուշացրել, որ սպասվում են ավելի ծանր օրեր: Նաթանյահուն միաժամանակ սուր քննադատության է ենթարկել ներքին ընդդիմախոսներին եւ վճռականապես պնդել, որ չնայած հնչող կոչերին՝ պատերազմը շարունակվելու է մինչեւ հաղթական ավարտ:
Նաթանյահուն, ըստ էության, ընդունել է Իրանի մարտահրավերը եւ անուղղակի հայտարարել մոտալուտ պատերազմի մասին: Որոշ աղբյուրները հայտնում են, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը քննարկել է Իսրայելին հարվածներ հասցնելու երկու տարբերակ՝ իր կամ տարածաշրջանում դաշնակից որեւէ երկրի, կամ երկրների տարածքից: Ըստ աղբյուրների, Իսրայելին հրթիռային հարվածներ հասցնելու պատրաստակամություն են հայտնել նաեւ Եմենի հուսիները:
Հանիայի սպանությամբ Գազայում հրադադարի բանակցությունները ձախողվել են, իսկ Իրանը եւ Իսրայելը պատրաստվում են փոխադարձ հրթիռային հարվածների: Երկու երկրները ցամաքային սահման չունեն, բայց եթե Իրանն իրոք գործադրի սպառնալիքը, իսկ «Հեզբոլլահը» միանա, ապա չափազանց մեծ է հավանականությունը, որ Իսրայելը կգրոհի առնվազն Լիբանանի հարավը:
Բայց, թվում է, Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմի խնդիրը կախված է նրանից, թե կողմերից ո՞րն է մյուսին ցավոտ հարվածներ հասցնելում ավելի շահագրգռված: Իրա՞նն է համարում, որ եկել է «սիոնիստական ռեժիմի տապալման» ժամանակը, թե՞ Իսրայելն է վստահ, որ կարող է «կործանել մոլլապետությունը»:
Բայց այդ հարցը Թեհրանը կամ Թել-Ավի՞վն է որոշում, թե՞ զորեղ ուժերը, որ, ամենայն հավանականությամբ, արդեն հաշվարկած ունեն, թե ինչ են անելու, եթե Մերձավոր Արեւելքում «վաղը պատերազմ է»:
Հոդվածը՝ 1in.am կայքից։