Հայաստան

Հայաստանը Մեծացնում Է Իր Ռազմական Ուժը

(Մաս երկրորդ)

Երևան այցելեցին Չեխիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը և չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչները՝ քննարկելու ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները։

Հովհաննես Նազարեթյան

Չեխիա ու Սլովակիա
Հայաստանը Չեխիայի և Սլովակիայի հետ ռազմական համագործակցության առանձին պայմանագրեր է ստորագրել դեռևս 2010-ին։ Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր էր ստորագրվել 2019-ին, որը ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց 2023-ի սեպտեմբերին։ Այս հունվարին կառավարության որոշմամբ Գերմանիայում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդը հավատարմագրվեց Չեխիայում։ Իսկ ապրիլին Երևան այցելեցին Չեխիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը և չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչները՝ քննարկելու ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները։ Ըստ պաշտպանության նախարարության՝ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
Մայիսին էլ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Սլովակիա ՝ Բրատիսլավայում մասնակցելու IDEB-2024 պաշտպանության միջազգային ցուցահանդեսին։ Բրուտյանը հանդիպել էր Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի և ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ըստ ՊՆ-ի՝ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
Նախկին ԽՍՀՄ ազգեցության գոտում գտնվող Չեխոսլովակիայի ժառանգ այս երկու երկրները մինչ օրս ունեն նշանակալի ռազմական արդյունաբերություն։ Կարևոր արտադրանքներից են DANA և Zuzana հաուբիցները և RM-70 ռեակտիվ համազարկային համակարգրերը։ Երկու երկրները միաժամանակ խորացնում են կապերը Ադրբեջանի հետ։ Չեխիայից 70 DITA ինքնագնաց հաուբից է ձեռք բերվել, որը DANA-ի բարելավված տեսակն է։ Մայիսին Սլովակիայի պաշտպանության նախարար Կալինյակը և Ալիևը Բաքվում ստորագրեցին ռազմական համագործակցության համաձայնագիր։ Ըստ Ալիևի ՝ բանակցություններ են վարվում համատեղ արտադրություն հիմնելու ուղղությամբ։
Ավելի վաղ՝ 2018-ին Չեխիայից և Սլովակիայից շուրջ 30 RM-70 և 36 DANA հրետանային համակարգեր էին վիճահարույց պայմաններում մատակարարվել Ադրբեջան։ Իսկ դեռևս 200-ին-ին Սլովակիան մեկ տանկ, 2010 -ին էլ մեկ թնդանոթ էր վաճառել Բաքվին։

Իտալիա
Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Ջիամպաոլո դի Պաոլան պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր էին ստորագրել 2012-ին։ Այն վերաբերում էր անվտանգության ոլորտում համագործակցությանը, խաղաղապահ առաքելություններին, Իտալիայում հայ սպաների ռազմական կրթությանը, ռազմական արդյունաբերությանը։ Սակայն հետագա տարիներին տեսանելի առաջընթաց չգրանցվեց։
Վերջին շրջանում հայ-իտալական ռազմական հարաբերությունները նոր լիցք են ստացել։ 2023-ի նոյեմբերին Իտալիայի գլխավոր շտաբի պետ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությունն այցելեց Երևան՝ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի ու նախարար Պապիկյանի հետ քննարկելու և նախանշելու համագործակցության ուղղությունները։
ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը Հռոմ այցելեց մարտին՝ Իտալիայի ՊՆ-ում խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Պաշտոնյաները քննարկել են համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները և հաստատել ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը։
Մեկ ամիս անց՝ ապրիլին Իտալիա այցելեց փոխնախարար Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։ Նրանք հանդիպումներ ունեցան Իտալիայի ՊՆ պաշտոնյաների և ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ըստ ՊՆ-ի՝ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Չեխիայի և Սլովակիայի պես Իտալիան ևս Ադրբեջանի հետ սերտ ռազմական հարաբերություններ է հաստատել։ Արդեն երկար տարիներ Իտալիան ադրբեջանական նավթի ամենախոշոր ներկրողն է։ Դեռ 2020-ի փետրվարին Ադրբեջանն իտալական խոշոր ռազմարդյունաբերող Լեոնարդո ընկերությունից գնել էր անհայտ քանակի M-346 Master ուսումնական ինքնաթիռներ։ 2023-ի հունիսին նույն Լեոնարդոն Ադրբեջանին վաճառեց երկու C-27J Spartan ռազմական ինքնաթիռ, որոնցից առաջինն առաքվեց հունիսին։ Սա արևմտյան երկրների կողմից առաջին նշանակալի զենքի վաճառքն էր Ադրբեջանին։ Ըստ իտալական «Լա Ռեպուբլիկա» թերթի՝ նախորդ սեպտեմբերին Ադրբեջանն ու Իտալիան բանակցություններ էին վարում մեկից երկու միլիարդ եվրո սպառազինության վաճառքի շուրջ, այդ թվում՝ զենիթային կայանքներ, ՀՕՊ համակարգեր և փոքր սուզանավեր։

[շարունակելի]

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *