Հայաստան

ՌԴ «ԿԳԲ֊ացվող» Բանակը

Տեղեկատվական հնարքը, որ Դյումինն «ուղղակիորեն չի գլխավորի բանակը և ուժային մյուս մարմինների տեղական կառույցները», բացահայտ այլասացություն է։ Գեներալ-գնդապետ Դյումինի վրա դրվել է «հակառակորդին Կուրսկից դուրս մղելու, դիվերսիոն-հետախուզական խմբերը ոչնչացնելու» մարտական առաջադրանք։

Վահրամ Աթանեսյան

Պուտինը «դաշտային» գեներալներին չի վստահում

Օգոստոսի 13-ից Կուրսկի մարզում «հակաահաբեկչական գործողության» կոորդինատոր է նշանակվել ՌԴ նախագահի օգնական Ալեքսեյ Դյումինը: Նման որոշում, ինչպես հայտնում է ռուսաստանյան մամուլը, Վլադիմիր Պուտինը կայացրել է օգոստոսի 12-ի աշխատանքային խորհրդակցության արդյունքներով:

Ալեքսեյ Դյումինը բարձրաստիճան զինվորական է՝ գեներալ-գնդապետ, Ռուսաստանի հերոս։ Կրթությամբ ռազմական հատուկ կապի մասնագետ է և Կրեմլի անվտանգային ծառայություններում է գտնվել Ելցինի պաշտոնավարման շրջանից։

Բաց աղբյուրների տեղեկություններով՝ Դյումին որոշակի ժամանակահատված ծառայել է որպես Զինված ուժերի ԳԾ Գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ, եղել է ցամաքային զորքերի շտաբի պետ, պաշտպանության փոխնախարար, նշանակվել է Տուլայի նահանգապետ։ Դյումինը 52 տարեկան է։ Որոշ աղբյուրների ասելով՝ նա «համարվում է Պուտինի երեք հավանական իրավահաջորդներից մեկը»։

Նրա մասին «հետախուզական լեգենդ» կա, որ կազմակերպել է «կանաչ մարդուկների» մուտքը Ղրիմ, որ առանց լուրջ բարդությունների գրավել են թերակղզու բոլոր ռազմական կառույցները և ապահովել բնակչության «ազատ կամարտահայտության հանրաքվեի անցկացումը»։ Մինչ այդ Դյումինը կազմակերպել է Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի Ռուսաստան «էվակուացիան»։

Ըստ երևույթին, Վլադիմիր Պուտինը Դյումինին Ռուսաստանի հերոսի կոչման է արժանացրել հենց Ղրիմի «ազատագրման» և Յանուկովիչին Ռուսաստան «էվակուացնելու» հատուկ գործողությունները հաջողությամբ իրականացնելու համար։

Կուրսկի և Բելգորոդի մարզեր ուկրաինական զորախմբի և դիվերսիոն-հետախուզական ջոկատների ներթափանցումը, երևում է, Ռուսաստանի ռազմա-քաղաքական վերնախավում հակասություններ է բացահայտել։ Հետախուզությունում ծանրակշիռ անցյալ ունեցող Ալեքսեյ Դյումինին նշանակելով «հակաահաբեկչական գործողությունների կոորդինատոր», Ռուսաստանի նախագահը փաստացի անվստահություն է հայտնում ռազմաճակատի այդ ուղղության «դաշտային» գեներալներին։

Տեղեկատվական հնարքը, որ Դյումինն «ուղղակիորեն չի գլխավորի բանակը և ուժային մյուս մարմինների տեղական կառույցները», բացահայտ այլասացություն է։ Գեներալ-գնդապետ Դյումինի վրա դրվել է «հակառակորդին Կուրսկից դուրս մղելու, դիվերսիոն-հետախուզական խմբերը ոչնչացնելու» մարտական առաջադրանք։

Իսկ նման խնդիր լուծելու համար նա պետք է ունենա համապատասխան լիազորություններ՝ որպես ՌԴ նախագահի, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի անձնական ներկայացուցիչ: Շատ որոշակի իմաստով Կուրսկի ուղղությամբ մարտական գործողությունների համար անմիջական պատասխանատվություն նույնպես Պուտինն է ստանձնում:

Պետք է ենթադրել, որ Կուրսկի մարզում մոտակա օրերին ծավալվելու են վճռական մարտեր։ Եթե «ուկրաինական օկուպացիան» երկարաձգվի, ապա Կրեմլում և նրա շուրջ կարող են ներքին խարդավանքներ ծավալվել։ Կիևում չեն թաքցնում, որ հանդուգն ռազմագործողության հիմնական նպատակը Ռուսաստանում ներքին անկայունություն ստեղծելն է։

Բայց եթե «դաշտային» գեներալները «հոգնել են» կամ «եղբայրասպան պատերազմն անիմաստ են համարում», ապա ի՞նչ կարող է անել Ալեքսեյ Դյումինը: Ռազմա-դաշտային «դատարա՞ն» է ստեղծելու, թե՞ վերականգնելու է «սմերշը»:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *