Շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի առաջարկը ստանա միջազգային աջակցություն:
Հակոբ Բադալյան
Ո՞րն է Բաքվի նոր սադրիչ ապատեղեկատվության նպատակը
Ադրբեջանը երկրորդ անգամ հայտնում է, թե իբր Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նախիջեւանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա: Նախ Բաքուն այդ մասին հայտարարել էր նախօրեին երեկոյան, ինչը հերքել էր Հայաստանի ՊՆ-ն, հայտնելով, որ դա ապատեղեկատվություն է:
Սակայն, առավոտյան Ադրբեջանը դարձյալ տարածել է տեղեկություն, թե հայկական ուժերը գիշերը 3.20-ի սահմանում իբր դարձյալ կրակել են Նախիջեւանի դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի տեղեկատվական այդ ձեռագիրը բոլորովին նոր չէ, եւ մշտապես հարցն այն է, թե ինչն է լինում դրա նպատակը, ի՞նչ նպատակով է Բաքուն դիմում հրադադարի խախտման ապատեղեկատվության, ի՞նչ հարց փորձում լուծել Ադրբեջանը որեւէ անգամ, երբ ձեռնմուխ է լինում հրադադարի խախտման մասին ապատեղեկատվության: Հերքելով Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունը, Հայաստանը հերթական անգամ հիշեցրել է հրադադարի խախտման համատեղ քննական մեխանիզմ ստեղծելու մասին առաջարկը, որն արդեն ամիսներ է, ինչ բարձրաձայնել է Երեւանը սակայն որեւէ կերպ չի արձագանքել Բաքուն:
Ադրբեջանի համար այդ մեխանիզմը ձեռնտու չէ հենց այն պատճառով, որ հրադադարի խախտման մասին ապատեղեկատվական ալիքները Բաքուն ծավալում է ոչ «հենց այնպես», այլ շատ կոնկրետ քաղաքական նպատակներով: Եթե ձեւավորվի քննության համատեղ մեխանիզմ, ապա բնականաբար դա կբարդացնի հրադադարի խախտման հանգամանքները քաղաքական նպատակներով օգտագործելը, էապես նվազեցնելով սահմանային իրավիճակի ռազմա-քաղաքական սադրանքի «ներուժը»: Այստեղ շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի առաջարկը ստանա միջազգային աջակցություն:
Իհարկե ունենալ պատրանք, թե միջազգային աջակցության պարագայում Ադրբեջանը հեշտությամբ կընդունի այն, կամ կընդունի ընդհանրապես, կլինի շատ միամիտ: Սակայն, այդուհանդերձ, սահմանային իրավիճակը սադրանքի նպատակի ծառայեցնելու Ադրբեջանի հնարավորությունների «գործակիցը» զգալի կնվազի, եթե Հայաստանի առաջարկը՝ հետաքննության համատեղ մեխանիզմի վերաբերյալ, արժանանա միջազգային քաղաքական առարկայական խրախուսանքի: Հավասարության նշանով արձագանքները կամ հավասարության նշանով լռությունը աշխատում են հօգուտ այն կողմի, ում համար հրադադարի խախտման հանգամանքը քաղաքական սադրանքի, շանտաժի ռեսուրս է: Իսկ դա ռեսուրս է այն կողմի համար, որն ունի ուժային գերակշռություն եւ այդ գերակշռության միջոցով փորձում է թե քաղաքական, թե հոգեբանական ճնշման տակ պահել Հայաստանին:
Հոդվածը՝ 1in.am կայքից։