Հայաստան

Իրանը Կհարվածի Թե Ոչ

Հանիայի չեզոքացումը այդուհանդերձ շատ ավելի բարդ եւ բազմաշերտ գործընթացի «դրսեւորում» է, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Հակոբ Բադալյան

Իրանի պատասխան հարվածը հասունացմա՞ն, թե՞ լիցքաթափման փուլում է

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարը զրույց է ունեցել Կատարի արտգործնախարարի հետ, որի ընթացքում քննարկվել է Գազայյում հրադադարի հարցը: Այդ զրույցը ուշադրության է արժանի նրանով, որ փաստացի տեղի է ունենում քառակողմ քննարկմանը զուգահեռ՝ Կատարի, ԱՄՆ, Եգիպտոսի եւ Իսրայելի մասնակցությամբ, որը կայացել է Կատարի մայրաքաղաք Դոհայում: Ըստ էության հնարավոր է ասել, որ Իրանը Կատարի հետ շփմամբ դառնում է այդ քննարկման հեռակա մասնակից հինգերորդ կողմը: Տվյալ պարագայում սակայն էական է, թե ի՞նր դիրքորոշմամբ:

Իսրայելի վարրչապետ Նաթանյահուն նախօրեին հայտարարել է, թե ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիայի չեզոքացումից հետո Գազայում համաձայնության շամնսերը ավելացել են: Սա իհարկե առաջին հայացքից հնչում է տարակուսելի, քանի որ Հանիային փոխարինել է Յահյա Սինվարը, որը համարվում է առավել արմատական դիրքորոշման կրող: Ավելին, Սինվարը ինքն էլ ընդունել է, որ եղել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայից Իսրայելի ուղղությամբ հարձակման կազմակերպիչներից: Գազայում պատերազմը սկսել է հենց այդ հարձակումից:

Հետեւաբար, Նաթանյահուի հայտարարությունը, թե Հանիայի սպանությունը բարձրացրել է համաձայնության շանսերը, կամ կատարյալ երեսպաշտություն է՝ ինչը իհարկե Նաթանյահուի պարագայում որեւէ կերպ զարմանալի չի լինի, կամ պարունակում է տողատակեր, որոնք հուշում են, որ Թեհրանում Հանիայի չեզոքացումը այդուհանդերձ շատ ավելի բարդ եւ բազմաշերտ գործընթացի «դրսեւորում» է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հանգամանք, որի հնարավորությունը դիտարկել եմ սպանության առաջին իսկ ժամերից հետո: Այդ դեպքում սակայն առաջանում է Իրանի պատասխան հարվածի հարցը: Գազայի շուրջ բանակցության մասնակիցները, նաեւ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան կոչ են անում Իրանին չանել գործողություններ, որոնք կխափանեն Գազայի հարցում հնարավոր բանակցությունը եւ հրադադարի հասնելու համաձայնությունը:

Չի բացառվում, որ Թեհրանը հենց այդ պատճառով է նաեւ «ուշացնում» իր պատասխանը, ցույց տալու համար, որ ինքը ամենեւին չի խոչընդոտել բանակցությանը, սակայն դա նաեւ չի նպաստել արդյունավետ համաձայնությանը: Բացառված չէ նաեւ, որ Թեհրանը կարող է այդ բանակցության արդյունքով պայմանավորել իր պատասխանի բնույթը, տրամաբանությունը եւ ուժգնությունը: Սակայն, այստեղ հարցն այն է, որ Գազայի համաձայնությունը եւ հրադադարը ինքնին չի կարող լինել Իրանի պատասխանը «չեղարկելու» պատճառ, քանի որ այդ պարագայում կարող է ստացվել, որ Իրանի հեղինակության հաշվին Հանիան դուրս է բերվել խաղից եւ կազմակերպվել է համաձայնություն: Հետեւաբար, Իրանի պատասխանի «հրամայականը» կարող է չեղարկվել կամ նկատելի «մեղմվել», եթե Գազայի շուրջ ձեռք բերվի այնպիսի համաձայնությունը, որը կարտացոլի բաղադրիչներ, որոնք կընդգծեն Իրանի ռեգիոնալ դերը նոր աստիճանով:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *