ՌԴ ԱԳՆ-ն, գուցե ակամա, բայց գաղտնիքը մատնել է՝ Արևմուտքը սատարում է Հարավային Կովկասում հայ քաղաքական ինքնությանը և Հայաստանի՝ որպես սուվերեն պետությանը, իսկ Ռուսաստանը և Ադրբեջանը՝ ոչ:
Վահրամ Աթանեսյան
Ռուսաստանը հովանավորում է Հարավային Կովկասի քաղաքական պատմության Բաքվի նարատիվը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի պատմության 8-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. «Կասկածի տակ դնել ներկայիս Հայաստանի կայացման գործում Ռուսական կայսրության, ապա ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի հատուկ դերը, նշանակում է հանրահայտ փաստերին դեմ գնալ: Խոսքը մեր ընդհանուր պատմության խեղաթյուրման հերթական անսքող փորձի մասին է»։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության «հուզական արձագանքի» ֆորմալ առիթն այն է, որ դասագրքի մի գլուխ վերնագրված է «Արևելյան Հայաստանը բռնակցումը Ռուսաստանին»: Ընդ որում, Ռուսաստանի ԱԳՆ-ն չի հերքում, որ տեղի է ունեցել ռուս-պարսկական պատերազմ, կնքվել Թուրքմենչայի պայմանագիր: Իսկ դա նշանակում է, որ Արևելյան Հայաստանը գրավվել է, անջատվել Պարսկաստանից եւ անցել Ռուսական կայսրության տիրապետության տակ: Եթե մի տարածքի մի պետության ենթակայությունից ռազմական ուժով մյուսին անցնելը բռնակցում չէ, ապա ի՞նչ է:
Իսկ եթե դա ազատագրում է, ապա Ռուսաստանը պետք է ընդունի, որ Հայաստանը եղել է պետություն, Պարսկաստանի կողմից գրավվել է, դարեր շարունակ պայքարել և իր օգնությամբ վերականգնվել: ՌԴ ԱԳՆ հայտարարությունը նման «նոտա» չունի: Բայց դա այնքան էլ էական չէ, շարադրանքը ավելի ենթատեքստային է, քան կարող է ընկալվել առաջին հայացքից:
Ռուսաստանի ԱԳՆ-ն փաստացի ճանաչում և հովանավորում է Հարավային Կովկասի քաղաքական պատմության Բաքվի նարատիվը, ըստ որի 1991 թվականի հոկտեմբերի 18-ի պետական անկախության վերականգնման մասին սահմանադրական ակտում ձևակերպված է. «Ռուսաստանը 1806-1828 թվականներին օկուպացրել է Ադրբեջանը»: Այդ ակտը Ադրբեջանի գործող սահմանադրության հիմքն է:
Ըստ էության, Ադրբեջանի սահմանադրությունը Հարավային Կովկասում Հայաստանի և հայ քաղաքական ինքնության գոյությունը չի ճանաչում: Բաքվի քաղաքական խոսույթը կառուցված է այն թեզի վրա, որ Ռուսաստանը «գրավել է Ադրբեջանը, իրականացրել հայ բնակչության ներգաղթ, և այդ հիմքի վրա ստեղծել հայկական ինքնություն, իսկ բոլշևիկյան իշխանությունը նրան օժտել է պետականությամբ»:
Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունն, իհարկե, բաց տեքստով դա չի ասում, բայց ներկայիս Հայաստանի կայացման գործում Ռուսական կայսրության, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի «հատուկ դերի» շեշտադրումն այլ բան չէ, քան Ադրբեջանի պետական նարատիվին ակնհայտ աջակցություն և հովանավորչություն:
Վտանգավորն այն է, որ այս հայտարարությունը կարող է ունենալ քաղաքական հնարավոր հետևանքներով հղի ազդակ: Թերևս դրանով է բացատրվում «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» փոխարինելու շուրջ հայաստանյան քաղաքական և գիտական որոշակի շրջանակների գրեթե թշնամական վերաբերմունքը:
Կարելի է, գուցե և պետք է դասագրքերում տալ մի փոքր նուրբ ձեւակերպումներ, բայց խնդիրը մնում է սկզբունքային: Հայաստանն իր պետականությամբ Ռուսաստանի «ստեղծած» է և «հավերժ պարտական» նրան, թե՞ Հայաստանի անկախ հանրապետությունը նրա քաղաքացիների հավաքական ձեռքբերումը:
Սա արդեն «ընդհանուր հիշողության» կամ «արևմտյան ինժեներիայի պատվերով պատմությունը խարդախելու» հետ ոչ մի կապ չունի՝ որպես գիտական կամ նույնիսկ քաղաքակրթական խնդիր: ՌԴ ԱԳՆ-ն, գուցե ակամա, բայց գաղտնիքը մատնել է՝ Արևմուտքը սատարում է Հարավային Կովկասում հայ քաղաքական ինքնությանը և Հայաստանի՝ որպես սուվերեն պետությանը, իսկ Ռուսաստանը և Ադրբեջանը՝ ոչ: Թե ի՞նչ ընտրություն պետք է կատարի Հայաստանի քաղաքացին, այլևս բանավեճից դուրս է:
Հոդվածը՝ 1in.am կայքից։