Հայաստան

Հերթական Պաթետիզմը

Այդ ճգնաժամի «հաղթահարման» ուղիները ըստ էության շարունակում են փնտրվել այնտեղ, որտեղ ճգմաժամի արմատն է՝ դեկլարատիվ մոտեցումներում:

Հակոբ Բադալյան

Հայաստանի խցանումը. պաթետիկ կոդեքսից՝ պետական կոդեքս

Նախօրեին Անկախության հռչակագրի տարեդարձը նշող Հայաստանում հորդում էին տարբեր բնույթի եւ տրամաբանության ճառեը եւ ուղերձները: Սա բավականին խորհրդանշական հանգամանք է, քանի որ Անկախության հռչակագիրն ու ընդհանրապես պետականության իրավա-քաղաքական բոլոր կարեւորագույն փաստաթղթերը Հայաստանում ըստ էության անկախ պետակկանության երեք տասնամյակի ընթացքում այդպես էլ մնացին ճառերի եւ ուղերձների տրամաբանության մեջ, եւ փոխվել ու փոխվում է լոկ այն, թե այդ ճառերն ու ուղերձները ինչքանով են համահունչ տվյալ պահին, տվյալ ժամանակահատվածում կամ շրջափուլում դրանց հեղինակների քաղաքական անհրաժեշտությունների տրամաբանությանը:

Դա է գլխավոր պատճառը, որ պետականության երեք տասնամյակը ունեցել է ոչ թե վերընթաց կոր, այլ վերընթաց պաթոս, իսկ գործնական կյանքում՝ համակարգային խնդիրների խորացում: 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխություն-իշխանափոխությունից հետո երկիրը ոչ միայն չմոտեցավ այդ համակարգային խնդիրների լուծումներին, այլ հակառակը՝ այդ խնդիրները ենթարկվեցին պաթետիկ նոր «մուտացիայի», այս անգամ «հեղափոխության» տրամաբանությունից բխող, «հեղափոխական համեմունքով»: Հետեւանքը այն է, որ Հայաստանում համակարգային ճգնաժամը շարունակում է խորանալ ոչ միայն պետական կառավարման, այլ ըստ էության հասարակական-քաղաքական, տնտեսական կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:

Այդ ճգնաժամի «հաղթահարման» ուղիները ըստ էության շարունակում են փնտրվել այնտեղ, որտեղ ճգմաժամի արմատն է՝ դեկլարատիվ մոտեցումներում: Ավելին, գումարվում են նոր՝ պոետիկ տարրեր: Հայաստանում չեն ձեւավորվում միջավայրեր, որտեղ պետականության կառուցվածքը, տրամաբանությունը, զարգացման թե ոլորտային, թե լայն իմաստով էքզիստենցիալ հեռանկարները կունենան առարկայական, մասնագիտական քննարկումներ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ներպետական, ներհասարակական դիսկուրսը բերել նոր մակարդակի, հետեւաբար Հայաստանում սահմանել նաեւ քաղաքական պատասխանատվության նոր մակարդակ, ինչը պետության քաղաքական զարգացման կարեւորագույն գրավականներից մեկն է, առանց որի մեծ հաշվով անվերջ տեղապտույտի մեջ է մնալու համակարգային զարգացման հեռանկարը: Հայաստանում անցնող ավելի քան երեք տասնամյակում տեղի չի ունեցել առանցքայինը, կամ՝ ինչ որ փուլում արգելակվել է առանցքայինը՝ Անկախության հռչակագրից՝ էլիտաների անցումը պետական կոդեքսի, պաթետիկ կոդեքսի փոխարեն:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *