Վտանգավոր է նաեւ քաղաքական բաղադրիչի նենգափոխումը, երբ «միակ քաղաքական միտք» դիտվում է այն, որ մենք մեզանից չենք ներկայացնում ոչինչ եւ պետք է սկսվենք մեր սահմաններում:
Հակոբ Բադալյան
Արցախի առնչությամբ հուզականության ու պաթոսի ասպարեզներում մրցակցության օրերից է սեպտեմբերի 2-ը:
Ցավոք, Արցախի հարցում Հայաստանում ըստ էության այդպես էլ չեղավ, ու խոշոր հաշվով չի լինում, եւ թերեւս չի էլ լինելու քաղաքական մտքի մրցակցություն՝ գերազանցապես հուզականություն ու պաթոս:
Այդ ընթացքում մեր շուրջ փոխվում էր աշխարհաքաղաքական իրավիճակը, իսկ մենք ավելի ամուր էինք կառչում այդ հուզականությանն ու պաթոսին, դիտարկելով դա որպես քաղաքական դիվիդենտի անսպառ աղբյուր:
Արցախն այսօր չկա, բայց շարունակում է անսպառ աղբյուրի գիտակցումը:
Մինչդեռ,, իսկապես կա Արցախի հարցը պահելու մարտահրավերը, որի վերաբերյալ լուծումները բացարձակապես պաթոսի եւ հուզականության դաշտում չեն, այլ իրականությունը՝ իր հնարավորություններով, մեր վերմակի օբյեկտիվ ու սուբյեկտիվ չափով, մեր շուրջ գոյություն ունեցող ուժերի հարաբերակցությամբ եւ իրողություններով ընդունելու կարողության դաշտում:
Դրա շնորհիվ է, որ հնարավոր է առավել ստույգ հասկանալ, թե ինչպես կարող ենք սպասարկել այդ խնդիրը՝ որպես հանրություն, պետականություն, որպես ազգ եւ աշխարհում ինստիտուցիոնալ սփռվածություն ունեցող ժողովուրդ: Ինչպես կարող ենք այդ ամենը համադրել, բայց ոչ թե պաթետիկ միասնականության, այլ պետական շահի գերակայության, աշխատանքային հարաբերությունների, քաղաքական մրցակցության ու շահերի համատեքստում:
Ես բացարձակապես չեմ ասում, որ չկա հուզականության ու պաթոսի առիթ, պատճառ, գուցե նույնիսկ անհրաժեշտություն:
Ամենեւին, այդ երեւույթներն էլ բնականոն են, անխուսափելի, օրգանական, բնական: Ի վերջո, Արցախը մեծ հաղթանակ էր, այսօր՝ մեծ ցավ:
Բայց, քաղաքական միտքը, քաղաքականությունն է, որ պետք է բերի լուծումների: Երբ հուզականությունն ու պաթոսը իր տեղում լինելու փոխարեն, սկսում է փոխարինել քաղաքականությանը, դա բերում է ոչ թե լուծումների, այլ նորանոր կորուստների:
Միեւնույն ժամանակ, վտանգավոր է նաեւ քաղաքական բաղադրիչի նենգափոխումը, երբ «միակ քաղաքական միտք» դիտվում է այն, որ մենք մեզանից չենք ներկայացնում ոչինչ եւ պետք է սկսվենք մեր սահմաններում:
Պետք չէ ընկնել մի ծայրահեղությունից մյուսը: Պետք է պարզապես սառը հաշվարկելով հնարավորություններն ու արդյունավետ «բաժանել» աշխատանքը:
Քաղաքական հաշվարկն ու սառնասրտությունը բոլորովին «սսկվելու» կամ «չցցվելու» հոմանիշները չեն: Պարզապես, պետք է դադարի նաեւ քաղաքական մտքի՝ մի կողմից, եւ հուզականության ու պաթոսի՝ մյուս կողմից, հոմանիշացումը: Եվ սա մեծ հաշվով չի վերաբերում լոկ Արցախի հարցին:
Առանցքայինն այն է, իմ սուբյեկտիվ կարծիքով, որ, երբ մենք խոսում ենք այն մասին, որ Արցախի հարցը փակված չէ, ապա այդ խոսակցությունը չվարենք ինքնախաբեությամբ կամ մանիպուլյատիվ հաշվարկով, թե մեկ, հինգ կամ տասը տարի հետո բացելու ենք այն:
Հաշվարկի սառնության առանցքային հանգամանքը թերեւս այն կլինի, որ մենք պատկերացնենք, որ խնդրի սպասարկման քաղաքական աշխատանքը մեզանից կպահանջի մի քանի սերունդ:
Ահա այստեղ է կարեւոր, որ մենք կարողանանք հարցը պահել «քաղաքական հիշողության» ինստիտուցիոնալ, այլ ոչ թե «պատմական հիշողության» հուզական ու մաթետիկ դաշտում, եւ այդ առումով ի վիճակի լինենք մտածել երկար ժամանակով ու տարածությամբ:
Գրառումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։