Հայաստան

Ֆրանսիան Ալիևին Բռնապետ Է Համարում

Ադրբեջանի վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունն ունի մեկ այլ կարևոր ընդգծում. «Թվարկած ռիսկերից զատ, Ֆրանսիայի քաղաքացիներին, ինչպես նախկինում, վճռականորեն խորհուրդ չի տրվում այցելել Հայաստանի հետ (Ադրբեջանի) սահմանամերձ շրջաններ, նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շրջաններ և նախկին հարակից շրջաններ»,— ասված է փաստաթղթում:

Վահրամ Աթանեսյան

Մակրոնն Ալիեւին ճանաչեց բռնապետ, Եվրամիությունը կհետեւի՞ նրան

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից չորս օր անց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել և քաղաքացիներին հորդորել առանց խիստ անհրաժեշտության չայցելել այդ երկիր:

«Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողները, որ բնակվում են Ադրբեջանում կամ այնտեղ են մեկնում տրանզիտով, ենթարկվում են կամայական ձերբակալության, անարդարացի դատաքննության ռիսկի»,— ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությամբ:

Ֆրանսիայի ԱԳՆ գնահատմամբ՝ «այդ ռիսկին հատկապես կարող են ենթարկվել զբոսաշրջային պարզ այց կամ գործնական ուղևորություն կատարող մարդիկ, ձերբակալության կամ կալանքի դեպքում հիմնական ազատությունները երաշխավորված չեն»:

Վերջին երկու տարիներին Բաքուն Ֆրանսիայի նկատմամբ ակնհայտ գրեսիվ-թշնամական քաղաքականություն է վարում, այդ թվում՝ հովանավորելով Նոր Կալեդոնիայի և Կորսիկայի ծայրահեղ անջատողական խմբավորումներին: Ադրբեջանը նախագահի մակարդակով Ֆրանսիային մեղադրել է Ալժիրում «կազմակերպած ցեղասպանության և նորգաղութատիրական քաղաքականություն վարելու» մեջ:

Փարիզի պաշտոնական արձագանքի ժամանակը շատ ճիշտ է ընտրված. եվրոպական կառույցները, այդ թվում՝ ԵՄ-ն, Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները ոչ ժողովրդավարական, ոչ թափանցիկ և ոչ մրցակցային են ճանաչել: Եվրամիությունը կհետևի՞ Ֆրանսիայի օրինակին:

Ավելի ճիշտ՝ Ֆրանսիան քայլ կանի՞, որպեսզի Ադրբեջան այցի հետ կապված ռիսկերը վերագրելի լինեն նաև ԵՄ անդամ պետությունների քաղաքացիներին: Դա շատ բարդ խնդիր է. ԵՄ անդամ որոշ երկրներ Ադրբեջանի հետ բավական սերտ համագործակցություն ունեն: Այդուհանդերձ, Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը չի կարող Բրյուսելի կողմից մնալ չնկատված:

Ադրբեջանի վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունն ունի մեկ այլ կարևոր ընդգծում. «Թվարկած ռիսկերից զատ, Ֆրանսիայի քաղաքացիներին, ինչպես նախկինում, վճռականորեն խորհուրդ չի տրվում այցելել Հայաստանի հետ (Ադրբեջանի) սահմանամերձ շրջաններ, նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շրջաններ և նախկին հարակից շրջաններ»,— ասված է փաստաթղթում:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն ընդհանրության մեջ «անհիմն» որակելով Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը, միաժամանակ հաստատել է, որ Ադրբեջանում Ֆրանսիայի երկու քաղաքացի կալանքի տակ է:

Նրանցից մեկին Բաքուն անվանում է «Ադրբեջանում և հարևան երկրներում Ֆրանսիայի արտաքին հետախուզության ռեզիդենտ»: Իրականում Մարտին Ռայանը Բաքվում բրենդային գիների խանութ է ունեցել, և նրան ներկայացված մեղադրանքը այն է, որ «մի քանի անգամ հանդիպել է Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցների»: Ֆրանսիայի երկրորդ կալանավորված քաղաքացին Կլերկ Տեգոն է: Նա մեղադրվում է Բաքվի մետրոպոլիտենի «գույքը դիտավորյալ փչացնելու» մեջ: Տեգոն ձերբակալվել է երկու այլ օտարերկրացիների հետ՝ մետրոպոլիտենի վագոններից մեկի վրա ֆլոմաստերով գրություններ անելու համար: Մյուս օտարերկրացիները ենթարկվել են վարչական տուգանքի և ազատ արձակվել, իսկ Ֆրանսիայի քաղաքացու դեմ հարուցվել է քրեական գործ: Նրա նախնական կալանքի ժամկետն արդեն երկու անգամ երկարաձգվել է:

Որքան էլ զարմանալի լինի, բայց Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը չի անդրադարձել Ֆրանսիայի ԱԳՆ կողմից «նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքներ» օգտագործված ձևակերպմանը: Նա Ֆրանսիային ավանդական մեղադրանքներ չի ներկայացրել՝ կապված հայ-ադրբեջանական կարգավորման հարցում նրա «բացառապես հայամետ դիրքորոշման» հետ, ինչպես նաև չի կրկնել «Հայաստանին վերազինելու և նոր ագրեսիայի նախապատրաստելու» թեզը:

Ըստ երևույթին, Բաքվի համար Ֆրանսիայի ԱԳՆ նման հայտարարությունն անսպասելի էր: Ադրբեջանը, երևի, ակնկալել է, որ Ֆրանսիայի դիվանագիտական արձագանքը ձևակերպված կլինի «սպառանիքի» իմաստով և ոճով:

Փարիզը ոչ միայն ժամանակը, այլև խնդրի էությունն է ճշգրիտ սահմանել. Ադրբեջանը բռնապետություն է, այդ երկրում մարդու հիմնական իրավունքները և ազատությունները չեն հարգվում, արդարացի դատաքննության երաշխիքներ չկան, ուստի Ֆրանսիայի քաղաքացիներն այնտեղ այցելություններից պետք է ձեռնպահ մնան: Դա, ինչ խոսք, դիվանագիտական հարաբերությունների ճգնաժամ չէ, բայց սառնության և ցածր մակարդակի շփումների հրապարակայնացում է:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *