Հայաստան

Ինչո՞ւ Է Ալիևը Գնացել Հռոմ

Ի տարբերություն Ֆրանսիայի և Գերմանիայի, Իտալիան մի շարք, այդ թվում՝ Եվրամիության երկրներ ադրբեջանական գազի ներմուծման հարցերում Բաքվի հետ սերտ հարաբերություններ ունի:

Վահրամ Աթանեսյան

ԵԱՀԿ ՄԽ «լուծարման» ճանապարհը տանում է Հռո՞մ

Սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Հռոմ: Պաշտոնապես այցն անվանվել է «գործնական» և ծրագրվել է Իտալիայի նախագահի հրավերով: Դատելով «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալության հաղորդագրությունից, կողմերն ստորագրել են համաձայնագրեր, որոնց կարևորությունը նախագահի ներկայություն չի պահանջում:

Բայց, հնարավոր է, այդ տեղեկատվությունը միայն ծածկաքող է: Ադրբեջանը վերջերս Իտալիայից ձեռք է բերել ռազմա-տրանսպորտային ինքնաթիռ, և մամուլում տեղեկություն է տարածվել, որ կողմերը «քննարկում են ռազմա-տեխնիկական համագործակցության հետ կապված մի շարք ծրագրեր»:

Բացառված չէ, որ Ալիևը Հռոմ է մեկնել, որպեսզի Իտալիայի նախագահի և վարչապետի հետ քննարկի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը: Իտալիան Մինսկի խմբի անդամ է: 1992 թվականին իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆայելին նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահ:

ԼՂ կարգավորման բանակցային գործընթացը փաստացի մեկնարկել է Մարիո Ռաֆայելին նախաձեռնած խորհրդատվական քննարկումներով, որոնք անցկացվել են Հռոմում՝ 1992 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին:

Այդ հանդիպումներին ԼՂՀ ներկայացուցիչները հրավիրվել են պաշտոնապես, բայց նրանց մանդատի հարցում սուր տարաձայնությունների, ինչպես նաև այդ ընթացքում Ադրբեջանի կողմից Շահումյանի շրջանի և Մարտակերտի մի զգալի հատվածի օկուպացիայի պատճառով բանակցությունները որևէ արդյունքի չեն հասել:

Եվրոպական ազդեցիկ երկրներից Մինսկի խմբի անդամ են նաև Ֆրանսիան և Գերմանիան: Փարիզի հետ Բաքվի հարաբերությունները լարված են: Տարիներ շարունակ Ադրբեջանը պնդել է, որ Գերմանիան նույնպես ՄԽ համանախագահի կարգավիճակ ստանա, բայց քառասունչորսօրյա պատերազմից հետո Բաքվի և Բեռլինի միջև առանձնակի շփումներ, կարծես, չկան:

Ի տարբերություն Ֆրանսիայի և Գերմանիայի, Իտալիան մի շարք, այդ թվում՝ Եվրամիության երկրներ ադրբեջանական գազի ներմուծման հարցերում Բաքվի հետ սերտ հարաբերություններ ունի:

Ադրբեջանը գործնական կապեր ունի նաև Վատիկանի հետ: Իլհամ Ալիևը Հռոմ է մեկնել տիկնոջ ուղեկցությամբ: Մեհրիբան Ալիևան «Հեյդար Ալիև հիմնադրամի» միջոցների հաշվին Վատիկանում վերականգնողական ծրագրեր է հովանավորել: Վատիկանի պաշտոնաթերթը ներկայիս Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի տարածքի քրիստոնեական պատմամշակութային ժառանգությունն անվանել է «ուդի-աղվանական»:

Իտալիայի իշխանությունների նկատմամբ Վատիկանի ազդեցությունը ի՞նչ չափով է արտահայտվում, կարելի է միայն ենթադրել: Այնուամենայնիվ, ոչ ոք չի կասկածում, որ Կաթոլիկ եկեղեցու հովվապետը միջազգային քաղաքականության ազդեցիկ դերակատար է:

Որ Ալիևը Հռոմ է մեկնել նաև քննարկելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և այդ հարցում Իտալիայի աջակցության հնարավորությունը, զուտ ենթադրություն է, բայց նման խմորումների հավանականությունը, երևի, միանշանակորեն բացառելի չէ:

Իհարկե, նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ Թուրքիան կամ Ռուսաստանը, բայց դա չափազանց կողմնակալ կդիտվի: Իտալիայի պարագան սկզբունքորեն այլ է: Լինելով ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ, Իտալիան, կարծես, փոքր ինչ «մեկուսի» կեցվածք ունի: Ալիևը չի կարող այդ հնարավորությունն օգտագործելու փորձ չանել:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3461779.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *