Հայաստան

Բաքվի Քաղաքական Ականները

Ադրբեջանը պատրաստվում է ստորագրված կանոնակարգի տապալմա՞ն, թե՞ այդ կանոնակարգի շրջանակում կազմակերպվելիք աշխատանքային գործընթացը ռազմական շանտաժով ուղեկցելուն, որի շնորհիվ մտադիր է կանոնակարգը ծառայեցնել ոչ թե իրապես միջազգային նորմերի ու սկզբունքների արտացոլմամբ հավասարակշռված գործընթացի, այլ ռազմա-քաղաքական ագրեսիայի առիթի:

Հակոբ Բադալյան

Բաքուն պատրաստվում է կանոնակարգի տապալմա՞ն

Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը իր տեղակալ, ցամաքային զորքերի հրամանատար Միրզոեւի հետ իրականացրել են «պայմանական սահմանի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստության ստուգայց», ինչպես հայտնում են Ադրբեջանի լրատվամիջոցները: Հասանովը, ըստ այդ լրատվության, դրել է մարտական պատրաստությունը, ինչպես նաեւ զգոնությունը բարձրացնելու կոնկրետ խնդիրներ:

Ի՞նչ «պայմանական սահմանի» մասին է խոսքը, ո՞ր սահմանի ուղղությամբ տեղեկայված ստորաբաժանումների առաջ է Հասանովը դնում մարտական պատրաստությունը բարձրացնելու եւ զգոնությունը մեծացնելու «կոնկրետ խնդիրներ»: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը խոսելով Հայաստան-Ադրբեջան սահմանի մասին, պաշտոնական մակարդակով օգտագործում է «հայ-ադրբեջանական պայմանական սահման» անվանումը:

Իհարկե, Հասանովի ստուգայցի վերաբերյալ ձեւակերպումը այսպես ասած ռազմավարժական տերմինաբանություն է, ինչպես օրինակ «պայմանական հակառակորդ» տերմինը, որ օգտագործվում է տարբեր երկրներում զորավարժությունների ժամանակ, սակայն այդուամենայնիվ ինքնին փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը իրականացնում է սահմանային հատվածներում տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստության ստուգայց եւ դնում կոնկրետ խնդիրներ, պահանջում է մեծ ուշադրություն:

Հատկապես այն հռետորաբանության ֆոնին, որ Ադրբեջանը կիրառում է Հայաստանի հանդեպ, հանիրավի մեղադրանքներ բարձրաձայնելով «ռեւանշի նպատակով սպառազինվելու» մասին, պարբերաբար իրականացնելով իբրեւ թե հրադադարի խախտման վերաբերյալ տեղեկատվական արշավներ: Նախօրեին Հայաստանի կառավարության նիստում հավանության արժանացավ սահմանազատտման եւ սահմանագծման հանձնաժողովների միջեւ ստորագրված կանոնակարգը, որն ուղարկվեց Սահմանադրական դատարանի քննությանն ու հետո դրվելու է ԱԺ վավերացման:

Ադրբեջանն առայժմ չի սկսել կանոնակարգի հաստատման ներպետական ընթացք, փոխարենը կանոնակարգի ստորագրումից հետո պաշտպանության նախարարը իրականացնում է «պայմանական սահմանին» մոտ տեղակայված ցամաքային զորքերի մարտական պատրաստության ստուգայց եւ դնում «զգոնության» ու մարտական պատրաստության ավելացման «կոնկրետ խնդիրներ»: Ադրբեջանը պատրաստվում է ստորագրված կանոնակարգի տապալմա՞ն, թե՞ այդ կանոնակարգի շրջանակում կազմակերպվելիք աշխատանքային գործընթացը ռազմական շանտաժով ուղեկցելուն, որի շնորհիվ մտադիր է կանոնակարգը ծառայեցնել ոչ թե իրապես միջազգային նորմերի ու սկզբունքների արտացոլմամբ հավասարակշռված գործընթացի, այլ ռազմա-քաղաքական ագրեսիայի առիթի:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *