Հայաստան

ՌԴ-ը Եւ Թուրքիան Միասին Կլինե՞ն

Ռուս դիվանագետի հարցազրույցը վկայում է ներկա փուլում Մոսկվա-Անկարա հարաբերությունների առանցքային պահը: Խնդիրը Թուրքիայի քաղաքակրթական ընտրությունն է: Բայց Սոտնիկովի դիտարկումները նաեւ բացահայտում են, որ Էրդողանի հավակնոտության աղբյուրը նաեւ Ռուսաստանի աջակցությունն է:

Վահրամ Աթանեսյան

«Ռուսաստանը եւ Թուրքիան միասին ուժեղ են» բայց միասին կլինե՞ն

Անկարայում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Սոտնիչենկոն թուրքական Aydinlik թերթին հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան «որպես խանություն երկու հարյուր տարի մոնղոլական կայսրության կազմում են եղել, պատկանում են նույն քաղաքակրթությանը»։

Նա հիշեցրել է Ռուսական եւ Օսմանյան կայսրության «պատմական հարեւանությունը, որ համաշխարհային պատմության մեջ նախադեպ չունի»։ Ինչ վերաբերում է նոր շրջանին, ապա Սոտնիկովը խոսել է Մուստաֆա Քեմալի եւ Լենինին համագործակցության մասին եւ այն ներկայացրել որպես «միջազգային իմպերիալիզմի դեմ համատեղ պայքար»։

Սոտնիկովն ասել է, որ «Ռուսաստանը Թուրքիային հրավիրել է ԲՐԻԿՍ, մի կազմակերպություն, որտեղ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, բոլոր երկրներն ունեն որոշումների վրա ազդեցության իրավունք»։ Նրա գնահատմամբ՝ «ՆԱՏՕ-ում ամեն ինչ որոշում է ԱՄՆ-ը, մյուսները կատարում են նրա կամքը»։

Ռուսաստանի դեսպանատան խորհրդականը տարակուսանք է հայտնել, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինային, մինչդեռ «դա մի երկիր է, որի ձեռքերը թաթախված են պաղեստինցիների արյունով, իսկ Թուրքիան եւ Ռուսաստանը Պաղեստինի պաշտպանն են»։

Որպես ռուս-թուրքական համագործակցության օրինակ՝ Սոտնիկովն ասել է. «Մենք միասին ենք Սիրիայում, միասին ենք Ադրբեջանում, պետք է միասին լինենք իմպերիալիզմի դեմ պայքարում, որովհետեւ մենք ուզում ենք ինքնիշխան լինել»։

-Մենք 1920 թվականին համատեղ կռվել ենք Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ, մենք ընդհանուր թշնամի ունենք,-եզրափակել է ռուս դիվանագետը: Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը մեկնում է Նյու-Յորք, որտեղ նախ կհանդիպի ԱՄՆ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, ապա կմասնակցի Թուրքիա-ԱՄՆ տնտեսական համագործակցության խորհրդաժողովին:

Ռուս դիվանագետի հարցազրույցը վկայում է ներկա փուլում Մոսկվա-Անկարա հարաբերությունների առանցքային պահը: Խնդիրը Թուրքիայի քաղաքակրթական ընտրությունն է: Բայց Սոտնիկովի դիտարկումները նաեւ բացահայտում են, որ Էրդողանի հավակնոտության աղբյուրը նաեւ Ռուսաստանի աջակցությունն է:

Այսօր, սակայն, ստեղծվել է իրավիճակ, երբ պարզ չէ, թե կողմերից որն է ավելի շատ մյուսի կարիքն զգում: Այս դիտանկյունից գնահատելիս տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան «հայցում է» Անկարայի աջակցությունը: Աթաթուրք-Լենին համագործակցության հիշեցումը, կարծես, ակնարկ է, որ Թուրքիան «չմարած պարտամուրհակ ունի»։

Բայց Էրդողանն ընդունու՞մ է, որ պետք է մնա Քեմալ-Լենին պայմանավորվածությունների տիրույթում: Դա որքանո՞վ է համապատասխանում այսօրվա Թուրքիայի շահերին:

Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին փուլում փորձագիտական տեսակետ է տարածվել, որ Մոսկվան եւ Անկարան քննարկում են 21-րդ դարի մարտահրավերներին համարժեք եւ աշխարհաքաղաքական նշանակության նոր պայմանագիր ստորագրելու հնարավորությունը:

Անցած երկու տարիներին այդ ուղղությամբ տեսանելի գործընթաց չի ծավալվել: Անկարայում Ռուսաստանի դեսպանատան խորհրդականի հայտարարություններից հետեւում է, որ Մոսկվան Թուրքիային առաջարկություններ ունի: Ինչի՞ շուրջ են դրանք, եթե նախապայման է առաջադրվում, որ Թուրքիան միանշանակորեն եվրասիական ընտրություն կատարի?

Ռուսաստանը եւ Թուրքիան, այո, միասին ուժեղ կլինեն, խնդիրն այն է՝ նրանք միասին կլինե՞ն:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *