Հայաստան

Իրանին Խաբել Են, Ի՞նչ Կանի

Այժմ Իրանի նախագահը հայտարարում է, որ ԱՄՆ ու Եվրոպան իրենց խաբել են: Հարց է առաջանում՝ և ի՞նչ: Ի՞նչ է դա նշանակում, Իրանը հարվածելո՞ւ է Իսրայելին, իրականացնելո՞ւ է այն պատասխան գործողությունը, որի մասին պարբերաբար հայտարարել է ամիսներ, բայց այդպես էլ չի արել։

Հակոբ Բադալյան

ԱՄՆ ու Եվրոպան Իրանին խոստացել էին հրադադար Գազայում, եթե Թեհրանն Իսրայելին չպատասխանի ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության համար, բայց նրանք խաբեցին մեզ: Այդ հայտարարությունն արել է ոչ այլ ոք, քան Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը, որը նոր է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ մասնակցում էր Նյու Յորքում տեղի ունեցող ՄԱԿ ԳԱ հերթական նստաշրջանին: Մասուդ Փեզեշկիանն ու Իրանի արտգործնախարար Աբաս Արագչին Նյու Յորքում բավականին, այսպես ասած, կառուցողական հռետորաբանությամբ էին:

Դրա ֆոնին Իսրայելը ոչ միայն ուժգնացրեց հարվածները Լիբանանի ուղղությամբ, այլ թիրախավորեց ու սպանեց Հըզբոլլահի առաջնորդին Լիբանանում: Իսկ դա նշանակում է անուղղակի հարվածների շարունակություն Իրանի ուղղությամբ՝ հաշվի առնելով այն, որ Իրանն է Հըզբոլլահի և ընդհանրապես Մերձավոր Արևելքում «դիմադրության շարժման» անթաքույց հովանին: Ինչպես նկատել էի օրեր առաջ հրապարակման մեջ, բավականին ակնառու կոնտրաստ է՝ Նյու Յորքում Իրանի կառուցողականությունն ու Լիբանանի և Հըզբոլլահի ուղղությամբ Իսրայելի հարվածների ուժգնացումը:

Այժմ Իրանի նախագահը հայտարարում է, որ ԱՄՆ ու Եվրոպան իրենց խաբել են: Հարց է առաջանում՝ և ի՞նչ: Ի՞նչ է դա նշանակում, Իրանը հարվածելո՞ւ է Իսրայելին, իրականացնելո՞ւ է այն պատասխան գործողությունը, որի մասին պարբերաբար հայտարարել է ամիսներ, բայց այդպես էլ չի արել, փաստորեն Գազայում հրադադարի խոստման դիմաց: Այժմ, երբ նախագահի մակարդակով հայտարարվում է, որ այդ խոստումը եղել է կեղծ, լինելո՞ւ է պատասխան Իսրայելին: Թե՞ կեղծ է «կեղծ խոստման» մասին հայտարարությունը: Թեև հնարավոր է, որ հայտարարությունը կեղծ չէ, սակայն Իրանը, այդուհանդերձ, ավելի շատ փնտրում է Իսրայելին հարվածից խուսափելու պատճառ, քան հակառակը՝ հարվածելու պատճառ կամ առիթ:

Իրանը չափազանց զգուշավոր է, սակայն փաստացի ստացվում է, որ այդ զգուշավորությունն այլևս «սպասարկվում է» ռեգիոնում Թեհրանի հեղինակության հաշվին: Իսկ դա քայքայող գործընթաց է: Եթե մեծ պատերազմն Իրանի համար պարունակում է թե՛ արտաքին, թե՛ ներքին ռիսկեր, ապա, ըստ էության, պակաս ռիսկային չէ և այն, որ Իրանը հեղինակությունը քայքայող վարքագծի հաշվին է խուսափում մեծ պատերազմից:

Պետականության մեծ՝ հազարամյակների փորձ ունեցող Իրանը, անշուշտ, ունի վարքագծի ուրույն փիլիսոփայություն, ինչն էլ նաև այդ պետականության հազարամյակների ընթացքի գրավականներից է, բայց բոլոր դեպքերում, երբ պետությունը նախագահի մակարդակով խոստովանում է, որ իրենց խաբել են, դա ենթադրում է, որ պետք է լինի որևէ գործողություն, որն էապես տարբեր է լինելու «խաբելու հետևանքով» ձևավորված վարքագծից: Հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչ է պատրաստում Իրանը, եթե նախագահի մակարդակով հայտարարում է, որ իրեն խաբել են: Դա նշանակում է, որ Թեհրանը հրաժարվելո՞ւ է այն կառուցողական տոնայնությունից, որ նկատվում էր Նյու Յորքում Փեզեշկիանի և Արագչիի ելույթներում, թե՞ իր հերթին պատրաստվում է բարձրացնել խաղադրույքը, ինչպես անում է Իսրայելը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *