Հայաստան

Հայաստանը Վերականգնում Է Իր Ինքնուրույնությունը

 Հայաստանի նկատմամբ վստահության կորստի հարց կար։ Երբ 2013թ․ Սերժ Սարգսյանը մեկ գիշերում Հայաստանը մտցրեց ԵԱՏՄ, Արևմուտքը Հայաստանին անլուրջ պետություն համարեց, որի խոսքերին հավատալ չի կարելի։ Դրանով նաև պատերազմն ավելի մոտեցավ Հայաստանին, քանի որ Հայաստանն իր ամեն ինչը Ռուսաստանին հանձնելով՝ մնաց նրա հույսին։

Կայծ Մինասյան

1inTV-ը տեսակապով զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ, վերլուծաբան Կայծ Մինասյանի հետ։

Զրույցի ընթացքում քննարկվել է ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունն ու Հայաստանի տեղն ու դերը այդ ամենում։

Կայծ Մինասյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանն այժմ գտնվում է երկու պատերազմների արանքում՝ ռուս-ուկրաինական և պաղեստինա-իսրայելյան։ Տարածաշրջանում ամեն ինչ բավական անկայուն է, ընդ որում ոչ միայն Հարավային Կովկասը, այլև ողջ աշխարհն է գտնվում հարաբերական անկայունության մեջ։ Այն աշխարհը, որ ստեղծվել էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այլևս չկա։ Արևմուտքն այլևս չի կարողանում անել ինչ որ ցանկանում է։ Ուժերի նոր դասավորություններ են ձևավորվում, նոր իրավիճակներ են ստեղծվում ու պայքար է ընթանում առ այն, թե նոր աշխարհակարգում որ պետությունն է առաջնորդի կարգավիճակը իրեն վերցնելու։ Ոչ ոք դեռ չգիտե, թե այս ամենն ինչքան է տևելու։ Եվ հայաստանն էլ ինքնաբերաբար գտնվում է այդ վիճակի մեջ ու քանի որ մենք ունենք ոչ թե ֆունկցիոնալ, այլ կառույցային հարց, այս անորոշությունը մեզ վրա ավելի ծանր է ազդում։ Զգում ենք, որ մենք այնքան էլ ուժեղ և կարող չենք։

Քաղաքագետը անդրադարձավ այն երևույթին, որ մենք վերջին երեսուն տարվա ընթացքում չուժեղացանք, կորցրինք հնարավոր ամեն ինչ։ Հիմա Հայաստանը փորձում է վերականգնել իր խախտված ինքնուրույնությունը։ Մենք տեսանք, թե ինչ է նշանակում, երբ դու գտնվում ես միայն մեկ պետության կողքը, գտնվում ես նրա «հովանավորության տակ»։ Հայաստանի նախկին իշխանությունները ամեն ինչ տվեցին Ռուսաստանին՝ ակնկալելով ուրիշ բան, բայց տեսանք, որ երբ դու միայն մեկի ձեռքում ես, ապա չես կարողանում աշխատել մյուսների հետ, չես կարողանում հարաբերվել նրանց հետ։ Եվ հիմա, երբ Ռուսաստանը փորձում է կարծիք հնչեցնել, որ «Հայաստանը իրենցից բացի ուրիշ ոչ մեկին պետք չէ», դա հետևանքն է հենց այդ երկար տասնամյակների ընթացքում մեր ինքնուրույնությունը ուրիշին հանձնելու։ Ներկայիս ընդդիմությունը՝ ՀՀԿ, ՀՅԴ, Քոչարյան հենց այդ միտումն էլ փորձում են աշխատեցնել, որ Հայաստանը ոչ ոքի պետք չէ բացի Ռուսաստանից։ Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԵՄ ընթացքին, Արևմուտքի հետ մերձենալուն, ապա, նախ և առաջ պետք չէ սպասել, որ Հայաստանի անվտանգությունը պետք է գան և ապահովեն ուրիշները։ Առաջին հերթին մենք հենց մեզ վրա պետք է հույս դնենք, չառաջնորդվենք միայն մեկի ձեռքում մնալու կործանարար քաղաքականությամբ, կամ միջնադարյան՝ ուրիշից օգնություն ստանալու  մտայնությամբ։

Քաղաքագետը նաև խոսեց  այն մասին, որ ԵՄ-ը այսօր շատ ավելի մեծ վստահություն ունի Հայաստանի, քան Վրաստանի նկատմամբ։ Դա բավական բարդ աշխատանք էր, որ իշխանությունները կարողացան անել։ Որովհետև Հայաստանի նկատմամբ վստահության կորստի հարց կար։ Երբ 2013թ․ Սերժ Սարգսյանը մեկ գիշերում Հայաստանը մտցրեց ԵԱՏՄ, Արևմուտքը Հայաստանին անլուրջ պետություն համարեց, որի խոսքերին հավատալ չի կարելի։ Դրանով նաև պատերազմն ավելի մոտեցավ Հայաստանին, քանի որ Հայաստանն իր ամեն ինչը Ռուսաստանին հանձնելով՝ մնաց նրա հույսին։

Խոսելով միջազգային քաղաքական իրադարձությունների մասին՝ քաղաքագետն այն կարծիքն արտահայտեց, որ Իրանի, վերջին շրջանի հայտարարություններն ու պահվածքը վկայություն են այն բանի, որ Իրանը առաջնորդվում է սեփական շահերով, դրանում զարմանալի որևէ բան չկա։ Իրանը աջակցում էր ռուսներին ուկրաինական պատերազմում այն ներքին պայմանավորվածությամբ, որ Թեհրանը ռուսներին մատակակարած զենքերի դիմաց հայ-իրանական սահմանն անփոփոխ թողնելու երաշխիքներ կստանա։ Ու հիմա, տեսնելով, որ Ռուսաստանը այլ պահված է ցուցաբերում, փորձում է ինքն իրեն ապահովագրել անցանկալի երևույթներից ու միաժամանակ զերծ մնալ վտանգավոր փոփոխություններից։ 

ԲՐԻԿՍ-ի մասին Կայծ Մինասյանն ասաց, որ այնտեղ Հայաստանի հետ բավական սերտ կապեր ունեցող երկրներ կան՝ Հնդկաստան, Իրան և այլն ուստի ԲՐԻԿՍ-ի նկատմամբ մենք չպետք է միակողմանի վերաբերմունք ունենալ։ Չի կարելի ասել, որ եթե Ռուսաստանը ԲՐԻԿՍ-ի անդամ է, ուրեմն ԲՐԻԿՍ-ը ռուսական շահեր է արտահայտում։ Եթե այդպես լինի, ապա, նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ուրեմն ՀԱՊԿ շահեր է ներկայացնում, ինչն իհարկե այդպես չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *