Միջազգային

Մոսկվայի, Թեհրանի Եւ Պեկինի Միջամտությունները

Ռուսաստանը եղել է 2016 թ. ԱՄՆ ընտրությունների հետ կապված ապատեղեկատվության հիմնական ճարտարապետը, իսկ հաղորդագրությունները հիմնականում տարածվել են Facebook-ում: Այժմ Իրանը և Չինաստանը նույնպես նմանատիպ ջանքեր են գործադրում՝ ազդեցություն ունենալու ամերիկյան քաղաքականության վրա։

The New York Times

«Ինչպես են Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը միջամտում նախագահական ընտրություններին»
Ութ տարի անց այն բանից հետո, երբ Ռուսաստանը միջամտեց 2016 թ. նախագահական ընտրություններին, օտարերկրյա ազդեցությունը ամերիկյան ընտրողների վրա դարձել է ավելի խորամանկ։ Սա կարող է մեծ հետևանքներ ունենալ 2024 թ. մրցավազքում։ Երբ Ռուսաստանը 2016-ին միջամտում էր ԱՄՆ նախագահական ընտրություններին՝ համացանցում պառակտող ու զայրույթ առաջացնող հաղորդագրություններ տարածելով, այդ գրառումները կոպիտ էին, առատապես լցված ուղղագրական սխալներով և տարօրինակ շարադասությամբ։ Դրանք ուղղված էին ամեն կերպ ուշադրություն գրավելուն։ «Հիլարին սատանա է», – գրված էր ռուսների կողմից ստեղծված մեկ գրառման մեջ Facebook-ում։ Այժմ, ութ տարի անց, օտարերկրյա միջամտությունը ամերիկյան ընտրություններին դարձել է շատ ավելի նուրբ, և այն հետևելը դարձել է շատ ավելի դժվար։
Արտասահմանյան ապատեղեկատվությունը՝ հատկապես Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմից, վերածվել է մշտական ու վտանգավոր սպառնալիքի, քանի որ այս երկրները փորձարկում են, կրկնում ու կիրառում ավելի նուրբ տակտիկաներ, ինչպես պնդում են ԱՄՆ հետախուզական ու պաշտպանական ներկայացուցիչները, տեխնոլոգիական ընկերություններն ու ակադեմիական հետազոտողները։ Նույնիսկ ամերիկացիների փոքր հատվածի վրա ազդեցություն ունենալու ունակությունը կարող է մեծ հետևանքներ ունենալ նախագահական ընտրությունների համար, որոնք, ըստ հարցումների արդյունքների, գնում են հավասար մրցապայքարում։ Ամերիկյան հետախուզության գնահատմամբ՝ Ռուսաստանը ձգտում է աջակցել Դոնալդ Թրամփի թեկնածությանը, մինչդեռ Իրանը նախընտրում է Քամալա Հարիսին։ Չինաստանը կարծես թե չի նախընտրում որևէ որոշակի արդյունք։ Բայց ընդհանուր նպատակը նույնն է մնացել՝ սերմանել պառակտում և քաոս՝ հույս ունենալով վարկաբեկել ամերիկյան ժողովրդավարությունը ամբողջ աշխարհի աչքերում։ Այնուամենայնիվ, արշավներն էվոլյուցիայի են ենթարկվել՝ հարմարվելով փոփոխվող մեդիա միջավայրին և նոր գործիքների տարածմանը, որոնք թույլ են տալիս հեշտությամբ խաբել վստահող լսարանին։
Ռուսաստանը եղել է 2016 թ. ԱՄՆ ընտրությունների հետ կապված ապատեղեկատվության հիմնական ճարտարապետը, իսկ հաղորդագրությունները հիմնականում տարածվել են Facebook-ում: Այժմ Իրանը և Չինաստանը նույնպես նմանատիպ ջանքեր են գործադրում՝ ազդեցություն ունենալու ամերիկյան քաղաքականության վրա։ Այս երեք երկրներն իրենց ջանքերն ուղղել են տասնյակ հարթակների՝ սկսած փոքր ֆորումներից, որտեղ ամերիկացիները քննարկում են տեղական եղանակը, մինչև հաղորդագրությունների խմբեր, որոնք միավորվում են ընդհանուր հետաքրքրությունների շուրջ։ Երկրները վերցնում են օրինակներ միմյանցից, թեև վիճաբանություններ կան՝ արդյոք նրանք ուղղակիորեն համագործակցել են ռազմավարությունների մշակման մեջ։
Telegram-ում կան ռուսական բազմաթիվ հաշիվներ, որոնք տարածում են պառակտող, հաճախ սարկաստիկ տեսանյութեր, մեմեր և հոդվածներ՝ կապված նախագահական ընտրությունների հետ։ Բացի այդ, կան առնվազն հարյուրավոր հաշիվներ Չինաստանից, որոնք նմանակում են ուսանողներին՝ ամռանը ամերիկյան համալսարաններում լարվածություն ստեղծելու նպատակով՝ Գազայի պատերազմի հետ կապված։ Երկու երկրներն էլ ունեն հաշիվներ Gab-ում՝ սոցիալական մեդիայի քիչ հայտնի հարթակում, որն օգտագործվում է առավելապես ծայրահեղ աջերի կողմից։ Այստեղ նրանք տարածում են դավադրության տեսություններ։
Ռուսական օպերատիվները փորձել են նաև աջակցել Թրամփին Reddit-ում և ծայրահեղ աջերի նախընտրած ֆորումներում՝ թիրախավորելով վեց նահանգների ընտրողներին, ինչպես նաև իսպանախոս ամերիկացիներին, վիդեոխաղերի սիրահարներին և այլ անձանց, որոնց Ռուսաստանը որոշել է որպես Թրամփի հնարավոր աջակիցներ։ Այս մասին վկայում են սեպտեմբերին Արդարադատության նախարարության կողմից բացահայտված ներքին փաստաթղթերը։ Նոր ապատեղեկատվությունը, որը տարածվում է արտասահմանյան պետությունների կողմից, ուղղված չէ միայն «տատանվող» նահանգներին, այլև դրանց հատուկ շրջաններին, ինչպես նաև այդ շրջաններում առկա էթնիկ և կրոնական խմբերին։ Հետազոտողների և գիտնականների կարծիքով, ովքեր ուսումնասիրել են ազդեցության նոր արշավները, որքան ավելի նպատակային է ապատեղեկատվությունը, այնքան ավելի մեծ է դրա արդյունավետության հավանականությունը։ «Երբ ապատեղեկատվությունը ստեղծվում է կոնկրետ լսարանի համար՝ հիմնվելով նրա հետաքրքրությունների կամ կարծիքների վրա, այն դառնում է ավելի արդյունավետ… Նախորդ ընտրությունների ժամանակ մենք փորձում էինք պարզել, թե որն է լինելու հիմնական կեղծ պատմությունը։ Այս անգամ լարվածությունը ուժեղանում է նուրբ, բևեռացված հաղորդագրությունների միջոցով»,- ասում է Ռազմավարական երկխոսության ինստիտուտի հետազոտությունների տնօրեն Մելանի Սմիթը։
Իրանը, մասնավորապես, ծախսել է ռեսուրսներ քողարկված ապատեղեկատվություն ստեղծելու համար՝ նպատակային խմբեր ներգրավելու նպատակով։ «Ոչ մեր պատերազմը» անունով կայքը, որը նպատակաուղղված էր ամերիկյան վետերաններին, համատեղում էր գործող զինվորականներին անհրաժեշտ աջակցության պակասի մասին հոդվածներ ամերիկյան քաղաքականության դեմ դիրքորոշումներով և դավադրության տեսություններով: Այլ կայքերի շարքում էր նաև Afro Majority-ն, որը ստեղծում էր բովանդակություն՝ ուղղված սևամորթ ամերիկացիներին, և Savannah Time-ը, որը ձգտում էր ներգրավել պահպանողական ընտրողներին տատանվող Ջորջիա նահանգում։ Միչիգանում, ևս մեկ տատանվող նահանգում, Իրանը ստեղծել էր Westland Sun անունով առցանց պարբերական՝ Դետրոյթի արվարձաններում բնակվող արաբական ծագումով ամերիկացիներին ներգրավելու համար։
«Այն փաստը, որ Իրանը թիրախավորել է Միչիգանի արաբ և մուսուլման բնակչությանը, ցույց է տալիս, որ Իրանը խորապես հասկանում է Ամերիկայի քաղաքական իրավիճակը և կարողանում է նրբորեն մանևրել՝ ազդելով ընտրությունների վրա կարևոր ժողովրդագրական խմբի միջոցով»,- ասում է Պաշտպանության դեմոկրատիայի հիմնադրամի ավագ վերլուծաբան Մաքս Լեսերը։
Չինաստանն ու Ռուսաստանն աշխատում են նմանատիպ մեթոդներով։
Արհեստական բանականության վերջին զարգացումները մեծացրել են ապատեղեկատվության հնարավորությունները՝ համեմատած նախորդ ընտրությունների հետ, թույլ տալով պետական գործակալներին ստեղծել և տարածել իրենց արշավները ավելի խորամանկ ու արդյունավետ։ OpenAI-ն, որի ChatGPT գործիքը տարածել է այս տեխնոլոգիան, հայտնել է այս ամսին, որ խափանել է ավելի քան 20 արտասահմանյան օպերացիա, որոնք օգտագործել էին ընկերության արտադրանքները հունիսից սեպտեմբեր։ Դրանց թվում են Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և այլ երկրների փորձերը՝ կայքեր ստեղծելու և լրացնելու, սոցիալական ցանցերում քարոզչություն կամ ապատեղեկատվություն տարածելու՝ նույնիսկ հատուկ հաղորդագրությունների վերլուծման ու պատասխանելու միջոցով։ Առևտրային նպատակներով հասանելի արհեստական բանականության գործիքների օգուտը կարելի է գնահատել նախկին Ֆլորիդայի շերիֆի տեղակալ Ջոն Մարկ Դուգանի ջանքերով, ով այժմ ապրում է Ռուսաստանում՝ ԱՄՆ-ում քրեական մեղադրանքներից թաքնվելու համար։ Մոսկվայում գտնվող իր բնակարանից նա ստեղծել է տասնյակ կայքեր, որոնք ներկայանում են որպես ամերիկյան լրատվական միջոցներ, և օգտագործել դրանք՝ ապատեղեկատվություն տարածելու համար՝ ինքնուրույն կատարելով աշխատանք, որը ութ տարի առաջ կպահանջեր ամբողջ բոտերի բանակ։ Չինաստանը նույնպես օգտագործում է ավելի կատարելագործված գործիքակազմ՝ ներառելով ձայնագրություններ, որոնք կեղծված են ԱԲ-ով, վնասաբեր մեմեր և կեղծված ընտրողների հարցումներ։
Աղբյուրը՝ nytimes
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *