Հայաստան

Էրդողանն Ու Երևանի Նոր Մարտահրավերը

Էսենյուրտի քաղաքապետին ներկայացված մեղադրանքի մի դրվագը վերաբերում է նրան, որ նա Իմրելի կղզում ցմահ դատապարտված Օջալանի հետ հեռակա կարգով քննարկել է քրդական քաղաքական ինքնավարության հարցը: Խոսքը, ըստ երևույթին, ավելի խորքային համատեքստի մասին է:

Վահրամ Աթանեսյան

Էրդողանն անցնում է ռեպրեսիաների. դա նաև Հայաստանի մարտահրավերն է

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, ձերբակալվել է Ստամբուլի Էսենյուրտ մունիցիպալիտետի ղեկավար Ահմետ Օզերը: Ոստիկանությունը մուտք է գործել նրա բնակարան և աշխատավայր, կատարվել են խուզարկություններ: Ստամբուլի դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Օզերը մեղադրվում է «Քրդական բանվորական կուսակցության հետ ավելի քան տասը տարի անընդմեջ-օրգանական կապ հաստատելու, ահաբեկչական գործողություններին օժանդակելու մեջ»։

Ահմետ Օզերը Ժողովրդա-հանրապետական (քեմալական) կուսակցության անդամ է, Էսենյուրտի մունիցիպալիտետի ղեկավար է ընտրվել այս տարվա մարտի 31-ին: ԺՀՊ առաջնորդ Օզելը նրա ձերբակալության առթիվ հայտարարություն է տարածել և հատուկ ընդգծել, որ տեղական ընտրություններում Էսենյուրտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելով՝ Ահմետ Օզերը Թուրքիայի պատկան բոլոր մարմիններից «մաքուր թուղթ» է ստացել: Դա նշանակում է, որ վեց ամիս առաջ Թուրքիայի ՆԳ նախարարությունը, հատուկ ծառայությունները Օզերի կենսագրության և գործունեության մեջ կասկածելի ոչինչ չեն տեսել, ուստի և նրա թեկնածությունը գրանցվել է: ԺՀՊ առաջնորդ Օզելը կատարվածը որակել է «քաղաքական բեմադրություն»։

Իշխանությունների քայլը դատապարտող հայտարարություն է տարածել նաև Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուն: Ահմետ Օզերի ձերբակալությունը և ՔԲԿ հետ կապերի մեջ նրան ներկայացված մեղադրանքը վկայում են, որ Թուրքիայի ներքաղաքական կյանքում արտակարգ զարգացումներ են հասունանում:

Մունիցիպալ ընտրություններում պարտությունից հետո Էրդողանը երկու հանդիպում է ունեցել գլխավոր մրցակցի՝ ԺՀՊ առաջնորդ Օզելի հետ: Թուրք մի շարք փորձագետներ նույնիսկ կանխատեսել են, որ իշխող և հիմնական ընդդիմադիր կուսակցությունները «նոր սահմանադրության նախագծի շուրջ կարող են համաձայնության գալ»։

Էսենյուրտի քաղաքապետին ներկայացված մեղադրանքի մի դրվագը վերաբերում է նրան, որ նա Իմրելի կղզում ցմահ դատապարտված Օջալանի հետ հեռակա կարգով քննարկել է քրդական քաղաքական ինքնավարության հարցը: Խոսքը, ըստ երևույթին, ավելի խորքային համատեքստի մասին է:

Հավանական է, որ ԺՀՊ-ն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ նոր սահմանադրության շուրջ փակ քննարկումներում շոշափել է քրդական հարցին քաղաքական լուծում տալու հնարավորությունը: Վերջին օրերին Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Բահչելին մի քանի անգամ հայտարարել է, որ Թուրքիայում չի եղել, չկա և չի լինելու քրդական հարց: Թուրքիայի նախագահը, ամենայն հավանականությամբ, ընտրում է ծայրահեղ ազգայնականության խոսույթը: Իսկ այն լայնորեն հանրայնացնելու և աջակցություն ստանալու համար գլխավոր մրցակցին՝ ԺՀՊ-ին պետք է ներկայացնել ոչ միայն արևմտյան իմպերիալիզմի գործակալ, ազգային ավանդույթների և իսլամի թշնամի, այլև քրդական ահաբեկչության, երկրի մասնատման աջակից: Էրդողանը, երևի, Էսենյուրտի քաղաքապետի ձերբակալությամբ չի սահմանափակվի. Տարածաշրջանում «Սայքս-Պիկոյի ծրագիրը կասեցնելու» նրա դիվանագիտական ջանքերն ակնհայտորեն բավարար չեն: Էրդողանը, թվում է, որոշել է ներքին կյանքում վերադառնալ ռեպրեսիվ քաղաքականությանը, իսկ արտաքին հարաբերություններում «մկաններ ցուցադրել»։

Առկա իրողությունների հաշվարկով՝ Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության ռադիկալացումը ոչ մի առումով չի նպաստի հայ-ադրբեջանական կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության, խաղաղության հաստատմանը, ուստի և հայ-թուրքական «պատմական հաշտեցմանը»։ Ավտորիտար, ռեպրեսիվ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմավարական գործընկերն է, հանդուրժողականը՝ ոչ: Եթե ԺՀՊ դեմ հալածանքները խորանան, ուրեմն Էրդողանն ընտրում է դիմակայության ճանապարհը: Դա նաև Հայաստանի մարտահրավերն է։

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *