Էներգառեսուրսներով հարուստ այս երկիրը, ըստ փորձագետների, իրականացնում է ավելի մռայլ գործունեություն՝ բանտարկելով տասնյակ ակտիվիստների և լրագրողների վերջին տարիների ամենաագրեսիվ ճնշումների արշավի շրջանակում։
The New York Times.
Երկրում, որը հյուրընկալում է մեծ կլիմայական հանդիպում, ուժեղանում են ճնշումները։
Իրավապաշտպանների կարծիքով՝ Ադրբեջանում սաստկանում է դաժան ճնշումների արշավը։ Սակայն գլոբալ գեոպոլիտիկայում այս էներգառեսուրսներով հարուստ Կովկասյան երկիրն այժմ ունի շատ ազդեցության լծակներ։ Մի քանի ամիսների ընթացքում, որոնք նախորդում են նոյեմբերին կայանալիք գլոբալ կլիմայական գագաթնաժողովին, Ադրբեջանի կառավարությունը ակտիվորեն պատրաստվում է հյուրընկալողի դերին՝ վերանորոգելով շենքերի ճակատները, պատրաստելով կամավորներին և վերակահավորելով մարզադաշտը՝ տասնյակ հազարավոր պատվիրակների համար։ Էներգառեսուրսներով հարուստ այս երկիրը, ըստ փորձագետների, իրականացնում է ավելի մռայլ գործունեություն՝ բանտարկելով տասնյակ ակտիվիստների և լրագրողների վերջին տարիների ամենաագրեսիվ ճնշումների արշավի շրջանակում։
Անցյալ տարի սկսված ձերբակալությունների շարքը զարմացրեց որոշ դիտորդների, ովքեր սպասում էին, որ Ադրբեջանի ավտորիտար առաջնորդը, նախագահ Իլհամ Ալիևը, կզգա միջազգային ճնշումը և գագաթնաժողովի նախօրեին, որը հրավիրում է ՄԱԿ-ը, կփորձի քաղաքական բացության պատրանք ստեղծել։ Փոխարենը, մարդու իրավունքների մոնիտորինգով զբաղվողների և քաղաքական վերլուծաբանների կարծիքով, Ադրբեջանի նախագահը, կարծես, նպատակ ունի ոչնչացնել անկախ քաղաքացիական հասարակության և ազատ մամուլի վերջին մնացորդները իր երկրում։
«Այդպիսի ճնշումներ երկրում վաղուց չէինք տեսել», — ասաց Շտեֆան Մայստերը, որը ուսումնասիրում է Ադրբեջանն ու նախկին Խորհրդային միության այլ երկրներ Գերմանիայի Միջազգային հարաբերությունների խորհրդի համար։ Նրա խոսքով՝ որոշ ձերբակալություններ դիտվում են որպես փորձ՝ «վերացնել այն ամենը, ինչը կարող է հանգեցնել գագաթնաժողովի շուրջ քննադատության»։
Իրավապաշտպանները նշում են, որ ձերբակալվածների թվում առնվազն 12 լրագրողներ են երեք հայտնի անկախ լրատվամիջոցներից։ Ալիևը միջազգային քննադատությունը ձերբակալությունների վերաբերյալ որակել է որպես «զրպարտչական արշավ», որը նպատակ ունի շեղել ուշադրությունը «մեր վեհ առաքելությունից՝ կլիմայական փոփոխությունների բացասական հետևանքների դեմ պայքարելու»։
Իշխանությունները ձերբակալությունների պատճառներ են նշել ենթադրյալ ֆինանսական հանցագործությունները և խիստ օրենսդրական ակտերի խախտումը՝ ուղղված ոչ կառավարական կազմակերպություններին։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ձերբակալությունները որակում են որպես քաղաքականորեն մոտիվացված, իսկ մեղադրանքները՝ անհիմն։ Human Rights Watch-ը անցյալ ամիս հրապարակած զեկույցում, որը ներկայացնում էր ձերբակալությունների մանրամասները, կոչ է արել կլիմայական հանդիպման մասնակից երկրներին՝ «բարձրաձայն արտահայտվել» քաղաքացիական հասարակության համար վատթարացող պայմանների մասին։ Սակայն միջազգային արձագանքը թույլ է եղել։ Կովկասում, որտեղ հանդիպում են Եվրոպան և Ասիան, 21 տարի իշխանության եկած Ալիևը դարձել է գերիշխող գործիչ։ Նավթի և գազի վաճառքից ստացված եկամուտներով ֆինանսավորվող ժամանակակից զինամթերքով նրա բանակը 2020 թվականին հաղթանակ տարավ հարևան Հայաստանի նկատմամբ, իսկ անցյալ տարի նոր հաղթանակ արձանագրեց երկարատև հակամարտության մեջ(հավանաբար նկատի ունեն 120 հազար արցախցիների բռնի տեղահանությունը․ խմբ․)։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունները բարձրացրել են Բաքվի դերը որպես Արևմուտքի հիմնական գործընկեր։ Եվրամիությունը դիտարկում է Ադրբեջանը որպես Ռուսաստանին փոխարինող՝ հանածո վառելիքի մատակարարման հարցում։ Ադրբեջանը նաև կարևոր գործընկեր է Իսրայելի համար՝ ներմուծելով իսրայելական զենք և վաճառելով նրան նավթ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ այս տարի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը առնվազն հինգ անգամ զրուցել է Իլհամ Ալիևի հետ՝ ողջունելով ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև «աճող գործընկերության նախաձեռնությունները»։ Բարձր կարգի մի եվրոպացի դիվանագետ, որը ցանկացել է անանուն մնալ, նշել է, որ Ալիևի վերջին ճնշումները պայմանավորված են այն հաշվարկով, որ, ըստ Ադրբեջանի, Արևմուտքը «մեզ ավելի շատ է պետք, քան մենք նրանց»։
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը, որը նախատեսված է նոյեմբերի 11-22-ը և որին կմասնակցեն տասնյակ համաշխարհային առաջնորդներ, հավանաբար էլ ավելի կբարձրացնի Ալիևի հեղինակությունը աշխարհում։ Նա հայտարարել է, որ այս տարվա հանդիպումը կանցնի «Միասնությամբ՝ կանաչ աշխարհի համար» կարգախոսի ներքո՝ չնայած այն հանգամանքին, որ հանդիպումը տեղի կունենա հանածո վառելիքով հարուստ ավտորիտար երկրում, ինչպես անցած տարի Դուբայում։ Ալիևը նշել է, որ անցյալ ամիս պատվիրակներին դիմելիս ասաց, որ գագաթնաժողովի կազմակերպչական կոմիտեում ընդգրկված են կանայք, խորհրդարանականներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Աղբյուրը՝ New York Times
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյան