Միջազգային

Թուրքիան Եւ Քրդական Հարցը

Ռաքայում եւ հարակից քրդաբնակ շրջաններում փաստացի դրված է քրդական ազգային ինքնությանը վերադառնալու խնդիր: Ի տարբերություն թուրքերի, որ տարածաշրջանում հաստատվել են ոչ ավելի, քան հազար տարի առաջ, քրդերը նախաբնիկ են:

Վահրամ Աթանեսյան

Ռաքայում եւ հարակից քրդաբնակ շրջաններում փաստացի դրված է քրդական ազգային ինքնությանը վերադառնալու խնդիր: Ի տարբերություն թուրքերի, որ տարածաշրջանում հաստատվել են ոչ ավելի, քան հազար տարի առաջ, քրդերը նախաբնիկ են:

Թուրքիան Իսրայելին մեղադրում է քրդական ռասիզմ ներդնելու մեջ։ Թուրքիայի նախագահ Էրդողանը կրկին դիմել է երկրի քուրդ բնակչությանը եւ կոչ արել միասնաբար պաշտպանել հայրենիքը եւ իսլամը: Նա քրդերին դարձյալ «եղբայր» է անվանել եւ հորդորել, որ խզեն Քրդական բանվորական կուսակցության հետ կապերը, ոչ մի օժանդակություն չցուցաբերեն «մարդկության եւ իսլամի թշնամի այդ ահաբեկչական խմբավորմանը»:
Էրդողանի կոչը հնչել է Ստամբուլի Էսենյուրտ մունիցիպալիտետի ղեկավար Ահմետ Օզերի ձերբակալությունից հետո, որ մեղադրվում է ՔԲԿ-ի հետ կապերի եւ ահաբեկչությանն օժանդակելու մեջ: Էսենյուրտի մունիցիպալ իշխանության ազգությամբ քուրդ ծառայողներն աշխատանքից ազատվել են: Թուրքական մամուլը գրում է, որ «քաղաքապետը բոլոր հարազատներին, բարեկամներին մունիցիպալիտետի աշխատակից էր նշանակել»:
Պետական քարոզչությունն ամեն ինչ անում է, որպեսզի միջազգային հանրությանը ներշնչի, որ Թուրքիայի ավելի քան քսանհինգ միլիոն քուրդ բնակչությունը քաղաքական ինքնության, անկախ պետություն հռչակելու կամ նույնիսկ սահմանադրությամբ ինքնավարություն չեն պահանջում, հանդիսանում են ընդհանուր թուրք հանրության մասը, միակ խանգարող հանգամանքը ՔԲԿ-ն եւ նրա զինված խմբավորումներն են: Մինչեւ Գազայում ռազմական գործողություններ սկսվելը Թուրքիան ՔԲԿ-ի եւ նրա սիրիական մասնաճյուղի հովանավոր էր համարում Միացյալ Նահանգներին: Իսրայելա-պաղեստինյան պատերազմից հետո Անկարան փոխել է հռետորաբանությունը եւ Թուրքիայում ու նրա սահմաններին մոտ իրաքյան եւ սիրիական տարածքներում քուրդ անջատողականների հովանավոր է հայտարարել «սիոնիստներին»:
Թուրքական մամուլը լայնորեն քննարկում է Սիրիայի հյուսիսում, Ռաքա քաղաքում եւ հարակից բնակավայրերում «քրդական ծայրահեղականության» մասին: Ըստ տեղեկությունների, քրդերը դպրոցներում արգելել են իսլամի հիմունքների դասավանդումը, սուրբ Ղուրանը եւ Մուհամեդ մարգարեն այլեւս պաշտամունքային չեն: Դրա փոխարեն քրդական դպրոցներում դասավանդվում է աթեիզմ, հատուկ դասընթաց նվիրված է զրադաշտականությանը, քուրդ սովորողներին ծանոթացնում են նաեւ սոցիալիստական ուսմունքի ծագման եւ հիմնական դրույթների հետ: Թուրքիայում համարում են, որ այդ նախաձեռնությունները հովանավորվում են Իսրայելի կողմից եւ ուղղված են իսլամական միասնության դեմ: Թուրքիայի իշխող՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը դավանում է քաղաքական իսլամ, փորձում է կրոնական համերաշխության հիմքի վրա հասնել ներթուրքական ազգային համերաշխության: Սիրիայի հյուսիսն անմիջականորեն սահմանակից է Թուրքիայի քրդաբնակ շրջաններին եւ այնտեղ ներդրված կրթական նորամուծությունները կարող են հետաքրքրություն առաջացնել:
Եթե տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա Ռաքայում եւ հարակից քրդաբնակ շրջաններում փաստացի դրված է քրդական ազգային ինքնությանը վերադառնալու խնդիր: Ի տարբերություն թուրքերի, որ տարածաշրջանում հաստատվել են ոչ ավելի, քան հազար տարի առաջ, քրդերը նախաբնիկ են: Քրդերի մի զգալի հատվածը նույնիսկ կարողացել է դիմակայել իսլամական ուծացմանը եւ պահպանել իր ազգային դավանանքը: Ըստ երեւույթին, Ռաքայի դպրոցներում զրադաշտության հիմունքների դասավանդումը քրդական ազգային-քաղաքակրթական ինքնության բացահայտման նպատակ է հետապնդում: Որքանո՞վ է էթնիկ-քաղաքակրթական այդ «վերածնունդը» համապատասխանում Իսրայելի տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական նկրտումներին եւ հավակնություններին՝ բարդ է ասել: Փաստ է, որ Թուրքիան ձգտում է Իսրայելի, վարչապետ Նաթանյահուի եւ նրա ռազմական կաբինետի հետ հակասությունները պրոյեկտել իսլամ-հուդայականություն, իսլամ-զրադաշտ կրոնական եւ էթնիկ-քաղաքակրթական անհամատեղելիության հարթությունում: Դա չափազանց վտանգավոր քաղաքականություն է եւ Մերձավոր Արեւելքը կարող է վերածել կրոնական-քաղաքակրթական պատերազմի ընդարձակ թատերաբեմի:
Թուրքիան Սիրիայի հյուսիսի հարցը փորձել եւ փորձում է կարգավորել նախագահ Ասադի հետ բանակցությունների միջոցով, բայց վերջինս մեկ տարուց ավելի է՝ Էրդողանի հետ դեմ առ դեմ հանդիպման համաձայնություն չի տալիս: Պետք է եզրակացնել, որ Ռաքայում իսլամի դեմ քրդական ծայրահեղականության քարոզչությամբ Թուրքիան այդ տարածքներում ռազմական գործողության համար հող է նախապատրաստում:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *