Մաս 2
Արդեն 2019 թվականին հետախուզության աշխատակիցները քննարկել են խողովակաշարը ոչնչացնելու հնարավորությունը։ Պլաններն այդ ժամանակ չեն իրականացել, իսկ հետո Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա և շարժվել դեպի Կիև։ Նախ պետք էր հետ մղել Մոսկվայի զորքերը։
Der Spiegel
Ուկրաինական մայրաքաղաքում շոգ է։ Առավոտյան հայտարարվել է օդային տագնապ։ հրթիռների, ռեակտիվ արկերի և անօդաչու թռչող սարքերի մեծ մասը որսացվել են։ Փոխադրամիջոցների պիկ ժամի երթևեկությունը շարունակվում է անխափան։ Մարդաշատ երկաթուղային կայարանում ոչ մի տաքսի չկա։ SPIEGEL-ի լրագրողները գիշերային գնացքով ժամանել են Լեհաստանից։
Մի քանի ամիս շարունակ միջնորդների միջոցով կապեր են հաստատվել մարդկանց հետ, որոնք շատ բան գիտեն խողովակաշարի պայթյունի մասին։ Հանդիպումները մոտ են։ Բայց նախ՝ սպասում հյուրանոցում, որը գտնվում է Ուկրաինայի ներքին հետախուզության՝ ՍԲՈւ-ի գլխամասի մոտ։ Վերջինս պաշտպանված է զրահապատ տեխնիկայով և անցակետերով։
Հաջորդ օրվա երեկոյան մեզ հետ կապ է հաստատում մի տղամարդ, որը ներկայանում է կեղծանունով։ Այստեղ նրան կանվանենք Անդրեյ։ Նա շատ մոտ էր «Հյուսիսային հոսքի» վրա հարձակման նախապատրաստմանը, հատուկջոկատային գործողությունների փորձագետ է։ Անդրեյը ցանկանում է հանդիպել՝ պատմելու «Տրամագիծ» անվանմամբ օպերացիայի մասին։ Ավելի ուշ ստացվում է ևս մեկ զգուշացում՝ հյուրանոցը կարող է գաղտնալսվել։
Հաջորդ օրվա առավոտյան ժամը 10-ից քիչ անց հյուրանոցի մոտ հայտնվում է VW մեքենա։ Անհայտ տղամարդը՝ Անդրեյը, նստած է ղեկին․ բարձրահասակ է, մարզավիճակում, կարճ սանրվածքով, սև շապիկով և արևային ակնոցներով։ Մանրամասներն այստեղ հնարավոր չէ նկարագրել։ Նրա կողքին է նստած մորուքով մի տղամարդ՝ կապույտ երակներով նախշված բազուկներով։ Անդրեյը խոսում է ուկրաիներեն, իսկ օգնականը՝ անգլերեն և թարգմանում է։ Բջջային հեռախոսները պետք է անջատված լինեն։
«Հյուսիսային հոսքը» ռազմական նպատակ էր», — ասում է Անդրեյը։ Նա դա համարում է օրինական ինքնապաշտպանության ակտ։ Գերմանիան, ըստ նրա, չի տուժել։ Խողովակաշարը Մոսկվայի համար «կաթնատու կով» էր։ Անդրեյը ծանոթ է բազմաթիվ մանրամասներին, սակայն ինքն անձամբ պատասխանատու չի եղել պլանավորման և ռազմավարության համար։ Դա, ըստ լուրերի, այլ մեկի պարտականությունն է եղել։ Պետք է նրա հետ ևս զրուցել։
49-ամյա Ռոման Չերվինսկին շատերի համար Ուկրաինայում հերոս է։ Նա երկար տարիներ աշխատել է անվտանգության ծառայությունում և եղել ՍԲՈւ հակահետախուզության բաժնի ղեկավարներից մեկը։ Ավելի ուշ անցել է զինվորական հետախուզության (ԳՈւՌ)։
Չերվինսկին պատասխանատու է եղել ամենահանդուգն գործողությունների համար։ Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ նա է «Տրամագիծ» օպերացիայի կազմակերպիչը։
Մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչ կարող է ասել Չերվինսկին այս մասին։ Նախկինում նա փաստաբանի միջոցով հերքել է իր ներգրավվածությունը։ Անձամբ զրուցել Չերվինսկու հետ դժվար է։ Նա տնային կալանքի տակ է և ոտնաշղթա է կրում։ Արդեն մեկ տարուց ավելի է՝ նա կալանքի տակ է։ Կալանքի ժամանակ Չերվինսկու առողջությունը վատթարացել է։ Հայտնի է, որ նա պարբերաբար բուժում է ստանում հիվանդանոցում։ Եթե իմանանք, թե երբ նա ընդունելության է, հնարավոր կլինի փորձել հանդիպել նրան։ Նրա բնակարանը, ըստ վստահելի աղբյուրների, գտնվում է հսկողության տակ։
Ամառվա վերջին օրերից մեկում SPIEGEL-ի լրագրողները նստած են Կիևի հիվանդանոցներից մեկի մուտքի մոտ։ Վերջապես բուժհամակարգի սենյակից դուրս է գալիս նիհար, ցածրահասակ տղամարդ՝ հյուծված դեմքով և նոսրացող մազերով։ Նրա աջ կոճին երևում է էլեկտրոնային ոտնաշղթա։
Լրագրողները մոտենում են նրան։ Չերվինսկու ձեռքսեղմումը թույլ է։ Սկսվում է զրուցակից խոսակցություն։ Այնուհետև հարցնում են․ «Կհանդիպե՞ք մեզ հետ՝ «Հյուսիսային հոսքի» վրա հարձակման մասին խոսելու համար»։
«Ես նախընտրում եմ չխոսել այս թեմայի մասին… Բայց մի բան կարող եմ ասել․ հարձակման հետևանքները բարերար էին ոչ միայն Ուկրաինայի, այլև Գերմանիայի համար», — պատասխանում է Չերվինսկին։ Նրա խոսքով՝ վերջապես Գերմանիային հնարավոր չէ շանտաժի ենթարկել։ Նա դա համարում է սաբոտաժ՝ որպես ազատագրության ակտ։
Իսկ գերմանական հետաքննությո՞ւնը։ «Հետաքննողներն իրենց գործն են անում։ Բայց նրանք օգնում են Ռուսաստանին։ Նա, ով պայթեցրեց խողովակաշարը, հարձակվեց ռազմական օբյեկտի վրա», — ասում է նա։ Սա, ըստ նրա, օրինական ակտ էր պատերազմի ժամանակ։ «Ոչ ոք չի զոհվել կամ նույնիսկ չի վիրավորվել»։ Այնուհետև նա հրաժեշտ է տալիս։ Հիվանդանոցի մոտ նրան սպասում է վարորդով մեքենա։
Երկար ժամանակ Ռոման Չերվինսկին եղել է Ուկրաինայի անվտանգության մարմինների մի խմբի անդամ, որը համարվում էր խիստ գաղտնի և ստեղծված ամերիկյան գործակալների կողմից։ Քանի որ ուկրաինական ծառայությունները լցված էին ԿԳԲ-ի նախկին աշխատակիցներով, ամերիկացիները դեռ շատ տարիներ առաջ փնտրում էին վստահելի մարդկանց, որոնց կարելի էր պատրաստել` հեռու ռուսական տեղեկատուներից։ Ամենակարևոր նպատակը գործողունակ դիվերսիոն ստորաբաժանումներ ստեղծելն էր։ Չերվինսկին նրանցից մեկն էր, ինչպես նաև նրա երկարամյա ղեկավարը՝ ուկրաինական ռազմական հետախուզության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վասիլի Բուրբան։
Այս մարդիկ վերապատրաստվել են ԿՀՎ-ի կողմից։ Նրանց սովորեցրել են մտածել մեծամասշտաբորեն։ Ըստ զրուցակիցների՝ արդեն 2019 թվականին հետախուզության աշխատակիցները քննարկել են խողովակաշարը ոչնչացնելու հնարավորությունը։ Պլաններն այդ ժամանակ չեն իրականացել, իսկ հետո Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա և շարժվել դեպի Կիև։ Նախ պետք էր հետ մղել Մոսկվայի զորքերը։
Երբ մայրաքաղաքի համար մարտերը ավարտվին հասան, հին մարտիկները վերստին միավորվեցին։ Այժմ նրանք ցանկանում էին նվիրվել իրենց ամենահմուտ գործին՝ գաղտնի գործողություններին Ռուսաստանի դեմ, պատվերով սպանություններին, դիվերսիաներին և հարձակումներին՝ ճակատային գծից շատ հեռու։
2022 թվականի գարնանից հատուկջոկատայինները սկսում են հավաքվել Կիևում գաղտնի վարձակալված գրասենյակներում։ Կոնկրետ հետազոտությունները սկսվում են 2022 թվականի ապրիլին։ Որքան խորն է ջրի տակ և որտեղով են անցնում չորս խողովակաշարերը։ Որքան է դրանց տրամագիծը, ինչ հաստությամբ է պողպատը, որից դրանք պատրաստված են։ Միայն ջրի մակարդակից 50 մետրից ավել խորության վրա պայթյունն է համարվում արդյունավետ․ ռուսները այդ խորության վրա չեն կարող վերացնել վնասները։
[Շարունակելի]
Աղբյուրը`
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը