Միջազգային

ԱՄՆ-ը Թուրքիային Ստիպում Է Հեռանալ Ռուսաստանից

ԱՄՆ-ը, հավանաբար, Թուրքիայի համար խնդիրներ է հարուցում, որպեսզի խոչընդոտի ԲՐԻԿՍ-ին նրա անդամակցությանը, հնարավորություն չտա, որպեսզի ռուս-թուրքական համագործակցությունը խորանա եւ ինստիտուցիոնալ մակարդակի հասնի:

Վահրամ Աթանեսյան

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների նոր փաթեթ է կիրառել Ռուսաստանի «Գազպրոմբանկի» եւ արտերկրում նրա վեց մասնաճյուղերի դեմ: Այդ սահմանափակումը լուրջ խնդիրներ է առաջացրել Թուրքիայի համար:
«Մենք վճարում կատարելու հնարավորություն չունենք, իսկ դա նշանակում է, որ չենք կարող ապրանք գնել: Այժմ ձմեռ է, մեզ գազ է պետք, գազը պետք է նաեւ արդյունաբերությանը»- կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը:
Թուրքիան Ռուսաստանի գազի առաջատար գնորդներից է, ներկրված ծավալների մի զգալի մասն արտահանում է Եվրամիության երկրներ: Դա ոչ միայն հավելյալ արժեք ստեղծելու, այլեւ Եվրոպայի հետ հարաբերություններում քաղաքական դիվիդենտների, մյուս կողմից Մոսկվայի նկատմամբ որոշակի ազդեցության հնարավորություն է: Թուրք նախարարի կարծիքով՝ Միացյլալ Նահանգներն ռուսական գազի գնման հարցում Անկարայի համար պետք է արտոնություններ սահմանի: Այլ կերպ ասած, նա հույս ունի, որ ԱՄՆ նոր վարչակազմը կվերանայի Ջո Բայդենի սահմանած պատժամիջոցները կամ նվազագույնը «պատուհան» կտա, որ Թուրքիան հիմնական սահմանափակումները շրջանցի:
«Եթե այդ արտոնությունները չսահմանվեն, ուրեմն Միացյալ Նահանգների թիրախը ոչ թե «Գազպրոմն» է, այլ՝ Թուրքիան»- մեկնաբանել Արփարսլան Բայրաքթարը:
Թե ինչ ենթատեքստ ունի այդ դիտարկումը, ծավալուն եւ համակողմանի քննարկման նյութ է: Բավական է միայն ասել, որ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հռչակել է Թուրքիայի նոր դար եւ ձգտում է իր երկիրը հասցնել աշխարհաքաղաքական ինքնուրույն բեւեռի կարգավիճակի: Ռուս-թուրքական վերջին տասնամյակի համագործակցությունը հիմնականում նպաստել է այդ հավակնության ամրապնդմանը: Եթե ԱՄՆ սահմանած պատժամիջոցները կիրառելի մնան նաեւ Թուրքիայի նկատմամբ, ապա կասկածի տակ կմնա «թուրքական հաբ» նախագծի իրացումը: Իսկ դա Էրդողանի իդեա-ֆիքսն է՝ երկիրը դարձնել էներգակիրների դեպի Եվրոպա տարանցման հանգուցակետ, որտեղ կհատվեն ռուսաստանյան «Թուրքական հոսքը» եւ ադրբեջանական «Հարավային գազային միջանցքն» ու մերձավորարեւելյան խողովակաշարը:
Թուրքիան հայտարարել է, որ Սեւ ծովի ջրային տարածքներում գազի հանքավայրեր է հետախուզել, նման պաշարներ հաստատվել են նաեւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում: Թուրքիան այդ հանքավայրերի շահագործմանը մասնակցելու հավակնություն ունի եւ Հունաստանի ու Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարգավորման է ձգտում այդ նպատակով:
Ի՞նչ ծրագիր ունի Միացյալ Նահանգները, որ փաստացի Թուրքիայի համար Ռուսաստանի հետ ֆինանսական հարաբերություններում խոչընդոտներ է ստեղծում: Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս մասնակցել է ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին, ներկայումս քննարկվում է այդ կառույցին Թուրքիայի անդամակցության հարցը: ԱՄՆ-ը, հավանաբար, Թուրքիայի համար խնդիրներ է հարուցում, որպեսզի խոչընդոտի ԲՐԻԿՍ-ին նրա անդամակցությանը, հնարավորություն չտա, որպեսզի ռուս-թուրքական համագործակցությունը խորանա եւ ինստիտուցիոնալ մակարդակի հասնի: Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան ձգտում է անդամակցել Եվրամիությանը, մնում է ՆԱՏՕ-ի անդամ եւ Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակից:
Բայց քաղաքականության մեջ հետեւում են ոչ այնքան խոսքերին, որքան՝ կոնկրետ քայլերին: Իրական քաղաքական ռեժիմում Թուրքիան Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի դեմ գրեթե ոչ մի քայլ չի ձեռնարկում: Փոխարենն Անկարան ՆԱՏՕ-ից, Միացյալ Նահանգներից եւ Եվրամիությունից տնտեսական առաջընթացին նպաստելու, տեխնոլոգիական եւ ռազմական աջակցության լուրջ ակնկալիքներ ունի: Վաշինգտոնը, կարծես, չափազանց սառը պայման է առաջադրում. «Թուրքիան այդ աջակցությունը կստանա, եթե Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության չգնա»:
Ի՞նչ որոշում կընդունի Էրդողանը՝ դժվար է ասել:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *