Միջազգային

Սիրիայում Ռուս-Թուրքական Գործա՞րք Է, Թե Դիմակայությու՞ն

Իսրայելը «Հեզբոլլայի» հարցում ռազմավարական սխալ հաշվարկ է կատարել: Լրջորեն թուլացնելով այդ կառույցի ռազմական ներուժը, Նաթանյահուի կառավարությունը Սիրիայում թուրքամետ ընդդիմությանը գործելու բացառիկ հնարավորություն է ընձեռել, եւ Էրդողանն այդ շանսը չէր կարող բաց թողնել:

Վահրամ Աթանեսյան

«Տարածաշրջանային եւ գլոբալ հակամարտությունները միահյուսվել են, Ուկրաինա, Գազա, Լիբանան՝ հիմա այստեղ են, «դարսդարսվել են» Հալեպում»- ասել է Վաշինգտոնի մերձավորարեւելյան քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Էնդրյու Թաբլերը: Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին շրջանում նա Սիրիայի հարցերով Սպիտակ տան խորհրդական է եղել:

Նրա գնահատմամբ՝ այդ հակամարտության մեջ Սիրիան «երկրորդ պլանի դերակատար է», իսկ ուղղակիորեն ներգրավված են Ռուսաստանը, Իրանը եւ «Հեզբոլլան»: Էնդրյու Թաբլերն այդ մեկնաբանությունն արել է ամերիկյան «Wall Street Journal» պարբերականի խնդրանքով: Նա գտնում է, որ «եռյակը ծանր հարված է ստացել, իսկ Թուրքիան շահել է՝ որպես սիրիական ընդդիմության գլխավոր հովանավոր»:

Վաշինգտոնի Բրուկինգսի ինստիտուտի Թուրքիայի հարցերով փորձագետ Ասլի Այդինթաշբաշն ավելի կոնկրետ է արտահայտվել. «Ռուսաստանը եւ Իրանը թուլացած են, «Հեզբոլլան»՝ պարտված: Դա Թուրքիայի համար հսկայական հնարավորություն է, որից նա անմիջապես օգտվել է»: Այդինթաշբաշը համարում է, որ Թուրքիան ձգտում է մերձավորարեւելյան դոմինանտության, ինչն անհանգստացնում է Իսրայելին, որ «առայժմ ուշադրությամբ հետեւում է իրադարձություններին»:

Ստացվում է, որ Իսրայելը «Հեզբոլլայի» հարցում ռազմավարական սխալ հաշվարկ է կատարել: Լրջորեն թուլացնելով այդ կառույցի ռազմական ներուժը, Նաթանյահուի կառավարությունը Սիրիայում թուրքամետ ընդդիմությանը գործելու բացառիկ հնարավորություն է ընձեռել, եւ Էրդողանն այդ շանսը չէր կարող բաց թողնել:

Բաքվի իշխանական լրատվամիջոցը, վկայակոչելով սիրիական ընդդիմությանը մոտ աղբյուրի, հավանական է համարում, որ Հալեպում «ձեւավորվի այլընտրանքային իշխանություն»: Արաբական լիգայի երկրների հայտարարությունը, որ սատարում են Բաշար Ասադի կառավարությանը եւ Սիրիայի ամբողջականությանը, թերեւս, հասցեագրված է Թուրքիային, որպեսզի Անկարան գայթակղություն չունենա, թե Հալեպում իր կողմից կազմավորած «իշխանությունը» կարող է արաբական աշխարհում ճանաչվել:
Թուրքիան արտաքին գործերի նախարարի մակարդակով հայտարարել է, որ Սիրիայի «իրադարձությունների հետ հետ» ոչ մի կապ չունի: Դիվանագիտական նահանջի տեղ թողնված է, բայց անկասկած է, որ Էրդողանը փորձելու է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, արաբական երկրների եւ Իսրայելի հետ հարաբերություններում «արդարացի բաժին» պահանջել:

Ի՞նչ ընթացք կունենա սիրիական ճգնաժամը՝ դժվար է կանխատեսում անել: Աչքի է զարնում այլ իրողություն. ամիսներ շարունակ Ռուսաստանի երկու հատուկ ծառայությունները՝ ԱԴԾ-ն եւ ԱՀԾ-ն, տեղեկատվա-քարոզչական տեռորի են ենթարկում հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր երկրներին, -Ադրբեջանը բացառություն է կազմում,- եւ Արեւմուտքին՝ նրանց մեղադրելով «երկրորդ ճակատ բացելու դավադրության» մեջ, բայց Մոսկվան այն փաստացի ստացել է Սիրիայում:

Ռուսաստանը չէ՞ր կարող կանխել սիրիական սրացումը, գործ ունենք ռուս-թուրքական դիմակայությա՞ն, թե՞ եւս մեկ գործարքի հետ: Երկրորդ «շերտով», գուցե, արժե հարցադրում անել՝ Պուտի՞նն է «ուրանում» Ասադին, թե Ասա՞դն է փորձել ուրանալ Պուտինին: Ասադը Նաթանյահուի՞ «հե՞տ է», թե՝ Էրդողանի՞: Եւ ինչու՞ են գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրները միահյուսվել հենց Սիրիայում, այն էլ՝ Միացյալ Նահանգների իշխանափոխության շրջանում։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *