Մինչև այդ պայմանները չկատարվեն կամ մինչև Թրամփը չգտնի Պուտինին բանակցությունների դրդելու ձև, խրամատային մարտերը և ռուսական հրթիռային հարվածները կշարունակվեն, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը կերգի Սուրբ Ծննդյան երգեր։
Spectator
1914 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին բրիտանացի և գերմանացի զինվորները վայր դրեցին զենքերը և անցան խրամատները՝ նվերներ փոխանակելու, զոհվածներին հուղարկավորելու և նույնիսկ ֆուտբոլ խաղալու համար։ Դա մի կարճատև և հուզիչ զինադադար էր Առաջին համաշխարհային պատերազմի սարսափների ֆոնին։
Այս շաբաթ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը փորձեց կրկնել բարի կամքի այդ ոգին՝ առաջարկելով խորհրդանշական Սուրբ Ծննդյան զինադադար և գերիների փոխանակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Նա զանգահարեց Վլադիմիր Պուտինին, մեկ ժամ զրուցեց նրա հետ, ապա միավորվեց Կրեմլի հետ՝ Սուրբ Ծննդյան զինադադարի մերժման համար մեղադրելով Վլադիմիր Զելենսկուն։ Ի՞նչ տեղի ունեցավ իրականում։
Բուռն խոսակցություն սկսվեց այն բանից հետո, երբ Զելենսկին քննադատեց Օրբանին՝ Պուտինի հետ Ուկրաինայի թիկունքում կոնֆլիկտը քննարկելու համար։ Նա X հարթակում անդրադարձավ Հունգարիայի վարչապետին՝ ասելով. «Բոլորս հույս ունենք, որ [Օրբանը] գոնե չի զանգահարի Ասադին Մոսկվայում՝ լսելու նրա ժամանոց դասախոսությունները»։
Հունգարիայի վարչապետը վիրավորվեց՝ հայտարարելով, որ Զելենսկին «ակնհայտորեն մերժել է» Սուրբ Ծննդյան զինադադարը՝ չնշելով Պուտինի արձագանքը։ Կրեմլը արագ հայտարարություն տարածեց՝ ևս Ուկրաինային մեղադրելով։
Սակայն Զելենսկին չէր կարող մերժել այն, ինչի մասին չէր տեղեկացված։ Նրա խորհրդական Դմիտրի Լիտվինը հայտնել է, որ հունգարական կողմը ոչինչ չի քննարկել Կիևի հետ։ «Ինչպես միշտ, Ուկրաինան չի լիազորել Հունգարիային իրեն որևէ կերպ ներկայացնելու», — ասել է Լիտվինը։ «Մեզ անհրաժեշտ է իրական խաղաղություն, այլ ոչ թե փիառ-ակցիաներ, և ամուր անվտանգության երաշխիքներ, այլ ոչ թե դատարկ խոսակցություններ»։ Նա հավելել է, որ Ուկրաինան բանակցում է տարվա վերջում գերիների մեծ փոխանակման շուրջ, և Օրբանը դրանցում չի մասնակցել։
Հրադադարը վերջին բանն է, որ Պուտինը ցանկանում է հիմա։ Ամեն օր մինչև 2000 ռուս զինվոր վիրավորվում կամ զոհվում է՝ փորձելով Ուկրաինայի ուժերին դուրս մղել Կուրսկի մարզից և հնարավորինս շատ տարածք գրավել՝ մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը։
Զոհերը արդարացվում են. անցած ամիս ռուսական ուժերը հինգ անգամ ավելի շատ տարածք են գրավել, քան ամբողջ նախորդ տարվա ընթացքում, ուստի ինչո՞ւ Պուտինը պետք է դադարեցնի դրանք։
Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքի ճակատագիրը, որն աշխարհին նվիրեց «Կոլյադի» մեղեդին, կախված է թելից։ Պոկրովսկում գազամատակարարումը դադարեցվել է, իսկ Ուկրաինայի խոշորագույն պողպատի արտադրողը դադարեցրել է գործարանի աշխատանքը՝ ռուսական զորքերի մոտենալու պատճառով։
Տասը տարի առաջ Ուկրաինան կորցրեց իր ածխահանքերի 80%-ը, երբ Մոսկվան վերահսկողություն սահմանեց Դոնեցկի և Լուգանսկի մարզերի մի մասի վրա՝ դարձնելով Պոկրովսկը կոքսային ածխի հիմնական աղբյուրը։ Երբ քաղաքը ընկնի, Ուկրաինայի պողպատի արտադրությունը կկրճատվի կիսով չափ, ինչը լրջորեն կազդի զենքի արտադրության վրա։
Ռուսաստանը կդադարեցնի ռազմական գործողությունները և կսկսի բանակցությունները միայն այն դեպքում, եթե Կիևը ընդունի «տեղում իրավիճակը» և Պուտինի՝ հունիսին ներկայացրած պայմանները, ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի։ Զելենսկուն առաջարկվում է զորքերը դուրս բերել Ուկրաինայի չորս շրջաններից և հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններից։ Բոլոր արևմտյան պատժամիջոցները պետք է հանվեն։
Մինչև այդ պայմանները չկատարվեն կամ մինչև Թրամփը չգտնի Պուտինին բանակցությունների դրդելու ձև, խրամատային մարտերը և ռուսական հրթիռային հարվածները կշարունակվեն, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը կերգի Սուրբ Ծննդյան երգեր։ Օրբանը միայն մեկ բանում է ճիշտ. սա, անկասկած, կոնֆլիկտի ամենավտանգավոր շաբաթներն են։
Աղբյուրը` Spectator
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը